ՆՇՎԵՑ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ՆՇՎԵՑ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

1602

18 տարեկան Խաչիկ Աբաջյանը շուրջ 5 տարի «Վորլդ Վիժն Հայաստանի» կամավորն է: Նա ներգրավված է եղել կազմակերպության տարբեր աշխատանքներում, մասնակցել է մի շարք դասընթացների, իրականացրել է միրոցառումներ երեխաների և ծերերի համար:

«Ամանորի նախաշեմին այցելել ենք սոցիալապես անապահով ընտանիքներ, ծերերի բնակարաններ՝ մեզ հետ տանելով քաղցրավենիք և հագուստ: Շատ հետաքրքիր են անցնում բակային և ամառային ճամբարները, որին մասնակցում են բազմաթիվ երեխաներ և պատանիներ: Չենք մոռանում առողջ ապրելակերպի տարածման մասին», – ասում է Խաչիկը:

Կամավորական փորձ կուտակելով` Խաչիկն իր ընկերների հետ ստեղծել է  «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամը:

Դեկտեմբերի 5-ին Խաչիկը բազմաթիվ այլ կամավորների նման եկել էր «Դաբլթրի բայ Հիլթըն» հյուրանոց, որտեղ նշվում էր կամավորների միջազգային օրը:

Միջոցառումը կազմակերպել էին Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ն, Դեպի Հայք Հիմնադրամը և Հայ Կամավորների միությունը:

Միջոցառման ընթացքում շուրջ 25 հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ խոսեցին կամավորության դերի և նշանակության մասին։

Կամավորության շնորհիվ անձը ձևավորում է իր մեջ ծառայություն մատուցելու, արարելու ներքին տրամադրվածություն, մարդկային ցավի նկատմամբ ամուր բարոյական արժեքներ և թիմային աշխատանքի հմտություններ: Կամավորությունը խրախոսվում է ողջ աշխարհում, քանի որ կամավորները սովորում են լինել համերաշխ, նախաձեռնող, կարգապահ, զարգացնում են լավ հաղորդակցման հմտություններ և ձևավորում են ներանձնային հարաբերություններ, ինչպես նաև ուժեղանում է հոգատարությունը իրենց իսկ և ուրիշների նկատմամբ:

Կամավորների միջազգային օրվա միջոցառմանը բացման ելույթով հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բիերվիրթը: Նրա խոսքով կամավորները իրենց անգնահատելի ներդրումը ունեն Հայաստանի զարգացման գործում։

Կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակնում անցկացվեց նաև «Կամավորական հնարավորությանունների տոնավաճառ 2016»-ը, որի ընթացքում շուրջ 800 երիտսարդներ ծանոթացան Հայաստանում կամավորության հնարավորությանուններին:

Այս տարի կամավորության միջազգային օրվա նկատմամբ գրանցվեց աննախադեպ հետաքրքրություն: Շուրջ 1500 երիտասարդներ ընդգրկվեցին օրվա ընթացքում կազմակերպվաց բոլոր միջոցառումներին:

«Ես շատ ուրախ եմ, որ հիմա կամավորական աշխատանք անող մարդկանց թիվը Հայաստանում անհամեմատ շատացել է, ու շատերն են արդեն այն դիտարկում որպես աշխատանքային փորձ կամ առավելություն աշխատանքի անցնելուց։ Երբ ես էի ուսանող, ոչ մեկ կամավորությանը լուրջ չէր դիտարկում ու ժամանակի վատնում էր համարում, չնայած հիմա էլ քիչ չեն այդպես մտածողները, բայց փաստ է, որ վաղը տեղի ունենալիք Միջազգային կամավորության օրվա շրջանակներում կազմակերպվելիք Volunteer Opportunity Fair–ին մասնակցելու համար 800-ից ավել երիտասարդ է գրանցվել մայրաքաղաքից ու տարբեր մարզերից և 20-ից ավել կազմակերպություններ են ներկայացված լինելու՝ մոտ 150 ներկայացուցիչներով։ Կարծում եմ սա քիչ թիվ չէ արդեն»,- դեռ նախօրեին նշում էր ծրագրի կազմակերպիչներից Նելլի Լակաֆեին:

«Երիտասարդը ներդնում է իր գիտելիքն ու ժամանակը՝ հանուն հասարկության բարօրության։ Ամեն ինչ կամավոր հիմունքներով, իսկ արդյունքում՝ երիտասարդը զարգանալով ու ձեռք բերելով փորձ՝ հեշտությամբ գտնում է աշխատանք։ Մենք՝ կամավորներս առավելություն ունենք մյուս երիտասարդների համեմատ, քանի որ ստանում ենք հնարավորություն՝ մասնակեցելու տեղական, ինչպես նաև միջազգային միջոցառումներին»,- ասում է Խաչիկը:

1985 թվականին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից դեկտեմբերի 5-ը հայտարարվեց Կամավորների միջազգային օր։ Առ այսօր ամեն տարի աշխարհի տարբեր երկրների կառավարությունները, միջազգային կազմակերպությունները և քաղաքացիական-հասարակական կազմակերպությունները համախմբում են կամավորներին՝ նշելու այս օրը, որը հնարավորություն է տալիս կամավորահեն կազմակերպություններին և անհատ կամավորներին՝ միավորելու իրենց ջանքերը հանուն տարածքային, ազգային և միջազգային զարգացման:

 

Անի Դավթյան

2-րդ կուրս

Կիսվել