Երեկվա դեպքերից հետո Ախալքալակում ուժեղացված հսկողություն է սահմանվել

Երեկվա դեպքերից հետո Ախալքալակում ուժեղացված հսկողություն է սահմանվել

677

Ախալքալակում երեկվա դեպքերից հետո իրավիճակը դեռևս չի հանդարտվել: Ականատեսներից մեկը Journalist.am-ի թղթակիցին պատմել է, որ վիճակը շատ լարված է եղել, քանի որ երեկ ամբողջ օրն Ախալքալակի տարբեր մասերում կռվի մասնակիցների ըկերները, բարեկամները փորձել են հաշվեհարդար լինել։ Տեղացին պատմել է, որ չեն հասկացել՝ ինչ է կատարվել, սկզբում ձայներ են լսվել հետո կրակոցներ, բայց չեն պատկերացրել, որ իրավիճակի այդչափ սրացում կլինի։ Ասում է՝ տեղացիների համար կատարվածը շատ զարմանալի է, վեճի այսպիսի հանգուցալուծման իրենք դեռ ականատես չէին եղել։ 
Երեկվանից բոլորին հետաքրքիր է մեկ բան՝ ինչը կարող էր Ախալքալակում քաոսային իրավիճակի ստեղծամն պատճառ լինել։  Նախնական տեղեկություններով՝ կուլիկամցի երեք եղբայները և ծնունդով դիլիսկացի Ս․Գ-ն տարիներ առաջ ունեցել են վիճաբանություն, որի հետևանքով եղել է երեկվա թեժ բախումը։

Հիշեցնենք, որ երեկ Ախալքալակի Նալբանդյան և Մյասնիկյան փողոցներում հնչել են կրակոցներ,  այրվել են տներ և հյուրանոց։ Այսօր առավոտյան Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ-ի 108 և 236-րդ հոդվածների 3-րդ և 4-րդ մասերով։ 
Հայտնի է, որ հրազենային մահացու վիրավորում ստացողը  Կուլիկամ գյուղի բնակիչ Վ․Մ-ն է, (ծնված 1993թ)։ Սպանության մեղադրանքով արդեն ձերբակալվել է ծնունդով դիլիսկացի Ա․Գ-ն (ծնված 1983թ), ըստ նախնական տվյալների՝ ձերբակալվածը «ԱրտՍեգ» հյուրանոցի սեփականատերերից է։ Վերջինիս արձակած կրակոցից հետո Դիլիսկա գյուղի բնակիչները այրել են վերոնշյալ հյուրանոցը։

Փոխնախարարը հայտնեց, որ  իրականացվում է ինտենսիվ հետաքննություն՝ խմբակային բռնությունների իրականացման և կազմակերպման մեղավորներին գտնելու համար։ Հասարակական կարգը պահպանելու նպատակով Ախալքալաքում երեկվանից մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ և ոստիկանական ուժեր։ Երեկ  մամուլում լուրեր էին տարածվել նաև այն մասին, որ գիշերվա ընթացքում ոստիկանան ուժերը հսկողություն են սահմանել նաև Կուլիկամ գյուղում, քանի որ սպանվածի հարազատները հանդես են եկել վրեժի կոչերով, սակայն այս մասին դեռևս  պաշտոնական տեղեկատվություն չկա։

Հեղինակ՝ Աննա Ափոյան

Կիսվել