ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԿԳՆ-Ն ԹԵԹԵՒԱՑՆՈՒՄ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԿԳՆ-Ն ԹԵԹԵՒԱՑՆՈՒՄ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

4446

12-րդ դասարանի աշակերտները այլևս ստիպված չեն լինի դպրոցում ուսումնասիրել ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաները: Կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով սահմանվում է 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը: Հրամանագրի բուն էությունն այն է, որ այսուհետ 12-րդ դասարանում սովորող աշակերտն իրավասու է ընտրել այն առարկաները, որոնք ցանկանում է ուսումնասիրել երկրորդ կիսամյակում: Նոր հրամանագիրը կարծես թե մեծ բանավեճ չառաջացրեց, թեև ենթադրում է ժամաքանակների կրճատում: Խոսքը հետևյալ դրույթի մասին է՝

«Եթե հաստատության ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկա (ներ) դասարանի սովորողներից ոչ մեկը չի ընտրել, ապա այդ առարկային(ներին) ուսպլանով հատկացված ժամաքանակը վերաբաշխվում է տվյալ դասարանի սովորողների կողմից ընտրված ուսումնական առարկաներին, և կազմվում է տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի ուսումնական պլանը»:

ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքով՝ փոփոխությունները կատարվել են՝ հիմք ընդունելով դպրոցականների և ծնողների բողոքները: Նախորդ ուսումնական պլանը հնարավորություն չէր տալիս աշակերտներին կենտրոնանալ այն առարկաների վրա, որոնք անմիջական կապ ունեն նրանց մասնագիտական կողմնորոշման հետ: Նարինե Հովհաննիսյանից փորձեցինք պարզել՝ արդյոք հնարավոր չէր մշակել որևէ այլընտրանքային տարբերակ, որպեսզի ուսուցիչները չտուժեին: «Ժամաքանակների կրճատումից ուսուցիչների տուժելը այլ խնդիր է: Մենք հիմա երեխայի հարցն ենք լուծում, որպեսզի նրա համար երկրորդ կիսամյակը լինի ավելի մատչելի: Այդպիսով փորձում ենք աշակերտին հասցնել իր նպատակին: Եթե աշակերտը ցանկանում է ընդունվել, օրինակ, բանասիրական ֆակուլտետ, ապա երկրորդ կիսամյակում պետք չէ, որ նա ուսումնասիրի, օրինակ, քիմիա: Սա եղել է աշակերտի պահանջը»: Նարինե Հովհաննիսյանը հավելեց, որ ժամաքանակների կրճատման վերաբերյալ որևէ ահազանգ չեն ստացել, քանի որ աշակերտի կողմից առարկայի ընտրությունը նորություն չէ հանրակրթության ոլորտում. «Ժամաքանակի կրճատումը չնչին է: Էական նշանակություն չի ունենա, ուսուցիչներն արդեն դրան սովոր են: Արդեն մի քանի տարի է՝ երեխան երկրորդ կիսամյակում ընտրում է իր ուզած բնագիտական առարկան»: Առաջին հայացքից թվում է՝ նոր կարգն «ուղղված է» կրկնուսույցների ինստիտուտի վերացմանը: Սակայն Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հերքեց դա՝ մատնանշելով մարդու իրավունքի կարևորությունը. «Եթե անգամ երեխաները շարունակեն դիմել կրկնուսույցի օգնությանը, օրենքում որևէ փոփոխություն չի լինի: Դա նրանց ազատ կամքի իրավունքն է: Մենք պարզապես ցանկանում ենք փոխել աշակերտների մտածելակերպը, որպեսզի նրանք հասկանան, որ դպրոցում իրենց համար ստեղծվել են բավարար պայմաններ համապատասխան կրթություն ստանալու համար»:

Վայոց ձորի մարզի Շատին գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Արա Հովհաննիսյանը նոր ընթացակարգում որոշակի շտկումներ կատարելու առաջարկ ունի. ասում է, որ ստեղծված իրավիճակը դասապրոցեսը կազմակերպելիս կարող է բարդությունների հանգեցնել. «Ըստ իս՝ նոր օրենքում պետք է որոշակի հստակություն մտցնել: Նախընտրելի կլիներ՝ նմուշ-օրինակ ուղարկվեր դպրոցներ, որպեսզի դպրոցները ունենային կողմնորոշիչ հիմք՝ հատկապես առարկաներին տրվող ժամաքանակաների առումով, քանի որ ընտրովի համակարգը դասապրոցեսը կառուցելիս լրացուցիչ դժվարություններ է ստեղծում»:
Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի Գիտամեթոդական գծով տնօրենի տեղակալ և ինֆորմատիկայի ուսուցիչ Նորա Մարգարանի համոզմամբ՝ նոր օրենքում գլխավոր բացթողումը վերաբերում է վերաքննություն հանձնելու կարգին. «Այս ձևաչափն էլ կարիք ունի հղկման, բայց, ընդհանուր առմամբ, ինքս դրական եմ համարում փոփոխությունը: Կարծում եմ` դա միանգամայն աշակերտակենտրոն մոտեցում է: Օրինակ` դեկտեմբերին քննութուն հանձնողները հունվարին վերաքննություն հանձնելու հնարավորություն չունեն, պիտի հանձնեն հուլիս ամսին: Ես կառաջարկեի այստեղ մի փոքր շտկում կատարել՝ աշակերտներին հնարավորություն տալով վերաքննություն հանձնել հունվարին»:

Դպրոցականների արձագանքը օրենսդրական փոփոխություններին դրական է. Մեր հարցմանը մասնակցած աշակերտները համոզված են, որ սա լավագույն տարբերակն է աշակերտի «գործը թեթևացնելու» համար: Սակայն կրկնուսույցի դիմելու մտքից չեն հրաժարվում: Ոմանք չեն ցանկանում կիսատ թողնել սեպտեմբերին մեկնարկած պարապմունքները, ոմանք էլ համոզված են, որ դպրոցից դուրս իրենց կապահովեն ավելի բարձր մակարդակի կրթությամբ:  Նունե Վարդանյանը 12-րդ դասարանի աշակերտուհի է: Չնայած նրան, որ կողմ է փոփոխություններին և դրանք համարում է դրական, չի պատրաստվում դադարեցնել  կրկնուսույցի մոտ իր պարապմունքները. «Ամեն ինչ արել են մեր գործը հեշտացնելու համար: Միակ բացասական կողմն այն է, որ մենք դպրոցի ծրագիրը անցնում ենք խտացված: Շարունակելու եմ պարապել կրկնուսույցի մոտ, որովհետև սեպտեմբերից պարապում եմ ու չեմ ուզում կիսատ թողնել: Ինձ թվում է՝ եթե չդիմեի կրկնուսույցի, մեկ կիսամյակում չէի հասցնի»: 11-րդ դասարանցի Աստղ Ավդալյանը կարծում է, որ նոր մեթոդը արդյունավետ է լինելու. «Ավելի նպատակահարմար եմ համարում, որ աշակերտը ուսումնասիրի իր մասնագիտական առարկաները ավելի երկար ժամանակ: Ես անգամ կողմ կլինեի, եթե դպրոցները մինչև 11-րդ դասարան լինեին, ինձ թվում է՝ անիմաստ է մինչև 12-րդ դասարան դպրոց գնալը: Կարծում եմ՝ դպրոցում ստացած գիտելիքներս բավարար չեն բուհ ընդունվելու համար, քանի որ միշտ «ականջի հետև» եմ գցել»:

Ուսուցիչների կողմից զանգվածային բողոքներ նախարարությունը դեռևս չի ստացել: Իսկ թե որքան արդյունավետ կգործեն նոր մեխանիզմները մեր հանրակրթական համակարգում, պարզ կլինի ուսումնական տարվա վերջին:

 

Նելլի Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել