ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՍԹՐԵՍ. ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԴՐԱՆԻՑ

ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՍԹՐԵՍ. ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԴՐԱՆԻՑ

5494

Քննություններ հանձնելու շրջանում ուսանողները հաճախ բախվում են նախաքննական սթրեսն: Լարվածությունը, հուզմունքը, անհանգստությունը քննությունից առաջ բնական են, և, կարծես, առանց դրանց անհնար է: Սակայն, երբեմն դրանք դուրս են գալիս մեր տիրապետումից և խանգարում քննության ժամանակ մեզ դրսևորել լավագույն ձևով:

Ի՞նչ է սթրեսը և ինչի՞ կարող է հանգեցնել

Սթրեսը ոչ միայն նյարդային լարվածություն է, այլ նաև օրգանիզմի պատասխանն է արտաքին փոփոխված պայմաններին: Չափավոր սթրեսը վնասակար չէ: Այն օգնում է իրականացնել ադապտիվ (հարմարվողական) ռեակցիաները: Կարճատև սթրեսի միջոցով մարդիկ կարողանում են հարմարվել արտաքին փոփոխված պայմաններին:

Հոգեբան, հոգեբանական գիտությունների թեքնածու Էլոննա Ավետյանն ասում է, որ նախաքննական սթրեսը հատկապես հանդիպում է ԲՈՒՀ ընդունվողների և առաջին կուրսի ուսանողների մոտ. «Մեր երեխաները ծանոթ չեն այդ ռեժիմին և պատասխանատվությանը: Լարվածության պատճառով նրանք չեն կարողանում կենտրոնանալ և սովորել քննական առարկան: Նկատվում է բարձր տագնապայնություն, լարվածություն, նրանք դառնում են անհանգիստ և դյուռագրգիռ: Չսիրված առարկաների ժամանակ սթրեսն ավելի է արտահայտվում և սպառում մարմինը»,- նշում է հոգեբանը:

Սթրեսի ժամանակ օրգանիզմում արտրադրվող նյութերը նպաստում են ուղեղի աշխատանքի բարելավմանը: Սրանում է հենց նախաքննական շրջանում ուսանողների մեծ մասի մոտ նկատվող սթրեսի օգտակարությունը: Սակայն դրա հարատևությունը ոչ միայն կարող է խանգարել քննությունների նախապատրաստվելուն, այլև առաջացնել լուրջ առողջական խնդիրներ (իմունիտետի ընկճում, գլխացավ, ստամոքս-աղիքային խանգարումներ, տեսողության վատթարացում, գերճնշումային հիվանդություն և այլն):

 Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը

Հոգեբանի խոսքերով` սթրեսի ժամանակ պետք է օգնել, որ մարմինը հարմարվի նոր, անծանոթ պայմաններին: Սթրեսային իրավիճակներում մարդիկ փոխում են իրենց միջավայրը, գտնում են դրական կետեր, որոնք բավարարում են իրենց հոգևոր կարիքներն ու նպաստում ֆիզիկական վիճակի բարելավմանը: Օրինակ` կարելի է առօրյային ավելացնել մի նոր տեսակի գործունեություն` ֆիզիկական վարժություններ, նկարչություն, երգեցողություն, որը կշեղի սթրեսից:

Օրգանիզմի դիմադրության բարձրացման համար անհրաժեշտ է `

  • պահպանել աշխատանքի և հանգստի ռացիոնալ հարաբերակցությանը
  • պոզիտիվ մտածել
  • վարել առողջ ապրելակերպ (ճիշտ սննդակարգ, ֆիզիկական վարժություններ, առողջ քուն)
  • ժամանակին իրականացնել ուսումնական առաջադրանքները, յուրացնել քննական նյութը առանց «հերոսական» ճնշումների:

Նախաքննական սթրեսի առաջացման տարածված պատճառներ

500 ուսանողի շրջանում անցկացրած առցանց լրագրողական հարցման արդյունքում պարզ դարձավ, որ ուսանողներից շատերը յուրացնում են քննական նյութը կամ նյութի մեծ մասը քննության նախօրեին: Առավել տարածված պատճառաբանույթուններից են ուսումնական պրոցեսի ընթացքում դասերով և այլ գործերով ծանրաբեռնված լինելը, իսկ որոշ ուսանողներ պարզապես «հավես չունեն»:

Նախաքննական շրջանում հատկապես կարևորվում է ռեժիմով սնվելը, ճիշտ սննդակարգն ու կանոնավոր քունը: Մասնագետները խորհուրդ են տալիս լավ նախաճաշել, թարմ մրգեր և բանջարեղեն ուտել: Ոչ ոք չի կարող լավ մտածել միայն սուրճ խմելով և շոկոլադ ուտելով, ինչը հաճախ անում են ուսանողները: Վատ քնելը ևս իր բացասական ազդեցությունը կթողնի քննական պրոցեսի ժամանակ, իսկ քննությունից առաջ մի ամբողջ արթուն գիշերը հետքննական շրջանում բավական դժվար կվերականգնվի:

Շատերը կարևորում են քննությունների արդյունքները, որովհետև դրանից է կախված ուսանողի վարձավճարի չափը, զեղչերը, անվճար համակարգում ուսուցումը, մենք չենք ցանկանում հիասթափեցնել մեր ծնողներին, հարազատներին և, վերջապես, ինքներս մեզ: Սակայն պետք է հիշել, որ քննությունը անցողիկ է և շուտով կմոռացվի, իսկ առողջության կորուստը կանհանգստացնի ողջ կյանքի ընթացքում:

Պահպանե՛ք Ձեր առողջությունը:

 

Գայանե Ենոքյան

2-րդ կուրս

Կիսվել