«Իրականում եթե ինձ մի քանի ամիս առաջ ասեին, որ Ան, գիտե՞ս՝ գալու է օր, ու դու քո համար կիսաշրջազգեստ ես կարելու ու հագնես, ամենաքիչը կմտածեի՝ ձեռք են առնում, որովհետև ասեղ թելելու ձևն անգամ չգիտեի»,- այսպես է, կես կատակ, կես լուրջ, իր պատմությունը սկսում ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Աննա Ասմանգուլյանը:
Նրա հետաքրքրությունների ու զբաղմունքների շրջանակը այժմ եկել է լրացնելու հագուստի մոդելավորումը։ Այս բնագավառ մուտք գործելը Աննան կապում է նախախնամության հետ ու հիշում, որ ատամհատիկի ժամանակ վերցրել է գրիչ ու մկրատ։
«Գրիչը լրագրությունն է, մկրատը՝ հագուստի մոդելավորումը։ Անգամ փոքր տարիքում, երբ ընկերուհիներս իրենց տիկնիկների համար հագուստ էին կարում, ես մեքենաներ էի կոտրում՝ տեսնելու, թե ինչ կա ներսում, նույնիսկ տեխնոլոգիայի դասերին, երբ ուսուցչուհիս ասեղնագործություն էր հանձնարարում, ես հարևանուհուս էի խնդրում, որ անի։ Մի խոսքով, էս ամենը, ինչով հիմա տարված եմ, իմ կինոյից չէր»,-ասում է Աննան։
Նա պատմում է, որ մանկուց երազանք է ունեցել իր անունը, որևէ օգտակար ու հաճելի գործի ծառայեցնելով, հայտնի դարձնել և այդ ճանապարհին իրեն փորձել է ֆիլմարտադրության բնագավառում նաև զբաղվել ու զբաղվում է բլոգինգով։
«Իրականում այս ամենի հիմքը հենց մանկության տարիներից է։ Իմ բոլոր ազգականները բավականին հայտնի մարդիկ են՝ բժիշկներ, բառարանագետներ, ու ես միշտ եղել եմ իրենց ստվերում ու ունեցել եմ «գերազանցիկի սինդրոմ»՝ այն է, որ ես պետք է իրենց նման լինեմ, իսկ ես միշտ ձգտել եմ, որ ինձ ճանաչեն որպես Աննա»,-պատմում է Աննան։
«Տարիների ընթացքում այս կոմպլեքսը, եթե կարելի է այդպես ասել, մեծացավ։ Սկզբից նկարվեցի ֆիլմում, սիրահարվեցի այդ ասպարեզին, բայց հասկացա, որ ֆիլմարտադրության մեջ հայտնի դառնալու համար պետք է անտեսել շատ բաներ, որոնք ես չէի կարող։ Սկսեցի նկարել վլոգներ, մեծ հաճույքով անում էի ու էլի եմ անելու։ Արձագանքը շատ լավ էր, բայց համաճարակը սկսվեց, բոլորիս առօրյան նույնը դարձավ, ու ոչ մեկին կարծում եմ՝ չէր հետաքրքրի, թե ես ինչ եմ անում տանը»,-ասում է Աննան։
Ըստ նրա՝ հագուստի մոդելավորմամբ զբաղվելու որոշման մեջ իրեն շատ է օգնել ուժեղ կնոջ իր իդեալը։
«Ինձ համար ուժեղ կնոջ իդեալը Կոկո Շանելն է, ու պատահականության սկզբունքով (չնայած վստահ եմ՝ պատահական ոչինչ չկա) նորից դիտեցի իր մասին պատմող ֆիլմը ու ասացի՝ վերջ, ես գնում եմ կարելու ու երբ չի ստացվում ինչ որ բան, էլի հիշում եմ այդ ֆիլմը, որ չունենալով ոչ մի բան, միայնակ մնալով հանդերձ՝ ինքը չկոտրվեց ու հիմնեց գլխարկների խանութ, իսկ հիմա իմ ու շատ շատերի համար ինքը դարձել է օրինակ, որին պետք է ձգտել»,-նշում է Աննան։
Նրա խոսքով՝ իրեն շատ է օգնել այն հանգամանքը, որ կյանքում ինչ որոշում էլ կայացնի, ծնողներն իր կողքին են և այս պարագայում ևս, չնայած այն հանգամանքին, որ նրանք վստահ էին՝ Աննան շուտ կձանձրանա և հետ կկանգնի բռնած ուղուց, գնացին ուսուցչի մոտ, պայմանավորվեցին և Աննայի կյանքում սկսվեց այն, ինչն այժմ իր առօրյայի անբաժան մասն է կազմում։
«Սկզբում ոչ մի բան չէի հասկանում, ոչ մի բան, ոնց որ չինարեն լիներ։ Հիմա, որ կտորի խանութ եմ գնում, մտովի պատկերացնում եմ, թե այս կտորից ինչ կարող եմ կարել, ինչ չափսերով, ինչ դետալ կարող եմ օգտագործել»,-ասում է Աննան։
«Առաջ մարդու ամբողջ կերպարն էի գնահատում, իսկ հիմա ուշադիր նայում եմ, որ հասկանամ՝ ինչ տեխնիկայով է նախագծված, ինչն է ճիշտ արած։ Մի զվարճալի բան էլ կա, օրինակ՝ տրանսպորտում, որ ինչ-որ մեկը կողքիս նստած է լինում, գժի պես անասելի ուշադիր նայում եմ կարերին, մտածում եմ՝ հիմա կպտտվեն ու թարս կնայեն, կմտածեն հոգեկան խնդիրներ ունեմ»,-կատակում է նա։
Ըստ նրա՝ կարևոր է նաև այն, որ ուսուցիչն էլ է հավատում աշակերտի հաջողությանը և կատարելության ձգտմանը և այդ հավատով թևեր է տալիս աշակերտին։ «Վարպետս իրոք ինձ հավատաց, տեսավ, որ վախով եմ մկրատ վերցնում, առաջին օրը տվեց հաճախորդի շոր, որ կտրեմ, կյանքիս ամենալարված մի քանի րոպեների շարքին կարող եմ հանգիստ դասել այդ րոպեները։ Երրորդ օրը արդեն կիսաշրջազգեստ կարեցի։ Ես սա անում եմ, որովհետև նախ ուզում էի ապացուցել ինքս ինձ, որ ես կարող եմ անել մի բան, ինչը իմը չի ու անել շատ լավ»,-ասում է Աննան։
Ինչպես պատմում է Աննան՝ սկզբնական շրջանի առաջին երեք շաբաթները լի են եղել հակասական զգացողություններով, նրան թվացել է, թե ինքն ապաշնորհ է: Հետո չարչարվել է, աշխատել ինքն իր վրա ու զգացել, որ վերածվում է հրաշագործ վարպետի, ուղիղ կար անելու վրա ծախսել է երեք ժամ, իսկ հիմա երեք ժամում կարում է կիսաշրջազգեստ։
«Սկզբում սովորել եմ ասեղ բռնել, 20 տարեկան աղջիկը կյանքում առաջին անգամ ասեղ է բռնում, պատմական պահ էր, թերևս ինձ համար։ Կխաբեմ, եթե ասեմ՝ ամեն ինչ միանգամից ինձ մոտ ստացվեց, չէ, իրականում ոչ մի բան էլ չստացվեց։ Կտորը բլանդելու համար քանոնով գծում էի, որ ուղիղ լինի ու էլի սխալ էի անում, մեղմ ասած՝ ինձ տխմար էի զգում, բայց մի բնավորության գիծ ունեմ՝ չհանձնվեցի, որ չասեն, վայ Ան, որ ասում էինք չէր ստացվի, չէ պետքա ստացվեր»,-պատմում է Աննան։
«Այնքան ծիծաղելի պահեր են եղել։ Կարի մեքենայի թելը կտրվել է, բայց ես ոգևորվածությամբ կարել եմ, վերջում հանել ու կտորները իրար վրայից ընկել են, շորիկ եմ կարել ու տեսել եմ, որ մի մասը ճիշտ մասով է դրված, մյուսը՝ սխալ ու երեք ժամվա աշխատանքս 2 րոպեում քանդել եմ, ավելի դաժան բան չէր կարող լինել։ Այս ամենը հիմա ծիծաղով եմ հիշում»,-ասում է նա։
«Ամենասքանչելի պահն այն էր, որ մայրիկիս համար կիսաշրջազգեստ կարեցի ու բոլորը գալիս ասում էին՝ որտեղից ես առել, ու ես Մուրադի դեմքով ասում էի՝ ես եմ կարել»,-պատմում է Աննան։
Աննան ուսուցչի հետ պայմանավորվելուց հետո բացեց ինստագրամյան էջ, որովհետև որոշել էր՝ իր կարած, մոդելավորած հագուստը միայն ինքը կամ մայրիկը չեն կրելու, դրանք նաև կարող են կրել ուրիշները և ինստագրամյան էջով սկիզբ դրվեց assi__brand-ին (assi-ն Աննայի ազգանվան առաջին վանկից է)։
«Ինստագրամյան էջը բացել եմ՝ ոչ մի բան անել չիմանալով, սկսել եմ բանդանա կարելուց ու որոշել եմ, որ ինչ կարեմ՝ պետք է ինստագրամում հայտնվի ու արժանանա հանրության գնահատականին, որ նրանք էլ տեսնեն ու ցանկանան կրել։ Մի քանի պատվեր ունեմ, ընկերներս են հիմանակնում եղել։ Բայց վստահ եմ ,որ գաղափարս դեռ երկար կապրի, որովհետև ցանկություններս շատ մեծ են»,-նշում է Աննան։
Աննան ասում է, որ իրեն անգնահատելի օգնության ձեռք է մեկնում մասնագիտությունը՝ լրագրությունը և լրագրողի՝ մարդկանց հետ շփվելու կարողությունը։ «Մասնագիտությունս իրոք օգնում է։ Նախ հաճախորդի հետ շփվելու համար լրագրողի որակները շատ են պետք գալիս, իսկ լրագրության մեջ դու հյուրիդ տեսնում ես ու իր հագուստից անգամ կարող ես կռահել՝ ինչ տիպի մարդ է, ու ինչ մոտեցում ցույց տալ»,-ընդգծում է նա։
Նա նաև շատ պլաններ ունի՝ կապված ապագայի հետ, որոնց մեջ ամենաբաղձալին կոստյումների հավաքածու ունենալն է։ «Ուզում եմ անպայման կոստյուների հավաքածու թողարկել, որոնք կլինեն յունիսեքս՝ և՛ տղամարդու, և՛ կանանց համար։ Ուզում եմ դրանք լինեն շատ մինիմալիստիկ կոստյումներ՝ առաջին հայացքից ոչինչ չասող, բայց միևնույն ժամանակ շատ շքեղ ու ասելիքով լի։ Ու այդ ամենը ստանալու ենք ամենահասարակ ու ամենապարզ դետալի միջոցով։ Ու այդ դետալը կարող ենք փոխարինել, որ տղայի համար նախատեսված կոստյումը դառնա կանացի կոստյում»,-եզրափակեց Աննան։
Նա նաև խոսեց խանութսրահ բացելու մասին, որտեղ կցուցադրվեն իր մոդելավորած հագուստները։
Հեղինակ՝ Դիանա Պետրոսյան
Journalist.am_ը շարունակում է իր հոդվածների շարքը, որտեղ պատմում ենք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի այն ուսանողների մասին, որոնք նման հետաքրքիր նախաձեռնություններով աչքի են ընկնում։ Սպասեք մեր նոր պատմություններին այլ նախաձեռնությունների մասին ևս։
Կարող եք կարդալ նաև մեր նախորդ հոդվածները.
Էթնոգյուղ ստեղծողները. Եղիպատրուշ
Մի պտղունց քաղցրություն. Վարդուկի երազանքը