Մոտ մեկ շաբաթ առաջ «Ֆլեքս» փոխանակման ծրագիրն այս տարի անցած 11-րդ և 12-րդ դասարաններում սովորող աշակերտների մի խումբ բողոքի ձայն բարձրացրեց այն պատճառով, որ ըստ իրենց տեղեկությունների՝ իրենք չէին կարող մեկնել ԱՄՆ՝ սովորելու, քանի որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել:
Ուստի իրականությունը պարզելու համար Journalist.am-ը դիմել է ԿԳՄՍ նախարարությանը, և նախարարությունից ստացված պաշտոնական պատասխանը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
«Ի պատասխան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հասցեագրած Ձեր գրության՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանի սովորողների կրթությունը ԱՄՆ–ում 2020-2021 թթ. հունվարից կազմակերպելու վերաբերյալ, տեղեկացնում եմ հետևյալը.
Գործընթացը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացիալ Նահանգների կառավարության միջև ԱՄՆ կառավարության կրթական փոխանակման ծրագրերին հայ ուսանողների մասնակցության մասին» փոխըմբռնման հուշագրի պահանջների համապատասխան: Ծրագրի մասնակիցները փոխանակման ծրագրերի տևողության ընթացքում ԱՄՆ ուսումնառության ժամանակաշրջանում ՀՀ-ում պահպանում են իրենց՝ աշակերտի կարգավիճակը՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան: «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հարցի կարգավորման նպատակով կազմակերպվել է համատեղ քննարկում, որի արդյունքում՝ Նախարարությունը չի առարկել, որպեսզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ, 11-րդ, դասարանի սովորողները կրթությունը՝ Ֆլեքս ծրագրի շրջանակում շարունակեն ԱՄՆ–ում՝ 2020-2021 թթ. հունվարից:
Ինչ վերաբերում է 12-րդ դասարանի սովորողներին, տեղեկացնում եմ, որ նախարարությունը նպատակահարմար չի գտել նրանց մեկնումը, քանի որ ավարտական դասարանի շրջանավարտ լինելով, պետական ավարտական քննություններ հանձնելու հետ կապված առաջանում են տարաբնույթ խնդիրներ: Նշեմ նաև, որ 12-րդ դասարանի 19 տարին լրացած սովորողը դուրս է մնում ուսումնական հաստատությունից: Հետևաբար, հաշվի առնելով երեխայի կրթություն ստանալու իրավունքը, առաջարկվել է, որպեսզի այս տարվա Ֆլեքս ծրագրին մասնակցած և հաղթած 12-րդ դասարանի սովորողներին, հնարավորություն տրվի մեկնել ԱՄՆ, որոնց 19 տարին չի լրանա ՀՀ վերադառնալիս»:
Մեր հարցման պատասխանը ստանալուց մեկ օր առաջ՝ օգոստոսի 11-ին, աշակերտներից Լիլիթ Հովսեփյանի փոխանցմամբ, հանդիպում է տեղի ունեցել աշակերտներից մի քանիսի և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների միջև:
Ծրագիրն անցած Լիլիթ Հովսեփյանն, ով արդեն 12-րդ դասարանի աշակերտուհի է, մեզ հայտնեց նաև, որ երեկ՝ օգոստոսի 12-ին, «Ֆլեքս» փոխանակման ծրագրից նամակ է ստացել, որում ասվել է, որ թույլ է տրվում մեկնել ԱՄՆ՝ սովորելու 2021-2022թթ: Իսկ 12-րդ դասարանն այս տարի ավարտած Էլիզա Ստեփանյանն, ով ևս ծրագիրն անցած աշակերտներից է, մեզ հայտնեց, որ նույնպես նամակ է ստացել, որով տեղեկացրել են՝ տարիքից ելնելով՝ նա չի կարող մեկնել ԱՄՆ՝ սովորելու:
Պարզաբանում ստանալու նպատակով փորձեցինք նաև կապ հաստատել «Ֆլեքս» փոխանակման ծրագիրի հետ: Մեր հեռախոսազանգին պատասխանողը, ով ներկայացավ ծրագրի ղեկավարի օգնական, հայտնեց, որ ծրագրի հետ կապված հստակ մանրամասները պարզ կդառնան 1 շաբաթ հետո:
Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան