10-րդ դարում կառուցված Հաղարծինի վանական համալիրի հարևանությամբ է գտնվում տեղացիների խոսքով գաթնոցը, որը իսկական գաթա համտեսելու լավագույն վայրերից մեկն է։
Վարդան, ով նախաձեռնել է իրականացնել այդ ամենը, ասում է, որ նախքան Հաղարծինում գործունեություն ծավալելը, այն իր համար արդեն իսկ հոգեհարազատ վայր էր։
«Շատ էի ցանկանում, որ այդ տեղը լինի գեղեցիկ, համապատասխան եկեղեցուն, չէի ուզում, որ լինի միայն ուտելու տեղ, այլ փոքրիկ մի հանգրվան մարդկանց համար, ովքեր եկել են Հաղարծին, կարող են մի փոքր քաղցրավենիք ուտել և թեյ, սուրճ կամ զովացուցիչ մի բան ըմպել»,-ասում է նա։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ այնտեղ լինելը և առաջարկ ստանալը երազանքի նման մի բան էր Վարդայի համար։
«Հաղարծնի գաթան իմ ամենասիրելի ստեղծագործությունը և գործունեություն է»։
Ասում է, որ հավատարիմ են մնացել իրենց կոնցեպտին. ամեն տեղ փորձում են ներկայացնել փուռը, որը ավանդական է, տեղական և յուրօրինակ Հայաստանի հյուսիսի համար։
Ողջ տարածքի շունչը, համը և մթնոլորտը ապահովում են Լուսաբեր ու Սուսաննա տատիկները։ Երկու քույրեր, ովքեր հենց տեղում պատրաստում են գաթաները։ Այստեղ անձնակազմի հիմնական մասը հենց հաղարծնեցիներն են, ինչը թույլ է տալիս ողջ կոլորիտը ներկայացնել նաև տեղի մարդկանցով։
Գաթանները մատուցվում են և՛ ավանդական, և՛ տարբեր տեսակի հավելումներով։
Գաթաների հաջողված համադրությունը ստանալու մեջ օգնում և ոգեշնչում են տեղանքի բույսերը, հատապտուղները, սեզոնային և չոր մրգերը։
Տեղացիների և զբոսաշրջիկների համար ամենասիրելի համադրությունը ծիրանաչրով և Տավուշի սարերի ուրցով պատրաստվող գաթան է։
Հաջորդ ստացված համադրությունը հապալասով ու լիմոնի քերուկով գաթան է։ Բերդի սարերում վայրի հապալաս է աճում, ու այդ հապալասից Հաղարծինում պատրաստում են մուրաբա, որն էլ օգտագործում են գաթայի մեջ:
«Հաղածնի գաթայում» պատրաստում են նաև տարբեր տեսակի պանիրներով ու թարխունով գաթա։
Ամբողջովին գյուղական պանիրների և թարմ թարխունի համադրություն է , որը կրկին շատ սիրված է։
Հիմա վարդի սեզոնն է, և Հաղարծինում վարդի մուրաբաներով գաթաներ են փորձում ստանալ։
«Մարդկանց դուր են գալիս մեր բոլոր այդ ստեղծագործությունները, և որոնք ամենալավն են ստացվում, հետո ներառվում են արդեն հիմնական մենյուի մեջ, ու միշտ ունենում ենք այդ տեսականին», -ասում է Վարդան։
Գաթայից բացի պատրաստում են նաև թերթերուկ, որը Տավուշում ավելի հայտնի է սալի անվամբ։
Այն նույնպես պատրաստում են ավանդական բաղադրատոմսով, սակայն երբեմն հավելումներ են կատարում։
Կան դարչինով, սխտորով և տարբեր կանաչիներով սալիի տեսականիներ։
Տարբեր տեսակի սեզոնային հատապտուղներով, մրգերով, ուրցով այստեղ պատրաստում են զովացուցիչ ըմպելիքներ, որը Հաղարծինում անվանում են սարի լիմոնադ։
«Կապ չունի որտեղից և ինչ ազգության են լինում մեր հյուրերը. սարերի և գյուղերի համն ու հոտը փորձում ենք համապատասխան և յուրահատուկ ձևով փոխանցել բոլորին»,-նշեց Վարդան։
«Հաղարծնի գաթան» զբոսաշրջիկների, տարբեր կազմակերպությունների, խմբերի առաջարկում է գաթայի վարպետաց դասեր, գաթայի թխման դեմոներ, հյուրասիրություն։
Հաղարծինի զբոսաշրջիկները կարող են պատրաստել գաթա, այնուհետև համտեսել այն տնական սերուցքի, մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ:
Հեղինակ՝ Անի Թամրազյան