ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը այսօր «Շանթ»-ին տված հարցազրույցում խոսել է կորոնավիրուսի դեմ ստեղծած ռուսական պատվաստանյութի հավանական արդյունավետության մասին։ Մասնագետի խոսքով՝ ռուսական պատվաստանյութը դեռևս երորրդ փուլ չի անցել, ինչն իրենից ենթադրում է, որ փորձարկմանը պետք է ներգրավվեն մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ։
«Ռուսական պատվաստանյութը փորձարկվել է ընդամենը մի քանի տասնյակ մարդկանց վրա, որը բավականին որակյալ ցուցիչ չէ՝ պատվաստանյութը կիրառելու համար։ Ռուսական պատվաստանյութի պաշտոնական ներդիր թերթիկում գրված է, որ գրանցվել է երեք անհայտ. հայտնի չեն համաճարակաբանական արդյունավետությունը, հակամարմինների պաշտպանիչ ցիտրը և իմունիտետի պաշտպանիչ տևողությունը»,-պարզաբանեց մասնագետը։
ԵՊԲՀ դասախոսը նշեց, որ այս դեպքում Հայաստանը պետք է սպասի որակյալ պատվաստանյութի և ցուցաբերի առողջ կոնսերվատիզմ։
«Մեր հասարակությունը սկսել է արձագանքել և պահպանել կանոնները, մեր բժիշկները սովորել են բավականին արդյունավետ բուժել և մեր առողջապահական համակարգը վերակազմակերպվել է։ Նշանակում է, որ պետք է սպասել որակյալ պատվաստանյութի, քանի դեռ ռուսական պատվաստանյութի այդ երեք անհայտների պատասխանները հստակ գրված չեն»,-ասաց դասախոսը։
Նա նաև հավելեց, որ պատվաստանյութը նախևառաջ պետք է լինի անվտանգ, քանի որ այն զանգվածային միջոցառում է, որը արվում է հարյուր հազարավոր առողջ մարդկանց շրջանում։
«Պատվաստանյութը պետք է ունենա ապացուցված արդյունավետություն, պետք է պաշտպանի մարդուն կորոնավիրուսով վարակվելու պայմաններում։ Անհրաժեշտ է, որ այն գոնե էապես նվազեցնի կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը կամ վարակվելու դեպքում նպաստի հիվանդության թեթև ընթացքին», -եզրափակեց մասնագետը։