ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ը ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է

ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ը ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է

3605

Հունվարի 19-ը Հրանտ Դինքի հիշատակի օրն է: Լրանցավ մեծ հայորդու ողբերգական մահվան 10-րդ տարելիցը: Այդ առիթով ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպել էր «Հրանտ Դինք. 10 տարի անց» կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցեց նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

Նա առանձնացրեց Հ. Դինքի հրապարակախոսությունը բնորոշող երեք հիմնական ուղղություն.

  1. ինքնության որոնումներ
  2. ազգային-մշակութային-գոյապահպանական որոշակի ծրագրի իրականացմամբ՝ ուծացման դեմ պայքար
  3. հայրենիք-սփյուռք կամ սփյուռք-հայրենիք առնչություններ:

«Ես  ունեմ երեք ինքնություն, երեքն էլ ամբողջությամբ գիտակցում եմ: Առաջինը. Թուրքիայի հանրապետության քաղաքացի եմ: Երկրորդը՝ Թուրքիայի հայ եմ, Թուրքիայի հայ համայնքի մի մասնիկն եմ: Եվ երրորդը. Հայաստանի հոգևոր մասնիկն եմ»,- մի առիթվ ասել է Հրանտ Դինքը։

Այս առումով խորհրդանշական է «Ակօսի» հավատո հանգանակը, որ ներկայացված է առաջին համարի խմբագրականում․

«Լոյս կտեսնենք, որպէսզի մենք մեզ անսխալ ծանոթացնենք․․․ Այս  թերթը յարձակելու համար կամ ալ կարգ մը իրաւունքներ պահանջելու համար չէ, որ լոյս կը տեսնե։ Այս լրագիրը պարզապես հայու ինքնությունը, ինքնզինք պաշտպանելու համար է»։

Յուրաքանչյուր հայկական համայնք ենթակա է տեղական հայակուլ պայմաններին, ինչի դեպքում վտանգվում է ազգային ինքնությունը, իսկ ինքնության գաղափարը այս պարագայում ստանում է ծայրահեղ կարևոր նշանակություն. հատկապես Թուրքիայում: Ուստի տարբեր լծակների և հարթակների բացակայության  պարագայում սփյուռքում մամուլին վերապահվում է նաև բացառիկ դեր՝ զորավիգ լինելու հայկական ինքնության պահպանմանը կամ վերագտնումին. այն դառնում է հասարակական կյանքի  կազմակերպման ասպարեզ, ուր կենտրոնանում են հայ մտավոր-հասարակական ուժերը:

Բարդ ու հակասական որոնումների պայմաններում «Ակօս»  շաբաթաթերթը  նորովի է գնահատում ինքնության հետ կապված բազմաշերտ հարցերը: Հայ ինքնության գիտակցման և որակների պահպանման գործում պարբերաթերթն առաջին իսկ համարից նպատակային և հետևողական ուղեգիծ է որդեգրում և իբրև չափանիշ ընտրում է ազգային ինքնության վերագտնումի և վերարժեվորման, ինքնաճանաչման ու ինքնապաշտպանության սկզբունքները, որոնք կարելի է ասել, հիմք են դնում մի շարժման, որի սահմանները հետզհետե խորանում և ընդարձակվում են:

Հայտնի ճշմարտություն է՝ հայի ինքնության հետ կապված «Ակօսի» հրապարակախոսությունը հիմնականում երկու ուղղությամբ է դրսևորվել։

Առաջին գիտակցելով պարբերականի սոցիալական պատասխանատվությունը լսարանի առաջ՝ մշակութալուսավորչական գործառույթի իմաստավորմամբ   «Ակոս»-ում ներկայացվել են նշանավոր հայ գրողների ընտիր երկերը՝ փորձելով նաև այդպես լուծել հայրենիքից դուրս ապրող հայ մարդու հայեցի դաստիարակության խնդիրը։

«Ակօս»-ն անդրադարձել  է Կոմիտասին, Խրիմյան Հայրիկին, Երվանդ Օտյանին, Գրիգոր Զոհրապին, Եղիշե Չարենցին, Պարույր Սևակին, նշանավոր այլ դեմքերի․․․, նրանց կյանքի և ստեղծագործության այն էջերին, որոնք միշտ ուղեկցել են և ուղեկցելու են մեզ:

Ազգային ինքնության  պահպանման երկրորդ ուղղությունը՝ հանգամանքների բերումով և հատկապես 1915-ին  ու   հետո բռնի իսլամացած հայերի, նրանց արմատների որոնումն էր, դեպի այդ արմատները, դեպի հայու տեսակի զուլալ ակունքը տանող ճանապարհի որոնումը։ ՀԴինքն այնքան էր տարված այս խնդրով, որ մահից օրեր առաջ («Օրակարգ», Գլենդել,  10․01․2007) խոստովանել  է․ «Երանի գիտնական լինեի և միայն այս թեմայով զբաղվեի»․․․    ( 2000000 մլն հայ)

«Եթե Հայաստանը մայր աղբյուրն է, ապա մենք՝ Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայերս, նրանից պոկված կաթիլի պես ենք: Թե մայր ակունքի հետ մեր կապը չհաստատվի, ի վերջո դատապարտված ենք չորանալու»,- համոզված շեշտում էր Հրանտ Դինքը և՛ իր հրապարակախոսական, և՛ մասնավոր ելույթներում:

Հետաքրքիր է Հ. Դինքի մոտեցումը թուրքահայ-սփյուռքահայ- հայաստանաբնակ հայ եռանկյունուև: Ըստ նրա՝ յուրաքանչյուրն ունի իր տարբերակիչ առանձնահատկությունները՝ պայմանավորված բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով: Դինքի կարծիքով սփյուռքահայությունն, անշուշտ, լուրջ մարտահրավերների առաջ է, դրանք հաղթահարելու ճանապարհները բարդ են, խոչընդոտները՝ հաճախ անհաղթահարելի:

Հետաքրքիր է Դինքի մեկնակետը «սփյուռքահային» բնորոշելու հարցում:Կա հայոց պետականությունը, որի սահմաններից դուրս ապրող հայերը կազմում են հայկական սփյուռքը: Այլ է Թուրքիայում ապրող հայերի պարագան: Թուրքիայում հայը շարունակում է ապրել իր բնօրրանում, որտեղ ապրել է հազարամյակներ, և թերևս այս իրողությամբ պայմանավորված, Հրանտ Դինքը Թուրքիայի զբաղեցրած տարածքում ապրող հային իբրև սփյուռքահայ չի ընդունում: Նա սփյուռքում չի ապրում, ապրում է իր պապերի հայրենիքում, որը նվաճված է եկվորի կողմից:

Հայրենիք-սփյուռք առնչությունները որքան պարզ, նույնքան էլ բարդ են, թեև այսօր էլ քիչ չեն մարդիկ, ովքեր այդ հարաբերությունները պարզունակացնում են անհասկանալիորեն: Հայրենիքը սփյուռքին և սփյուռքը հայրենիքին կամրջելու կարևորությանը Դինքն անդրադարձել է քանիցս:

 «Սփյուռքի հայերի մեջ տարածված «Մենք այստեղ մեր անդորրը չխաթարենք, երբեմն կգնանք կայցելենք Հայաստան, նույնիսկ գնալիս մեզ համար կանաչ գազոնով ամառանոցային մի տուն կգնենք»-ի տրամադրությունը Հայաստանին օգուտ չի բերի: Սփյուռքահայն այսօր վերապրում է հողի, հայրենիքի և վրեժխնդրության պես հասկացողությունների վերանայման անհրաժեշտություն պահանջող մի փուլ: Մեր մանկության ժամանակ մի երգ կար.«Այնտեղ հեռվում մի գյուղ կա, դա մեր գյուղն է: Որ չգնանք էլ, չմնանք էլ, այդ մեր գյուղն է»:

Երբ «ավարտվի» գյուղացին, ոչ գյուղը կմնա, ոչ էլ՝ ձեր ամառանոցը»»:
Հրանտ Դինքը գիտակցում էր, որ յուրաքանչյուր հայ, հայրենիքում ապրի թե հայրենիքից դուրս, սահմանապահ է, իր հայրենիքի սահմանը պահողը, սահմանը պահող դիրքապահ զինվորի վրա թշնամու արձակած կրակոցը ուղղված է  յուրաքանչյուր հայորդու՝ անկախ բնակության վայրից: Սահմանն ամուր պահելու, հզոր հայրենիք կառուցելու բեռը նույնպես յուրաքանչյուրինս է: Սա էր Դինքի պատգամը, որ կենսունակ է լինելու այնքան, որքան հայ ժողովուրդը:

Կիսվել