ՀԱՅ ՌԱԴԻՈԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ

ՀԱՅ ՌԱԴԻՈԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ

2728

Վարուժան Օլքինյան. հաղորդավար` ակամա և ճակատագրով

Մեր հանդիպումը նշանակված էր Հանրային ռադիոյի երկրորդ հարկում: Սպասվող հարցազրույցի անհանգիստ սպասումով և շտապողական քայլերով բարձրացա: Ինձ համար անսպասելիորեն առաջարկեց հարցազրույցն անցկացնել ձայնագրման տաղավարում: Իր պահվածքից ու շարժուձևից հասկանալի էր, որ դա նրա ոչ թե երկրորդ, այլ առաջին տունն է: Այս տեղ են անցել կյանքի 45 տարիները:

1971թ.-ին Հայկական ռադիոյի հաղորդավարական կազմը համալրած Վարուժան Օլքինյանը խոստովանում է, որ 4,5 տասնամյակ առաջ ռադիոյում հայտնվել է պատահաբար` առանց հաղորդավար դառնալու ցանկության:

«ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի 5-րդ կուրսում էի սովորում, պատրաստվում էինք պետական քննության ու դիպլոմայինի պաշտպանության: Մեր կուրսի աղջիկներից երեքը մոտեցան ինձ, թե` ռադիոյում հաղորդավարների մրցույթ է հայտարարվել, ուզում ենք մասնակցել, բայց վախենում ենք գնալ մենակ, հուզվում ենք, ի՞նչ կլինի, արի մեզ ուղեկցիր: Ասացի` լավ, եկանք ռադիո, աղջիկները մտան, դուրս եկան, վերջում ինչ-որ մեկը բացեց սենյակի դուռը, նայեց ինձ, ասաց` դու ինչի՞ ես սպասում, ներս արի: Ես էլ, այսպես ասած, քաղաքավարության զոհ գնալով, մտա ներս: Ինչ-որ տեքստ տվեցին, վերցրի, կարդացի, անցա երկրորդ փուլ, հետո` երրորդ, իսկ 1971թ.-ի ապրիլի 2-ին ինձ ձևակերպեցին ռադիոյում` որպես հաղորդավար-պրակտիկանտ»,-պատմում է պարոն Օլքինյանը:

Այդ օրվանից Հանրային ռադիոն առանց Վարուժան Օլքինյանի և Օլքինյանին առանց ռադիոյի անհնար է պատկերացնել: Իհարկե, ճակատագրի բերումով, կյանքի որոշ հանգամանքներ, ինչպես ինքն է նշում, ժամանակ առ ժամանակ ստիպել են թողնել ռադիոն: Բայց Վ. Օլ քինյանը միշտ վերադարձել է իրեն սպասող ունկնդրի մոտ` անկարող լինելով դիմադրել ռադիոյի ձգողական ուժին:

«Ռադիոն վարակիչ հիվանդություն է, եթե վարակվեցիր ու ամբողջ էությամբ նվիրվեցիր այդ գործին, շատ դժվար է թողնելը»,-ասում է Վարուժան Օլքինյանը:

 

Սարգիս Նաջարյան. փշոտ ճանապարհ` դեպի հաղորդավարի աթոռը

Հանդիպեցինք ռադիոյի մուտքի մոտ, զրուցելով հասանք ձայնագրման տաղավար: Այդ պահին հասկացա, որ հաղորդավարների համար հյուրեր ընդունելու լավագույն տեղը ձայնամեկուսիչ պատերով և մեկ միկրոֆոնով, սեղանով ու երկու աթոռով կահավորված այդ փոքրիկ սենյակն է, որը տարիների ընթացքում դառնում է հարազատ օջախ, որի պատերը քաջատեղյակ էին այն ամենին, ինչ ես նոր պետք է լսեի:

Սարգիս Նաջարյանի առաջ ռադիոն միշտ չէ, որ հյուրընկալորեն բացել է իր դռները, ճիշտ հակառակը` դրանք չորս անգամ մերժումով փակվել են, բայց համառությունն ու ռադիոյի նկատմամբ ունեցած պաշտամունքի հասնող սերը թույլ չեն տվել վհատվել:

«Մտածել եմ, որ ես ռադիոյի բան չեմ, ո՞վ եմ ես, որ գամ, ռադիոյում աշխատեմ ու չէի հավատում, որ ընդունվել եմ, որովհետև ռադիոյի աշխատողներին հրեշտակային թևերով, անտեսանելի էի պատկերացնում, ոչ ներկայի հաղորդավարների ու խմբագիրների նման` ոչ թև ունեն, ոչ էլ երբևէ թև կունենան մեծամասնությունը»,-անկեղծանում է Ս. Նաջարյանը:

Տասնամյակների աշխատանքային կենսագրություն կերտած հաղորդավարն այսօր մեծ հիասթափությամբ է խոսում հայկական մեդիաոլորտ մուտք գործած երիտասարդների մասին, որոնց, նրա խոսքով, գրավում է միայն հայտնի դառնալու մոլուցքը:

«Բոլորն ուզում են հաղորդավար դառնալ, ձայն ունեցող, չունեցող, թլիկ, գրագետ, անգրագետ: Այդ պատճառով ես շատ եմ վիրավորվում»,- նշում է ՀՀ վաստակավոր լրագրողը: Իսկ լրագրողի մասնա գիտությունն ընտրած ուսանողներին հորդորում է սիրել հաղորդավարի և լրագրողի աշխատանքը և սեփական օրինակով նրանց նախապատրաստում դիմակայելու անխուսափելի դժվարություններին:

Պարոն Նաջարյանն ասում է, որ եթե չսիրեր իր մասնագիտությունն ու չպայքարեր դրա համար, այսօր, գուցե, լավ բաստուրմա կպատրաստեր, արտադրամաս կունենար և լավ էլ հարուստ կլիներ:

 

Օֆելյա Ասատրյան. լրագրողի ուղին անցնում է հայաստանյան հեռավոր ճանապարհներով

Կարճ շրջազգեստով երկու աղջիկ 1974թ.-ին հայտնվեցին Գավառում: Ընտրությունն իրենցը չէր, այլ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետինը: Հանրային ռադիոյի մշակութային բաժնի ներկայիս ղեկավար Օֆելյա Ասատրյանին ու նրա ընկերուհուն համալսարանն ավարտելուց հետո ուղարկել էին Գավառ` աշխատելու:

«Մենք ներկայացանք մինիներով, երկար մազերով, երևանյան ուսանողությանը բնորոշ գծերով, վերևից ներքև երկար չափեցին մեզ, ասեցին` մենք տեղ չունենք աշխատանքի: Վերադարձանք քաղաք և պարզվեց, որ այդ թվականին ռադիոյում հիմնադրվում էր «Ծիածան» խմբագրությունը, որը ղեկավարում էր Արմեն Հովհաննիսյանը»,- պատմում է տիկին Օֆելյան:

Արմեն Հովհաննսիյանի ղեկավարությամբ աշխատելու 6 ամիսների ընթացքում է, իր խոսքով, թրծվել և հասունացել որպես լրագրող` լինելով հանրապետության տարբեր վայրերում և գրելով գրեթե ամեն ինչի մասին:

«Մեզ ընդունեցին և ասացին, որ պետք է ցույց տանք մեր հնարավորությունները և ուղիղ վեց ամիս մեզ անվճար, այսպես ասած, «չլում» էին, որովհետև գնում էինք ուր ասես և բերում էինք, ինչ լուր ասես»,ասում է Հանրային ռադիոյի մշակութային բաժնի ղեկավարը: Կատակում է, որ եթե նույնիսկ իրեն հնարավորություն տային Գավառում աշխատելու, նա, միևնույն է, այնտեղ երկար չէր մնա, որովհետև գավառցիների նման խմել չէր կարողանա:

Խորհրդային շրջանի ռադիոն անկախության տարիների ռադիոյի հետ համեմատելիս 3 զրուցակիցներս էլ ցավով նշեցին եթերում գրագիտության պակասը:

Հայկական ռադիոյի ու հեռուստատեսության մեր կողքին ապրող այս լեգենդներն իրենց կյանքի մեծ մասը նվիրել են հայ լրագրության զարգացմանը և այսօր միայն մեկ ցանկություն ունեն` իրենց կերտածը փոխանցել արժանավոր հետնորդներին:

 

Նորայր Շողիկյան

1-ին կուրս

Կիսվել