Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ աշխարհազորայինների ստեղծմանը դրդեց մեր հնարավորությունների, տարածաշրջանի, մտածելակերպի ու փորձի փոփոխությունը։
«Աշխարհազորայինները պետական կազմավորում են, այլ ոչ թե հասարակական՝ ինչպես Երկրապահները։ Սակայն մենք նախատեսում ենք առաձին քննարկել նաև Երկրապահ կամավորականների ներգրավման հարցը։ Մենք կարծում ենք՝ դրանք պետք է լինեն միմյանց լրացնող, քանի որ սրանք փոքր-ինչ տարբեր են։ Աշխարհազորայինների համար առաջին նախապայմանը կամավորների կանոնակարգման անհրաժեշտությունն է։ Աշխարհազորայիններին անդամագրված կամավորականների թիվը կլինի մոտավոր 100000, իսկ աշխարհազորայինները կստանան աշխատավարձ՝ ըստ պաշտոնի ու ծառայած դիրքի։ Այն մեթոդով ,որով աշխատելու ենք, մերն է՝ ո՛չ շվեցարական է, ո՛չ էլ իսրաելական»,-ասաց փոխնախարարը։
Գաբրիել Բալայանը անդրադարձավ նաև հանրության շրջանում տարածում ստացած աշխարհազորայինների զենքով շրջելու մասին խոսակցություններին։
«Մեզ քննադատողներից մի քանիսի կարծիքներին ծանոթ եմ, կարդացել եմ, ու տպավորություն է, որ նրանք չեն կարդացել այն մասին, ինչը քննարկում են, որովհետև այնտեղ ոչ մի տեղ չեք գտնի տեղեկություն, որ ազատ զենք է տրամադրվելու քաղաքացիներին։ Եթե ԱԺ-ն հավանություն տվեց օրենսդրական փաթեթին, համապատասխան ներգրավվումը կլինի բացառապես մարտական գործողությունների դեպքում, իսկ զենքը բաժանվելու է աշխարահազորայիններին կցագրած քաղաքացիական անձանց, որոնք կլինեն մինչև 70 տարեկան քաղաքացիներ։ Նրանք կգործեն մարտական խնդրի առկայության դեպքում, իսկ անհրաժեստության նվազման դեպքում զենքերը հետ կվերցվեն։ Քաղաքացիները զինված ման չեն գալու փողոցներում»,- ասաց Բալայանը։