ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔԻ ՁԱՅՆԸ

ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔԻ ՁԱՅՆԸ

1729

Ամեն օր` օրը մի քանի անգամ, Հանրային հեռուստատեսության եթերում  տղամարդու տարբերվող մի ձայն մեզ տեղեկացնում է` ինչ հաղորդումներ են մեզ սպասվում: Մեսրոպ Առաքելյանն է, որը Հանրայինում աշխատում է արդեն երկար տարիներ: Պարոն Առաքելյանի աշխատանքային ժամը մեկնարկում է առավոտյան շատ շուտ, աշխատասեղանին նրան է սպասում օրվա հաղորդումների ցանկը: Մասնագիտությամբ ինժեներ է: Հետո պիտի հասկանար, որ իրեն ձգում է մեկ այլ ոլորտ` ռադիոն: Առաջին մասնագիտության մասին ասում է. «Էսօրվա իմ աշխարհայացքով եթե դատեմ, նախկինում ընտրածս մասնագիտությունը, այսպես ասած, անկապ էր»: Մինչև Հանրային հեռուստաընկերություն հասնելը Մեսրոպ Առաքելյանը երկար ճանապարհ է անցել` թակելով դռներ, հասնելով նույնիսկ արտասահման: Այս ճանապարհին նրան սպասում էին մի շարք դժվարություններ, ասում է. «Նոր էի ամուսնացել, աղջիկս ծնվեց, հայրս մահացավ: Այս ամենը կատարվեց մեկ-երկու օրվա ընթացքում: Ես անմիջապես հասունացա, որովհետև նման խնդիրների առաջ կանգնեցի»: Աշխատանք փնտրելու ճանապարհին էլ թակեց Հանրայինի դուռը, որն իր առաջ բացեց Բաղդասար Մհերյանը` այն ժամանակ «Հայլուր» լրատվականի գլխավոր խմբագիրն ու պատասխանատուն:

«Ներկայացա, ասացի, որ տիրապետում եմ հայերենին և ռուսերենին, հետո իրենց առաջարկով հուշարարի վրա կարդացի «Հայլուրի» մի ամբողջական թողարկում` մոտ 40 րոպե տևողությամբ, հայերեն և ռուսերեն»,- պատմում է Հանրայինի «ձայնը»: Հաջորդ օրը պիտի իմանար, որ արդեն ընդունված է աշխատանքի, այսինքն՝ Հանրայինի հեռուստաընտանիքի անդամ է:

Մեսրոպ Առաքելյանի հաջողության գաղտնիքը շարունակական աշխատանքն է, ինչպես ինքն է նշում. «Պիտի անընդհատ տքնաջան աշխատես, տանջվես ու չարչարվես, այլապես ոչինչ չի ստացվի»:

 

Հերմինե Ղարիբյան

3-րդ կուրս

Կիսվել