ԱՐԽԻՎԱՑՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԱՐԽԻՎԱՑՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

2091

Հատուկ ջերմային և լուսային պայմաններ, սրտացավ ու իրենց գործը սիրող մարդիկ. ահա այն գլխավոր նախապայմանները, որոնք հիմք են հանդիսացել, որ Հանրային հեռուստաընկերությունն այսօր 60-ամյա արխիվ ունենա: Նարա Շլեպչյան, Վարուժան Օլքինյան, Գրիգոր Հարությունյան, Կարինե Սարգսյան, Արթուր Բախտամյան և այլք. այս և այլ անուններով սկսվել ու հարստացել է Հանրայինի արխիվը: Տեսաժապավենների, տեսասկավառակների, կոշտ սկավառակների և մի շարք այլ կրիչների վրա պահպանված շուրջ 15.000 նյութերն ուղղակի հեռուստատեսային  արտադրանք չեն: Դրանք կրողն ու փոխանցողն են ապրած պատմության:

Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ տիկին Ալվարդը, որն արդեն 26 տարի է՝ աշխատում է Հանրայինի արխիվում, պատմում է.

-1980-90-ական թվականներն էին: Իրադրությունն այնպիսին էր, որ ոչ ոք չէր մտածում` ինչը պահպանվեց, ինչը` ոչ: Մեր աշխատանքն այդ ժամանակ շատ մեծ էր, պահպանում էինք` ինչ հնարավոր էր, ու ինչքան հնարավոր էր: Փոխվել են ժամանակները, մեծ առաջընթաց է ապրել տեխնիկան, հեշտացել է նկարահանման ու արխիվացման գործընթացը, հիմա պահպանվում է ամեն ինչ:

2007-2008 թվականներից սկսվել է նաև թվայնացման գործընթացը: Հանրային հեռուստաընկերության արխիվի կառավարման ծառայության ղեկավար Սերգեյ Տոնոյանը պատմում է.

-Հանրային հեռուստաընկերությունը Ճապոնիայի կառավարության հետ նախաձեռնել է ծրագիր, որը ենթադրում է մասնագետների վերապատրաստում և տեխնիկական աջակցություն: Թվայնացման հարցում դա մեզ կօգնի, պահպանման հարցում` ոչ այնքան:  Մեր վերջնական նպատակը ողջ հեռուստաարխիվը հանրային դարձնելն է, այսինքն` անել այնպես, որ բոլորը կարողանան ինտերնետում փնտրել, գտնել և, ի վերջո, ծանոթանալ տվյալ նյութերին: Թեև սա ժամանակատար գործընթաց է, բայց մենք լիահույս ենք, որ պատվով կկարողանանք իրականացնել:

 

Անահիտ Հովհաննիսյան

3-րդ կուրս

Կիսվել