ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ MP3-Ի ԶՈՒԳԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ MP3-Ի ԶՈՒԳԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

1898

Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրած արտիստներ Իվետա Մուկուչյանն ու Արամ mp3-ն վերջապես իրենց երկրպագուների դատին հանձնեցին իրենց նոր դուետը, որի պրեմիերան տեղի ունեցավ Երևանի առևտրի կենտրոններից մեկում։

Համերգին ներկա էին ոչ միայն երկրպագուները, այլև շոուբիզնեսի հայտնի ներկայացուցիչներ Լուիզա Ներսիսյանը, Ավետ Բարսեղյանը իր կնոջ հետ, Դիանա Շատվերյանը, դիջեյ Սերժոն և ալյք։

Երգիչները կրում էին հատուկ տեսահոլովակի համար կարված հագուստը, որը մոդելավորել էր դիզայներ Դիանա Շատվերյանը։

Համերգը վարող Արսեն Գրիգորյանը բեմ հրավիրեց Իվետային ու Արամին, ովքեր սկզբում մի քանի երգեր կատարեցին իրենց երգացանկից, այնուհետև ներկաների հետ միասին դիտեցին տեսահոլովակը։ Հետո ևս մեկ անգամ արդեն բեմ բարձրանալով՝ երգեցին իրենց նոր զուգերգը։ Այն կոչվում է «Դաշտերով», որը խոպանչի երիտասարդի ու նրա սիրած աղջկա մասին է, ով դաշտերով ու ձորերով հասնում է իր յարի մոտ։ Երաժշտության հեղինակը դիջեյ Սերժոն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։

«Շնորհակալ ենք այդքան ծափահարությունների, ջերմ բղավոցների ու աղաղակների համար։ Մեզ իրականում այսպիսի արձագանքն էր պետք»,- ասացին նրանք։

Դե, իսկ հետո Իվետայի ու Արամի շուրջն համախմբվեցին երկրպագուները, լուսանկարվեցին ու գրկախառնվեցին։

Արամայիս Հայրապետյանը, ով տեսահոլովակի ռեժիսորն է, ասաց, որ ամեն ինչ արել են հետաքրքիր ու նորովի ներկայանալու համար․ «Տեսահոլովակում փորձել ենք ստեղծել գյուղի աղջկա ու խոպանչիի կերպարները՝ փոքր-ինչ գունավոր ու էսթետիկ։ Միքսելով ժամանակակիցն ու ժողովրդականը՝ ցանկացել ենք հետաքրքիր ու պարային տեսահոլովակ ստանալ, որը կբարձրացնի մարդկանց տրամադրությունը»։

Իսկ Ավետ Բարսեղյանը, ով նույնպես առաջին անգամ էր դիտում տեսահոլովակը, շնորհավորեց երգիչներին՝ ասելով, որ դա իրենց համագործակցության սկիզբն է. «Ինչ վերաբերում է  երգի մեջ ժողովրդականի ու ժամանակակիցի խառնուրդին, կարծում եմ, եթե մենք դա չանենք, երիտասարդները հնարավոր է և չլսեն այն, ինչ որ մաքուր վիճակում է։ Սա մի բանալի է, որի միջոցով նոր սերունդը նույնպես կսկսի մոտենալ ժողովրդականին»։

 

Աննա Կոստանյան

2-րդ կուրս

Կիսվել