Այսօր ԱԺ-ում Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը դիմեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով ներկայացնել, թե ինչ իրավիճակ է այս պահին սահմանին, կա՞ արդյոք լարվածություն:
«Ես, հաշվի առնելով իրավիճակը և հուլիսյան դեպքերից հետո մեզ համար շատ ցավալի կորուստը այսօրվա, կխնդրեի բոլոր պատգամավորներին և Կառավարության անդամներին՝ մեկ րոպեով հարգել մեր զինծառայողի հիշատակը»,- ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն իրականացնում են ամրաշինական աշխատանքներ՝ չեզոքացնելու մեր դիրքապահների և մեր դիրքերի գերակայությունը և առավելությունը:
«Այդ պատճառով է օգտագործվում տարբեր տրամաչափի զենք: Այս իրավիճակն արդեն մոտ երկու շաբաթ է: Մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել»,- հայտնեց Տոնոյանը՝ հավելելով, որ առկա ողջ տեղեկությունը տրամադրվում է համանախագահներին:
«Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի զարգացումների, ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևիցե մեխանիզմ: Այսօր, ցավոք, զոհ ունենք: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իր մտահոգությունը, զգոնությունը բարձրացրել է: Այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվում»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք՝ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել: