«ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՏ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՆԱԿ ԿՄՆԱՆՔ, ԵՎ ԵՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՏԱՆԵՄ ԻՄ ԱՇԽԱՐՀԸ»....

«ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՏ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՆԱԿ ԿՄՆԱՆՔ, ԵՎ ԵՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՏԱՆԵՄ ԻՄ ԱՇԽԱՐՀԸ». ԱՆՈՒՇ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

2593

Օրեր առաջ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանն էր՝ Պրոկոֆևի թիվ 2 կոնցերտով։ Journalist.am—ը զրուցել է երիատասարդ ջութակահարուհու հետ՝ երևանյան հուշերի, երաժշտական մոտեցումների և արվեստից դուրս կյանքի մասին։

 -Անուշ, ծնվել և մեծացել եք Երևանում։ Ինչպիսի՞ հիշողություններ կան մանկության տարիներից։

-Չեմ կարող ասել, որ Երևանյան կյանքս անցյալում է, քանի որ այժմ էլ ապրում եմ և՛ այստեղ, և՛ Մյունխենում։ Փոքր տարիքում եղել եմ շատ հանգիստ, ինչը հիմա փոքր-ինչ անբնական է թվում (ժպտում է): Չէի սիրում դրսում խաղալ, իմ հուշերում չունեմ ընկերական հանդիպումներ, բակային խաղեր։ Նախընտրում էի տանը մնալ․ գրում էի, նկարում՝ մենակ կամ քրոջս հետ։ Ծնողներս ինժեներական կրթություն ունեն։ Բայց քանի որ հայրս շատ է սիրում երաժշտություն, որոշել էին քրոջս ընդունել դաշնամուրի դասարան։ Հինգ տարեկան էի, երբ ուսուցիչն, ով նրան երաժշտական լսողության դասեր էր տալիս, մայրիկիս խորհուրդ տվեց ինձ ջութակի տանել։ Այդ գաղափարն ինձ շատ էր դուր եկել։ Ամեն անգամ, երբ մայրս վերցնում էր հեռախոսը՝ ինչ-որ տեղ զանգահարելու, հարցնում էի․ «Ջութակի համա՞ր ես զանգել»։ Դա շարունակվեց այնքան, մինչև  ծնողներս վերջապես որոշեցին ինձ ջութակի ուղարկել։ Դժվար տարիներ էին, դեռ մեկ ամիս ջութակ չունեի։ Այժմ այդ մասին հիշելիս հասկանում եմ, որ այն ժամանակ, երբ  համակարգչային խաղեր չկային, հեռուստացույց դիտում էինք սահմանափակումներով, ջութակով զբաղվելն ինձ համար իսկական հրաշք էր, այն կարծես իմ նոր խաղալիքը լիներ։ Երբ վերջապես ջութակս ստացա, պետք է խոստանայի, որ լավ եմ պարապելու, քանի որ այն ձեռք բերելը բավականին դժվար էր։ Շատ լուրջ էի մոտենում գործին, դեռ այն ժամանակ էլ օրական մոտ երեք ժամ պարապում էի։ Ինձ դա երբեք չեն ստիպել, և եթե նույնիսկ հիվանդ եմ եղել ու մեկ օր չեմ պարապել՝ խիղճս տանջել է։

-Երևանում Կոնսերվատորիան ավարտելուց հետո մեկնեցիք Մյունխեն՝ տեղի բարձրագույն երաժշտական դպրոցում սովորելու։ Մասնագիտության մեջ կատարելագործվե՞լը, թե՞ Հայաստանում երաժշտական կրթության ոչ բավարար լինելը տարան Ձեզ Գերմանիա։

– Ի սկզբանե, կարծում եմ դասական երաժշության հայրենիքը կարելի է հենց Գերմանիան համարել։ Երբ տասնհինգ տարեկանից սկսեցի պարապել մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, նա միանգամից ասաց, որ շուտով պետք է մեկնեմ Գերմանիա՝ կատարելագործվելու և համերգային գործունեություն ծավալելու։ Կարծում եմ՝ կատալագործվելու ճանապարհին երաժշտին որոշակի ինքնուրույնություն, մենակություն է պետք և ոչ անընդհատ հարմար ու հանգիստ վիճակ, երբ տանն է, իր շրջապատում․ ինչ-որ տեղ դա էլ է կրթում։ Գերմանիա մեկնելուց հետո երկու տարի սովորում էի Քրիստոֆ Պոպպենի դասարանում։ Նա ինձ շատ բան սովորեցրեց, բայց, միևնույն ժամանակ, ինձ պակասում էին Էդուարդ Թոփչյանի երաժշտական խորհուրդները, և ես հասկացա, որ իրենից դեռ չեմ ստացել այն ամենն, ինչ ինձ պետք է տար։ Վերադարձա և մի քանի տարի ինտենսիվ պարապեցի իր հետ։ Այժմ կրկին Գերմանիայում եմ սովորում՝ Յուլիա Ֆիշերի դասարանում։ Այս տարի արդեն կավարտեմ՝ բարձր աստիճանի դիպլոմով։

-Գերմանիա մեկնելիս դժվարություններ եղա՞ն։ Հե՞շտ հարմարվեցիք միջավայրին։

– Մեկնելիս հստակ գիտեի, որ գնում եմ որոշակի նպատակով, այլ ոչ պարզապես կյանքս դասավորելու, նոր շրջապատ ձեռք բերելու։ Աշխատում էի մաքսիմալ կերպով անել այն, ինչի համար գնացել էի։ Ընտանիքիս, բնական է, կարոտում էի, բայց փառք Աստծո, կարողանում էի տարին երեք-չորս անգամ Հայաստան գալ, ինչի շնորհիվ էլ  ամեն բան  տանելի էր դառնում։

-Ձեր նվագացանկը բավականին մեծ ընդգրկում ունի։ Կա՞ որևէ կոմպոզիտոր կամ ստեղծագործություն, որն առանձնահատուկ նշանակություն ունի Ձեզ համար։

– Ես նվագում եմ բոլոր ժամանակաշրջանների երաժշտություն՝ բարոկից սկսած։ Այս պահին զգում եմ, որ ինձ հատկապես մոտ են 20-րդ դարի կոմպոզիտորների՝ Պրոկոֆևի, Շոստակովիչի, Բարտոկի, Ստրավինսկու, Շտրաուսի ստեղծագործությունները։ Դրանք պատկերում են մեր ծնողների ապրած տարիները, Սովետական միության կարգերն ու առանձնահատկությունները։ Մեծ սիրով կատարում եմ նաև հայ, ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Կարծում եմ՝ աշխարհում դրանք ավելի հաճախ պետք է ներկայացվեն։ Աշխարհում շատ քիչ են ճանաչում Հայաստանի արվեստը։ Մեր երկրի երաժշտության մասին խոսելիս, բոլորը միայն Արամ Խաչատրյանին են մտաբերում։ Մինչդեռ, մենք ունենք բազմաթիվ հրաշալի ստեղծագործություններ, որոնք ես սիրով ընդգրկում եմ իմ նվագացանկի մեջ։ Արտասահմանում հատկապես շատ եմ կատարել Մանսուրյանի թիվ 1  կոնցերտը։ Ի դեպ, շուտով մեկնելու եմ Լեհաստան և Վրոցլավի կամերային նվագախմբի հետ կատարելու եմ հենց այդ՝ իմ շատ սիրելի ստեղծագործությունը։

-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ նոր ստեղծագործություն սովորելիս աշխատում եք ձայնագրությունը չլսել, եթե անգամ այն կա։ Որքանո՞վ է դա Ձեզ օգնում յուրացնել գործը։ Ավարտից հետո համեմատու՞մ եք Ձեր նվագն այլ կատարողների հետ։

– Եթե խոսքը ժամանակակից ստեղծագործությունների մասին է՝ չեմ սիրում ձայնագրություն լսել։ Իսկ մյուս դեպքերում, եթե տվյալ ստեղծագործությունը կատարվել է Լեոնիդ Կոգանի, Դավիթ Օյստրախի և նման հանճարեղ ջութակահարների կողմից, որոնք եղել են Պրոկոֆևի, Շոստակովիչի ժամանակակիցները, կարծում եմ՝ այնքան էլ խելացի չի լինի ընդհանրապես ձայնագրություն չլսելը։ Բացի այդ, անկախ ինձնից՝ ես արդեն այդ ստեղծագործությունները ինչ-որ ժամանակ լսել եմ և որոշակի տպավորություն ունեմ։ Նոր բան սովորելիս, պարզ է, սկզբում անպայման ուսումնասիրում եմ այն։ Սակայն ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքները սովորելիս ես հաճույք եմ ստանում, երբ նոտաները վերցնում եմ և ինքս փորձում նոր բաներ հայտնաբերել, որոնք ուրիշին նման չեն լինի։ Իսկ պատրաստ լինելուց հետո երբեմն հետաքրքիր է լինում լսել նաև այլ կատարողների մեկնաբանությունը։ Օրինակ, երբ աշնանը Լևոն Չաուշյանի կոնցերտն էի պատրաստում, ամենավերջում, երբ արդեն բեմ պետք է դուրս գայի, Ռուբեն Ահարոնյանի հիասքանչ կատարումը լսեցի․ արտակարգ էր, բայց արդեն իմ մեկնաբանությունն ունեի։ Կարծում եմ՝ ճիշտ է, որ ամեն կատարող ստեղծագործությունը յուրովի ներկայացնի։

-Հատկապես Սովետական Միության տարիներին առավել կարևորություն էր տրվում կատարողի տեխնիկական հնարավորություններին՝ կարծես մի կողմ թողնելով հուզական դաշտը։ Այսօր պատկերն այլ է։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է կարևոր, և ինչպե՞ս պահել հավասարակշռությունն այս երկուսի միջև։

– Կարծում եմ՝ ընդհանրապես ոչինչ չի կարող արհեստական լինել։ Երաժշտության մեջ չենք կարող հստակ  դեղատոմս կազմել՝ մի փոքր զգացմունք, մի փոքր տեխնիկա։ Ամեն մարդ երաժշտության մեջ ներկայացնում է իր ներաշխարհը։ Սակայն երբեք չպետք է դա անել՝ չափազանցությունների դիմելով, քանի որ շատ հաճախ դա վերածվում է մի նվագի, որը կարելի է անճաշակ համարել։ Դասական երաժշտության մեջ, իհարկե, կան որոշակի չափանիշներ՝ ռիթմի զգացողությունը, հեղինակի նշած ամեն մանրուքին ուշադրություն դարձնելը,և,վերջիվերջո, հեղինակին հարգելը․ պարտադիր պետք է հաշվի առնել ստեղծագործության կառուցվածքը, որպեսզի անընդհատ փոփոխությունների արդյունքում այն չվերածվի մեկ այլ  բանի։ Մարդիկ տարբեր են,  տարբեր են և նրանց երաժշտական մեկնաբանությունները, քանի որ ամեն ինչ ներսից է գալիս։ Շատ հաճախ ես չեմ կարողանում խոսելով արտահայտել զգացմունքներս, այդ իսկ պատճառով երջանիկ եմ,որ հնարավորություն ունեմ երաժշտության միջոցով դուրս թողնել բոլոր հույզերս ու ապրումներս։ Դա շատ է օգնում, այլապես՝ ամեն ինչ կկուտակվի ներսումս։

-Անուշ, Ֆիլհարմոնիկի հետ համագործակցությունն արդեն երկար տարիների պատմություն ունի։ Այդ երկարամյա փո՞րձն է աշխատանքը հեշտացնում, թե՞ մեր նվագախմբի մոտեցումն է ուրիշ։

-Կարծում եմ՝ Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը թե՛ Եվրոպայում, թե՛ ամբողջ աշխարհում այժմ իր ուրույն տեղն ունի և կարող է համեմատվել լավագույն նվագախմբերի հետ։ Այդ իսկ պատճառով նրանց պրոֆեսիոնալության, աշխատասիրության և կազմակերպվածության շնորհիվ միասին  աշխատելը միայն հաճույք է։ Հենց դրա համար է մեր համագործակցությունը հեշտ ստացվել։ Բացի այդ, սա իմ հայրենիքի նվագախումբն է, որն ինձ օգնել ու աջակցել է իմ երաժշտական ճանապարհը հարթելիս։

– Կայանալիք համերգին հանդես եք գալու ֆրանսահայ ջութակահար, դիրիժոր Հայկ Դավթյանի ղեկավարությամբ։ Թեև նվագախումբը նույնն է լինելու, այնուամենայնիվ, դիրիժորի փոփոխությունը ազդու՞մ է Ձեր՝ որպես մենակատարի նվագի վրա։

– Մաեստրո Հայկ Դավթյանի հետ սա  առաջին երաժշտական  համագործակցությունն է։ Յուրաքանչյուր դիրիժոր ունի իր ուրույն ժեստերը, աշխատելաոճը, այսպես կոչված «ձայնը»։ Իսկ յուրաքանչյուր դիրիժորի հետ աշխատելն ու լեզու գտնելը երաժշտի մասնագիտության մի մասն է։ Եվ ինչպես երաժշտական գործիքների հնչողությունն է փոխվում՝ կախված նվագողից, այնպես էլ մենակատարն ու նվագախումբը որոշակիորեն կրում են դիրիժորի ազդեցությունը։

-Հայ և օտարազգի դիրիժորների աշխատանքային սկբունքներում տարբերություններ նկատե՞լ եք։

– Բացարձակ։ Սա մի բան է, որն ազգության հետ կապ չունի։ Ես ինքս նախընտրում եմ այն դիրիժորներին, որոնք ձգտում են անթերի կատարման, խորանում ամեն դետալի մեջ։ Այդպիսիներից է, օրինակ, մաեստրո Էդուարդ Թոփչյանը։ Իր հետ աշխատելիս ես գիտեմ, որ ստեղծագործության մեջ չի լինի  մի տակտ, որն աչքաթող կարվի։ Իրականում, հենց դա է ընկած նվագախմբի հաջողության հիմքում։ Այնուամենայնիվ, արտասահմանում կան երաժիշտներ, որոնք հարցի նկատմամբ ավելի մակերեսային վերաբերմունք են ցուցաբերում և այդքան էլ կարևորություն չեն տալիս կատարման բարձր որակին։

– Հայաստանյան ելույթներն ինչ-որ կերպ առանձնանու՞մ են մյուսներից։

– Երբ նվագում եմ, և դահլիճում ինձ հարազատ մարդիկ են, ամբողջովին այլ զգացողություն է։ Հայրենիքում նվագելն ինձ համար ավելի պատասխանատու է և առանձահատուկ կարևոր։ 

– Արվեստով զբաղվող յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են հիասթափության, ոգեշնչման կամ շարժառիթների պակասի պահեր։ Նման դեպքերում ի՞նչն է Ձեզ առաջ շարժվելու ուժ տալիս։

– Նման դեպքեր շատ են լինում։ Ինձ միշտ ոգևորել են իմ ուսուցիչները։ Բնավորությամբ փառասեր  չեմ։ Գիտեմ միայն, որ կյանքս չեմ պատկերացնում առանց ջութակի համար գրված գեղեցկագույն ստեղծագործությունները կատարելու։  Դա է պատճառը, որ ընտրել  եմ մենակատարի ճանապարհը։ Իմ կողքին միշտ աշխատանքս գնահատողներն են եղել, որոնք հավատում են ինձ ու ասում, որ պետք է մինչև վերջ գնամ։ Իսկ որպես մոտիվացիա՝ ինձ ուժ է տալիս այն փաստը, որ այն, ինչ երեկ դժվարությամբ էր ստացվում, այսօր ավելի հեշտ է դարձել։

-Երաժշտի կյանքը բարդ է․ անընդհատ փորձեր, համերգներ, հյուրախաղեր։ Ազատ ժամանակ մնու՞մ է։ Ինչի՞ն եք այն նվիրում։

– Շատ եմ սիրում ճանապարհորդությունների ընթացքը՝ օրինակ, ինքնաթիռում անցկացրած պահերը, երբ անծանոթ շրջապատում ինքս ինձ հետ եմ և մտածելու, գիրք կարդալու հնարավորություն ունեմ։ Ազատ ժամանակիս զբաղմունքը հիմնականում պայմանավորված է գտնվելուս վայրով․ երբ Երևանում եմ, հաճախ ընկերներիս հետ եմ հանդիպում, միասին սուրճ ենք խմում, զրուցում։ Իսկ Գերմանիայում ունեցած ազատ ժամանակս նվիրում եմ ինքնակրթությանը․ գիրք եմ կարդում․ օրինակ, վերջերս ինձ համար բացահայտեցի Ստեֆան Ցվայգին։ Այժմ նախընտրում եմ կենսագրական գրականություն։

 -Հենց երաժիշտների՞, թե՞ այլ արվեստագետների մասին եք կարդում։

– Թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Մեծ հետաքրքրությամբ կարդացել եմ Յոհաննես Բրամսի, Չայկովսկու, Դվորժակի և այլոց կենսագրական գրքերը։ Սիրով ընթերցում եմ նաև նկարիչների, այլ հետաքրքիր անհատականությունների մասին։

-Այսքան երիտասարդ տարիքում բավականին մեծ հաջողությունների եք հասել։ Կա՞ որևէ ցանկություն, որը դեռ չի իրականացել։

– Ես անսահման երջանիկ եմ ունենալ իմ սիրելի մասնագիտությունն ու շրջապատված լինել արվեստով։ Իմ ցանկությունն է շարունակել իմ իմ նվագով հանդիսատեսին տանել  երաժշտության ֆանտաստիկ աշխարհը, որոշ չափով կտրել իրականությունի, առօրյայից։ Կախված ներաշխարհի խորությունից՝ ամեն մարդ երաժշտությունը յուրովի է ընկալում։ Հատկապես համերգի ժամանակ զգայական մի դաշտ է ստեղծվում, որը փորձերին երբեք չի լինում։Ամեն անգամ սրտատրոփ սպասում եմ՝ երբ է գալու այն պահը, երբ  մենք հանդիսատսի հետ լռության մեջ մենակ կմնանք, և ես մարդկանց կտանեմ իմ աշխարհը։

 – Անուշ, այսօրվա երիտասարդության փոքր մասն է հետաքրքրվում դասական երաժշտությամբ։ Ի՞նչ խթաններ կառաջարկեք նրանց ներգրավելու համար։

– Բավականին ծավալուն հարց է։ Եթե խոսենք Հայաստանի մասին,  չեմ կարծում, որ երիտասարդներն անտարբեր են։ Համեմատած այլ երկրների հետ՝ մեզ մոտ նույնիսկ ավելի շատ են դասական համարգների գնացող երիտասարդները, ինչն իսկապես ուրախալի է։ Երիտասարդներին ընդգրկելու շատ լավ ծրագիր է իրականացնում Ազգային Ֆիլհարմոնիկը՝ ստեղծելով «Դպրոցականի Ֆիլհարմոնա»-ն, որտեղ  դպրոցականները հնարավորություն են ստանում մոտ  գտնվել դասական արվեստին։ Կարծում եմ՝ ամեն երեխա իրավունք ունի սեփական փորձով բացահայտել դասական երաժշտական որևէ գործիք՝ անկախ այն բանից՝ ուզում է պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալ, թե՝  ոչ։ Փոքր հասակից դասական երաժշտության հետ շփման հնարավորություն ունեցած երեխան միանգամից տարբերվում է թե՛ իր աշխարհընկալմամբ, թե՛ զարգացվածությամբ ու թե՛ հոգևոր աշխարհով։

 

հարցազրույցը` Նելլի Մելքոնյանի

2-րդ կուրս

 

Կիսվել