Աշխարհում տարեկան լույս է տեսնում միջինում 750.000 նոր գիրք։ Դրանցից որոշներին չի հաջողվում անգամ հայտնվել գրախանութի ցուցափեղկին։ Շատ գրքեր ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը։ Սակայն որոշ հանճարների հաջողվում է տարածել իրենց ստեղծագործությունները ամբողջ աշխարհով ու, երբեմն, նույնիսկ հրատարակելուց շատ տարիներ անց այդ գրքերը շարունակում են մնալ ընթերցասերի ուղեկիցները։
Երևանի մի շարք գրախանութներում մեր անցկացրած հարցումներից պարզ դարձան հայ ընթերցողի ամենասիրելի գրքերի անունները, որոնցից շատերը համաշխարհային բեսթսելլերներ են։ Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։
«1984», Ջորջ Օրուել
Բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը վերջին շրջանում հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում։ Հրապարակումից ավելի քան 60 տարի անց «1984»-ը դարձավ Amazon.com կայքի բեսթսելլերների ցուցակի առաջատարը։ Վաճառքի քանակի մեծացման պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյի հարցազրույցն էր։ Խորհրդականը պարզաբանեց, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հիմնվել է այլընտրանքային փաստերի վրա՝ որակելով Թրամփի երդմնակալության արարողությունը ամենաբազմամարդը ողջ պատմության մեջ։ «Այլընտանքային փաստեր» արտահայտությունը շատերին հիշեցրեց «նորալեզու» («Newspeak») բառը, որն իր գրքում կիրառել է Օրուելը։ Օրուելյան «Նորալեզուն» կառավարվող լեզու է, որ ստեղծվել է մտքի ազատությունը և ռեժիմի համար վնաս ներկայացնող համոզմունքները՝ ազատությունը, ինքնաարտահայտումը, անհատականությունը և խաղաղությունը սահմանափակելու համար։
Amazon.com կայքի բեսթսելլերների ցուցակում «1984»-ն այժմ 10-րդն է։
Կա նաև գրքի հայերեն տարբերակը, թարգմանությունը՝ Աստղիկ Աթաբեկյանի։
«451 աստիճան ըստ ֆարենհայթի», Ռեյ Բրեդբերի
Մարդկության տեխնոլոգիական ապագան կանխագուշակել փորձող հեղինակների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերին իր «451 աստիճան ըստ ֆարենհայթի» հանրահայտ վեպով: Վեպի վերնագիրը ներկայացնում թղթի բռնկման ջերմաստիճանը։ Ապագայի հասարակության մեջ կարդալն արգելված է՝ սպառողական մտածելակերպը ամրացնելու նպատակով։ Արգելված գրքերը ենթակա են այրման։ Այդ աշխատանքով զբաղվում են հրշեջները՝ մտնելով օրինազանցների տներ և այնտեղ այրելով ամեն ինչ։ Թեև վեպն ապագա կանխատեսումներ անելու բնորոշ օրինակ է, սակայն վեպի կապակցությամբ հեղինակն ասում է հետևյալը․ «Ես չէի փորձում գուշակել ապագան։ Ես փորձում էի այն կանխել»։
Բրեդբերիի այս հայտնի վեպի վաճառքի ծավալները ևս աճել են Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։
Վեպը հայերեն է թարգմանել Լևոն Անանյանը։
«Վարդի անունը», Ումբերտո Էկո
«Եթե սկսեմ պատմել, թե ինչ բարդ վեպ էր ու թե ինչ ջանքեր պահանջվեց թարգմանելու համար, կստացվի, որ ինքնագովեստով եմ զբաղվում, բայց ասեմ, որ ինձնից խլեց 8 ամիս։ Հետո պարզվեց, որ եթե վեպը տպագրվի այդպես, թերի կլինի և որոշեցի, որ նաև մեկնություններ ու ծանոթագրություններ թարգմանել, ինչն էլ պահանջեց 5 ամիս: Մի խոսքով, 1 տարուց ավել թարգմանությամբ եմ զբաղվել: Շատ ծանր գործ էր, մինչև հիմա ուշքի չեմ եկել»,- ասել է կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը իտալացի գրող, գիտնական Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը հայերեն թարգմանելու մասին։
50 տարեկանում գրված Ումբերտո էկոյի անդրանիկ վեպը՝ «Վարդի անունը», եվրոպական գրականության պատմության խոշորագույն բեսթսելլերներից է։ Այն մոտ մեկ տասնամյակ Իտալիայում գլխավորել է ամենաընթերցվող գրքերի ամենշաբաթյա ցուցակը։ Ծննդյան 80 տարին բոլորելուն պես Էկոն հրատարակել է երկի վերամշակված տարբերակը: Նոր «Վարդի անունը» լույս տեսավ 2013-ին, և ֆրանսերենից հետո հայերենը երկրորդ լեզուն է, որով այն թարգմանվել է:
Վեպն էկրանավորվեց 1986 թ․-ին։ Այն արժանացավ հանդիսատեսի հիացմունքին։ ֆիլմի առթիվ Էկոն այնքան շատ նամակներ ստացավ, որ դրա մասին էսսե գրեց՝ պատասխանելով իրեն ուղղված հարցերին։ Բայց այս հաջողություններն անգամ Էկոյին չստիպեցին ֆիլմի մասին դրական կարծիք ունենալ, և դրանից հետո նա այլևս իր գործերի էկրանավորման համար համաձայնություն չտվեց։
«Վարդի անունը» վեպը կարող է բնորոշվել որպես փիլիսոփայական գործ՝ դետեկտիվ պատմության քողով ծածկված, կամ դետեկտիվ պատմություն ներկայացված, ինչպես պատմական վեպ։ Սակայն ավելի լավ է ասել բոլոր երեքի խառնուրդը։ Այն նկարագրում է 14-րդ դարի իրականությունը, որտեղ գիրքն ուղղակի գանձ է, իսկ գիտելիքը, հաճախ, թույն։
«Ես՝ քեզնից առաջ», Ջոջո Մոյես
«Երբ ես ավարտեցի նովելը, ես չէի ուզում վերանայել այն, ես ուզում էի նորից կարդալ», – այսպես է մեկնաբանել New York Times-ի գրախոսը Ջոջո Մոյեսի «Ես՝ քեզնից առաջ» (2012) ռոմանտիկ նովելը։ Այն սիրո պատմություն է՝ գրված ներկա սերնդի համար: Ջոջո Մոյեսն իր գրքով կյանք է նվիրում երկու մարդկանց, որոնց միակ մի հուզիչ սիրո պատմություն է։ Գլխավոր հարցն այս է ՝ ի՞նչ կանես դու, եթե քո սիրած մարդուն երջանկացնելը, նշանակում է կոտրել քո սեփական սիրտը։
Գիրքն էկրան բարձրացավ անցյալ տարի։ Գլխավոր կերպարներին մարմնավորում են Էմիլիա Քլարկը և Սեմ Կլաֆլինը։
Գիրքն առայժմ հայերեն չի թարգմանվել։
«Փոքրիկ իշխանը», Անտուան դը Սենտ–Էքզյուպերի
Էկզուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթ է՝ գրված մեծերի համար։ Բոլորին է ծանոթ գրքի բովանդակությունը։ Ինքնաթիռի խափանման պատճառով անապատում հայտնված օդաչուն հանդիպում է տարօրինակ տղայի։ Վերջինս ապրում է իր միակ վարդի հետ մի փոքրիկ մոլորակում։ Նա սկսել է ճանապարհորդել տարբեր մոլորակներով ու հասել Երկիր՝ թողնելով վարդին միայնակ։
Որոշ գրականագետների կարծիքով «Փոքրիկ իշխանը» պատմություն է պատերազմի մասին։ Ոչ թե պատերազմի այլաբանություն, այլ առակ դրա մասին, որտեղ կոնֆլիկտի հիմնական զգացմունքները՝ մեկուսացվածությունը, վախը, անորոշությունը, փարատվում են միայն սիրով։ Փոքրիկ իշխանի և վարդի սիրո պատմությունը նկարագրելիս հեղինակը ոգեշնչվել իր կնոջ հետ ունեցած սիրավեպից։ Անապատը և վարդը խորհրդանշում են հեղինակին որպես անվախ օդաչու և սիրահար։ Սակայն այս երկուսի մրջև կա բաժանող գիծ՝ պատերազմը։
Ստեղծագործությունն առաջին անգամ թարգմանել է գրող, թարգմանիչ Սաղաթել Հարությունյանը։
Գայանե Ենոքյան
2-րդ կուրս