ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ

ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ

7995

«Գիտական հոդված կամ որևէ այլ աշխատանք գրելիս ինքներդ ձեզ նախ հարցրեք, թե ինչի համար եք գրում: Ձեր աշխատանքը չպետք է լինի ուղղակի և ինքնանպատակ»:

Երևանի պետական համալսարանում ուսանողները կրկին նախաձեռնությունը վերցրել էին իրենց ձեռքը: Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր սեմինար-հանդիպում, որի բանախոսը նույն ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դասախոս Գոռ Ալեքսանյանն էր: Բանախոսը ուսանողներին ծանոթացրեց գիտական հոդված գրելու կանոներին:

«Աշխարհում չկա առավել հզոր բան, քան այն գաղափարը, որի ժամանակը եկել է»:- Վիկտոր Հյուգոյի միտքը մեջ բերելով Գոռ Ալեքսանյանը ասաց.

«Գիտական հոդված գրելու առաջին պայմանը գաղափար ունենալն է: Որպեսզի դուք կարողանաք գաղափար ունենալ, պետք է շատ կարդաք և կարդաք մասնագիտական գրականություն: Պատահական չէ, որ այսօրվա սերունդը շատ հաճախ անվանում են «կարճ ինֆորմացիայի» սերունդ, քանի որ երիտասարդները նախընտրում են կարդալ կարճ հոդվածներ ու նյութեր՝ անտեսելով լուրջ գիտական հոդվածները»:

Բանախոսը ուսանողներին կոչ արեց գրքեր կարդալիս նշումներ անել և ամեն վայրկյան գրի առնել նոր ծնված մտքերն ու գաղափարները, քանի որ դրանք հետագայում շատ են օգնելու գիտական հոդված գրելիս:

«Գիտական հոդվածի համար կարևոր է ճիշտ շարադրանքը, տրամաբանական կապը հոդվածի տարբեր մասերի միջև և հետաքրքիր վերնագիրը, որը առաջին իսկ հայացքից կգրավի ընթերցողին»:

Գոռ Ալեքսանյանը նշեց, որ գիտական հոդվածը ինչպես պետք է ունենա ներածական մաս, որտեղ նախապես կտեղեկացվի, թե ինչի մասին է գիտական հոդվածը և ինչ խնդիրներ են այնտեղ արծարծված, այնպես էլ պետք է ունենա վերջաբան կամ ամփոփում: Ամփոփումը պետք է չշեղվի հոդվածից և պետք է բխի սկզբում առաջադրված հարցերից ու խնդիրներից:

«Իմ կարծիքով գիտական հոդված գրելիս ամենակարևորը ակադեմիական ազնվությունը պահպանելն է: Չպետք է զբաղվել գրագողությամբ և միշտ պետք է հղումներ կատարել՝ նշելով նյութի սկզբնաղբյուրը,»- իր խոսքը եզրափակեց Գոռ Ալեքսանյանը և լսեց հավաքված ուսանողների հարցերն ու առաջարկները:

Հանդիպումը ամփոփեց երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության քարտուղար Անի Հակոբյանը, ով ուրախությամբ նշեց, որ ամեն անգամ ուսանողները էլ ավելի ոգևորությամբ են մասնակցում նմանատիպ հանդիպումներին և հաճախ ներկայացնում են նաև իրենց առաջարկները: Նա հույս հայտնեց, որ շատ շուտով հենց ուսանողները կլինեն բանախոսի տեղում և կներկայացնեն իրենց գիտական հոդվածները:

 

Լիանա Եղիազարյան

2-րդ կուրս

Կիսվել