ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒԵՑՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՆՈՐ ՕՐԻՆԱԳԾԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԿԵՏԵՐԸ

ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒԵՑՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՆՈՐ ՕՐԻՆԱԳԾԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԿԵՏԵՐԸ

1570

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծում մի շարք դրույթներ ենթակա են փոփոխման: Այս մասին մարտի 3-ին, «Հենարան» մամուլի ակումբում օրենքի նախագծի քննարկման ժանանակ նշեց  Disabilityinfo ՀԿ-ի նախագահ  Զառա Բաթոյանը: Վերջինիս խոսքով՝ նոր օրենքում կան մի շարք խնդրահարույց դրույթներ և սխալ ձևակերպումներ, որոնք շատ հաճախ անհասկանալի են և չեն բխում հաշմանդամների շահերից. «Նոր օրենքում նշվում է, որ հասարակական «նախընտրելի և անհրաժեշտ վայրերը» կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց: Իսկ ո՞վ կասի, թե որոնք են այդ վայրերը: Արդյո՞ք այդ «նախընտրելի և անհրաժեշտ վայրերը» տարբերվում են մյուս անձանց համար նախատեսված վայրերից: Օրենքում նման ձևակերպումը ես համարում եմ անընդունելի»: Զառա Բաթոյանը նշեց, որ մասնավորապես անհանգստության առիթ է տալիս օրենքում նշված «հասանելի» բառը, որը փոխարինում է «մատչելի» բառին: Սակայն դրանց միջև կա տարբերություն՝ հասանելիությունը դեռևս չի ապահովում երևույթի մատչելիությունը. «Բժշկական հաստատությունը կամ կինոթատրոնը կարող են լինել հասանելի, քանի որ արդեն կան, բայց չլինեն մատչելի»: Բանախոսը չի դադարում ահազանգել այն փաստի մասին, որ նոր օրինագիծն, ըստ էության, որոշակիորեն հեռացել է ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներից: Պատճառն այն է, որ նոր օրինագծում հաշմանդամությունը սահմանվում է բժշկական մոդելի շրջանակներում, մինչեռ ՄԱԿ-ի կոնվենցիան կոչ է անում հաշմանդամությունը սահմանել մարդու իրավունքների և շրջակա միջավայրի փոխազդեցության համատեքստում. «Բժշկական մոդելի վրա հիմնված մոտեցումը խնդիրը տեսնում է անձի առողջական վիճակում ֆունկցիոնալ խանգարման մեջ, իսկ ՄԱԿ-ի կոնվենցիան այլ բան է խրախուսում»:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության քաղհասարակության ծրագրերի համակարգող, իրավաբան Տաթև Խաչատրյանի համոզմամբ՝ ցանկացած իրավունքի սահմանափակում բխում է խտրականությունից: Չնայած նոր օրինագծում հստակ նշվում է խտրականության դեմ պայքարի մասին, այնուամենայնիվ, պետական ապարատն իր լծակները չի ծառայեցնում այդ նպատակին. «Նոր օրինագծում հիմնականում շեշտը դրվում է առողջապահության, սոցիալական ապահովության վրա, և աչքաթող են արվում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հաշմանդամություն ունեցող անձանց կյանքին անդրադառնալը, նրանց հասարակական-քաղաքական ակտիվությունն ապահովելը»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 3-ին Կառավարությունը հավանության է արժանացրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հարմարեցված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին:

 

Նելլի Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել