ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐ ԱՍՊԵՏ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ՆՈՐ...

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐ ԱՍՊԵՏ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐՈՎ

1871

Ամիսներ առաջ մոսկովյան LOOK FILM ընկերության նախաձեռնությամբ մեկնարկել է նոր ֆիլմաշարի նախագիծ: Այն միտված է տարբեր մշակույթների առակները վերածել կարճամետրաժ ֆիլմերի, և մեր իրականության կոնտեքստում ներկայացնել նրանց հասարակ և պարզ բարոյախրատական արտացոլումը: Նախագծի հիմնական նպատակը բացահայտելն է նոր անուններ և օժանդակել երիտասարդ հեղինակներին:

Մրցույթում ընտրված 7 պատմություններից մեկի հեղինակը հայ երիտասարդ ռեժիսոր Ասպետ Շերմազանյանն է: Նա ընտրել է դասական քրիստոնեական թեմա՝ «Անառակ որդու վերադարձը»: Ընտրությունը պայմանավորված է մի հանգամանքով. նա իրական պատմություն ունի, որը տեղի է ունեցել Լոռիում 90-ականներին: Մի մարդ հեռանում է իր գյուղից և 10 տարի ոչ ոք լուր չի ստանում նրանից: Ոմանք կարծում էին՝ նա արտերկրում է, շատերը հավատացնում էին անգամ, որ նա ինքնասպան է եղել և այսպես շարունակ: Տարիներ անց այդ մարդը հանկարծ վերադառնում  է. կյանքի փորձություններին չդիմակայելուց հետո նա նոր է գիտակցում հոր և հայրենի օջախի ուժն ու կարևորությունը:

«Իմ ֆիլմի հերոսը կայացած ու ամուր է վերադարձել, բայց գլուխը կախ ու ամաչելով` իր լեռներից  ու սարերից, քանզի իր ձեռք բերածն էլ փոշի է դառնում այն արժեքների կողքին, որոնցից նա հեռացել էր»,-նշեց Ասպետ Շերմազանյանը:

Փետրվարի 28-ին «Մոսկվա»  կինոթատրոնում կայացավ երիտասարդ ռեժիսորի երեք կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունը, որոնցից մեկը հենց «Անառակ որդու վերադարձն» էր:

Առաջին երկուսը՝ «Ամնեզիա»-ն (դերերում` Միխայիլ Գորեվոյ, Կարեն Մարտիրոսյան, Անտոն Ստրելյաեվ, Վիկտոր Սալամյանով)   և «Մի գողացիր»-ը (դերերում` Միխայիլ Բոգդասարով, Դմիտրի Օդինցով,Լյուբով Շեվչենկո),  մոսկովյան իրականության մասին պատմող կրիմինալ կոմեդիաներ են, որտեղ հանդիսատեսը ականատես է լինում նյութապաշտ մարդու աստիճանաբար կործանմանը:

«Ֆիլմերի պատրաստման աշխատանքը տևեց մոտ մեկ տարի և կես: Երեք ֆիլմի մասին էլ կարելի է երկար խոսել: Ֆիլմերից  2-ը Աստվածաշնչի առակների վրա հիմնված ֆիլմեր են: Սակայն երեքից և՛ ինձ, և՛ ռեժիսորի համար ամենահոգեհարազատը  «Աղ ու հաց» կամ «Անառակ որդու վերադարձը» ֆիլմն է: Քրիստոնյաների, հայերի, ողջ մարդկության համար շատ մեծ ասելիք կա ֆիլմում: Շատ բարի և դրական լինելով հանդերձ՝ այն հայկական է և ուսուցանող»,- մեզ հետ զրույցում նշեց ֆիլմի պրոդյուսերը:

Երրորդ ֆիլմը ցուցադրելուց առաջ Ասպետ Շերմազանյանը, ով ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է, հայտարարեց. «Հիմա կտրվենք մոսկովյան իրականությունից և վերադառնանք Հայաստան»:

Լինելով  արմատներով լոռեցի՝ Ասպետ Շերմազանյանը նշում է, որ  դեռ տարիներ առաջ երազում էր ֆիլմ նկարահանել Լոռիում, որի բնաշխարհը կինեմատոգրաֆի տեսանկյունից էլ անգնահատելի է: Եվ այսօր, երբ ֆիլմն արդեն պատրաստ է, այն  առաջին հերթին նվիրում է իր հորը և եղբորը, որը այժմ ծառայում է Մարտակերտում: Նա պարբերաբար խորհրդակցել է եղբոր հետ,  ով նկարահանումների ամբողջ ընթացքում մշտապես օգնել է կրեատիվ մտահղացումներով:

«Անառակ որդու վերադարձը»  ֆիլմը նկարահանվել է Հայաստանում: Երկու եղբայրների կերպարները մարմնավորել են Արսեն և Խորեն Լևոնյանները: Ֆիլմի գլխավոր հերոսը մոտ տասը տարի չի եղել հայրնեի գյուղում: Այդ դերում հանդես է գալիս Արսեն Լևոնյանը:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ստացա եղբորս հետ հենց երկու հարազատ եղբոր դերերում հանդես գալ: Նա ինձ շատ օգնեց, որի համար շատ շնորհակալ եմ: Կերպարները շատ ենք մշակել: Թեման նույնպես շատ արդիական է»,-նշեց Արսեն Լևոնյանը:

Ֆիլմում հոր կերպարը կերտել է մասնագիտությամբ նկարիչ Սամվել Սևադա Գրիգորյանը:

«Ես համաձայնեցի նկարահանվել ֆիլմում, որովհետև թեման ինձ հուզեց, և հետո, երբ երիտասարդները գործ են անում, նրանց  պետք է օգնել և համագործակցել: Իսկ այսօր կարող եմ շնորհավորել՝ հայկական կինոյում արդեն շարժ կա»,- նշեց Սամվել Սևադան:

Սա երիտասարդ մասնագետների առաջին համագործակցությունն է: Հետագայում ծրագրում են  Տավուշի և Լոռվա մարզերի  բարբառով՝ «Դըբա լավը» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի աշխատանքները կսկսվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, իսկ նկարահանումները կընթանան նաև Թբիլիսիում և Մոսկվայում: Դա լինելու է նրանց առաջին լիամետրաժ ֆիլմը:

«Մեր թիմը փնտրում է մեզ պես խենթ, էնտուզիազմով հարուստ երիտասարդների, ովքեր պատրաստ են համագործակցել: Ֆիլմը երկու լոռեցի տղաների մասին է, որոնք վրեժ լուծելու կամ պատիվը վերականգնելու համար Լոռուց հասնում են Մոսկվա: Այստեղ գյուղացու այն տեսակն է, որն արհամարհված է»,- ասաց Ասպետ Շերմազանյանը:

Միլենա Մկրտչյան
1-ին կուրս

Կիսվել