2017Թ. ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ ՉԱՐԵՆՑԻ «ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ» ԱՆՏԻՊ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

2017Թ. ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ ՉԱՐԵՆՑԻ «ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ» ԱՆՏԻՊ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

2104

«Չարենցը մի ծուռ, կեղծ տող չունի գրված: Չարենցը միայն Չարենցը չէր, նա ամբողջական քաղաքական կյանքն էր, երգեհոն` լի ամեն ինչով, բոլորի մեջ էր Չարենցը»,- համոզված է չարենցագետ Դավիթ Գասպարյանը:

Մարտի 13-ին` Չարենցի ծննդյան օրը, «Տեսակետ» մամուլի ակումբում նա տեղեկացրեց, որ թեև պատրաստվում է հրատարակել Չարենցի «Գիրք Մնացորդաց» անտիպ ժողովածուն, բայց գրողի համար լավագույն նվերը երկերի լիակատար ժողովածուի հրատարակումը կլիներ: «Գիրք Մնացորդացը» առաջին անգամ հրատարակվել է 2012թ.` պետպատվերով (500 օրինակ): Սակայն Չարենցի դստեր` Անահիտ Չարենցի պահանջով գիրքը պետության կողմից կալանքի տակ էր առնվել: Պատճառը, ըստ այդ շրջանի մամուլի հրապարակումների, գրքի ներածությունում առկա այն տողերն են, «որոնցում վիրավորանքներ են հնչում չարենցյան ժառանգության զգալի մասը ոչնչացումից փրկած Ռեգինա Ղազարյանի հասցեին, իսկ Չարենցը դասվում է հոգեպես անհավասարակշիռ մարդկանց թվին»: Դավիթ Գասպարյանը այն ժամանակ հայտարարել էր, որ եթե ոչինչ չփոխվի, և գիրքը շարունակի մնալ կալանքի տակ, ինքն իր անձնական միջոցներով կհրատարակի այն` առանց տառ անգամ փոխելու:

Ըստ Գասպարյանի՝ Չարենցը համաշխարհային ճանաչում կունենար, եթե մենք աշխարհի երեսին կորած ժողովուրդ չլինեինք, որովհետև 20-րդ դարի մեծագույն մտածողներից մեկն էր:

«Պատահական չէր, որ Հռոմի պապը` այդ հսկայական մարդը, եկավ և մեծարեց Նարեկացուն, Շնորհալուն և Չարենցին: Դա դուռ էր` մեր հանճարին աշխարհին նեկայացնելու համար: Բայց ի՞նչ արվեց»,- նեղսրտեց նա:

Գրականագետը նշեց, որ երբեմն Չարենցին փորձում են հարմարեցնել իրենց, մինչդեռ դեպի մեծը պետք է գնալ և ոչ թե հարմարեցնել: Չարենցն էր, որ առաջին հանրապետության շրջանում Երևանը դարձրեց գրական մայրաքաղաք, երբ արդեն երկու մեծագույն գրողներ` Թումանյանը և Տերյանը մահացել էին:

Իսկ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը հայտնեց, որ Չարենցի մասին մենախոսությամբ է հանդես գալու «Գոյ» թատրոնում: Արվեստագետն ասաց, որ հպարտ է  Չարենցի նման օվկիանոսից մի կում վերցնելու և մատուցելու համար: Հարցին՝ արդյո՞ք այսօր հնարավոր է Չարենց բեմադրելով հանդիսատեսին գրավել, նա պատասխանեց. «Կասկածում եմ, որովհետև մենք փչացրել ենք մեր հանդիսատեսին: Որևէ հայ հեղինակ չի ներկայացվել հեռուստատեսությամբ, մենք սկսել ենք դառնալ անհոգ, անդեմ մի ժողովուրդ, որ կարծես հոգևորի կարիք չունի»:

 

Նանե Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել