ՀԱՅ ՍՊԱՌՈՂՆԵՐԸ ԴԺԿԱՄՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԳՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ

ՀԱՅ ՍՊԱՌՈՂՆԵՐԸ ԴԺԿԱՄՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԳՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ

2061

Դեղատան աշխատողների հետ մեր զրույցներից պարզ է դարձել, որ հաճախորդները երբեմն դժկամությամբ են գնում հայկական արտադրության դեղամիջոցներ։  Գերադասում են Եվրոպական կազմակերպությունների արտադրանքը։ Կարելի է այս խնդրին մոտենալ մի քանի տեսանկյունից։ Պատճառներից մեկն այն է, որ հայկականն իր որակով զիջում է այլ արտադրություններին։ Կա նաև կարծրացած տեսակետ, որ հայկականն անորակ է։ Դեղատան աշխատակիցներից մեկը նաև նշեց, որ հաճախ է սպառողներից լսում նմանատիպ արտահայտություններ. «Հայերը ի՞նչ դեղորայք արտադրող են որ», «Հայկական է՞, իսկ ուրիշ չկա՞»։

Խնդրի շուրջ «Առողջապահության և դեղագործության EXPO 2017»-ի շրջանակներում զրուցեցինք տեղական դեղ արտադրող «Էսկո-ֆարմ» ընկերության պրոմոցիոն բաժնի ղեկավար Վարդան Գիրգորյանի հետ։ Մեր այն հարցին, թե ինչու սպառողը պետք է ընտրի իրենց արտադրանքը, Վարդան Գիրգորյանը մասնավորապես նշեց. «Նախ և առաջ, մեր արտադրանքի ինքարժեքը ցածր է։ Իսկ եթե մեր հանրությունը նախընտրում է դրսի արտադրանք, ապա ասեմ, որ մեր պատրաստուկների մեծ մասը ներմուծվում է դրսից։ Այստեղ մշակվում է, վերամշակվում,  փաթեթավորվում և ստանում արդեն վաճառքային տեսք։ Բոլորին հրավիրում եմ, թող գան մեր արտադրամաս և տեսնեն, որ պահպանված են Եվրոպական բոլոր չափանիշները»։

Դեղորայքի արտադրության մեջ «Էսկո-ֆարմ»  ընկերության օգտագործած տեղական հումքը հիմնականում Հայաստանում աճող դեղաբույսերն են, որոնցից ստացվում են ոգեթուրմեր: Ընկերությունն արտադրում է նաև Հայաստանում առավել տարածված՝ պրոբիոտիկ «Նարինե» կաթնաթթվային բակտերիաների հիման վրա պատրաստված բուժիչ և կոսմետիկ միջոցներ:

Հայկական արտադրաք ներկայացնող ցուցահանդեսի մասնակից ընկերություններից էր նաև «Անթառամը»։ Ընկերությունն արտադրում է բուսական թեյեր և դեղաբույսեր։ Այն տեսակները, որոնք հայաստանյան պայմաններում չեն աճում, ներկրվում են դրսից։ Մեզ հետ զրույցում «Անթառամ»-ի աշխատակից Արեգ Գալստյանն ասաց, որ թեյերը և´ օգտակար են, և´ հաճելի. «Մարդկանց մոտ տպավորված է, որ դեղաբույսերը տհաճ են, դառն են։ Մեր արտադրանքի առանձնահատկությունն այն է, որ օգտակարությունը համատեղում ենք հաճելի համի հետ»։

Նշենք, որ «Առողջապահության և դեղագործության EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը անցկացվեց փետրվարի 24-26-ը «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում։ Ցուցադրության հիմնական թեմաներն էին պրոֆիլակտիկ բժշկությունը, բժշկական սարքավորումները, հիգիենան, ատամնաբուժությունը, դեղագործությունը և այլն։ Ներկա էին արտադրողներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, ինչպես նաև եվրոպական մի շարք ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչներ։

Գայանե Ենոքյան

2-րդ կուրս

Կիսվել