ԱՆՑՅԱԼՈՒՄ ՄԱՐԶԱԴԱՇՏ, ԻՍԿ ԱՅԺՄ ԴԺՎԱՐ Է ԱՍԵԼ…

ԱՆՑՅԱԼՈՒՄ ՄԱՐԶԱԴԱՇՏ, ԻՍԿ ԱՅԺՄ ԴԺՎԱՐ Է ԱՍԵԼ…

2674

Հրազդան մարզադաշտ, մոռացվող լեգենդ, վայրէջք կատարած թռչող ափսե: Ծիծեռնակաբերդի բարձունքի ստորոտում, Հրազդանի գեղատեսիլ ձորում հասակ է առնում Հրազդան մարզադաշտը: Հրազդանը Հայաստանի հպարտություններից մեկն է: Ճարտարապետական այս յուրօրինակ լուծման հեղինակներն են Կորյուն Հակոբյանը և Գուրգեն Մուշեղյանը: Մարզադաշտի կառուցմանը մասնակցել են «Նաիրիտը», «Հատուկ շինմոնտաժ» տրեստը. գրեթե բոլոր շինարարական կազմակերպությունները ներգրավվել էին աշխատանքներին: Կարելի է ասել, որ ամբողջ Հայաստանը մասնակցում էր շինարարությանը: Հրազդանը առաջին երկհարկանի մարզադաշտն էր Հայաստանում: Հայաստանում նոր մարզադաշտ կառուցելու հիմնական պատճառը այդ շրջանում «Արարատ» 73-ի ցուցադրած հիանալի խաղն էր: Խոսելով Հրազդան մարզադաշտի մասին, չենք կարող չհիշել այն նախագծող, վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանին, ով մեզ պատմեց նախագծման ու կառուցման աշխատանքների մասին:

«Մարզադաշտի նախագծումը դիպլոմային աշխատանքիս թեման էր: Հրազդանի կառուցման մասին որոշում ընդունվեց 1968 թվականին: Պետք է նշեմ, որ այդ տարածքում մարզադաշտ կառուցելու գաղափարը պատկանում է խորհրդային հայտնի պետական գործիչ Անաստաս Միկոյանին: Կառուցման աշխատանքներն ավարտվել են ընդամենը 19 ամսում: Դա մեծ, սպասված և բոլորին ոգևորող իրադարձություն էր: Բացումը տեղի ունեցավ 1971թ.-ին»:

Մարզադաշտում առաջին ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել 1971 թվականի մայիսին Երևանի  «Արարատ» և Ալմա Աթայի «Կայրատ» թիմերի միջև: Այն ավարտվել է «Արարատի» հաղթանակով: Հենց այս մարզադաշտում էին ԽՍՀՄ չեմպիոն «Արարատ» 73-ի երկրպագուները վայելում իրենց սիրելի թիմի խաղը:

Մարզադաշտի կառուցումից մինչև բացումն արված բոլոր լուսանկարները պահպանվում են Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում, որոնք մեզ տրամադրեցին աշխատակիցները:

2016 թվականին մարզադաշտի հարևանությամբ բացվել է «Արարատ» 73-ի ֆուտբոլիստների հուշարձանը: Այն մեծ ուժ է պարունակում իր մեջ: Մեր ֆուտբոլիստները կարծես քարացած լինեն  Հայաստանի դարավոր պատմությունը կերտելու ճանապարհին:

Մարզադաշտը այժմ անուշադրության է մատնված: Շատերը հիմա Հրազդան ասելիս առաջին հերթին հասկանում են առևտրի կենտրոն: Արդյոք Հայաստանի խորհրդանիշերից մեկի՝ Հրազդան մարզադաշտի աղավաղումը թույլատրելի էր, ժամանակը չէ՞ վերականգնել անցյալի արժեքները…

 

Աննա Բզնունի

2-րդ կուրս

Կիսվել