Թուրքիան պետք է բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից. Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը

Թուրքիան պետք է բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից. Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը

567

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարաությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Թուրքիան երկար ժամանակ ակտիվորեն փորձում է օգտագործել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր ապակառուցողական արտաքին քաղաքական օրակարգն առաջ մղելու համար, ընդ որում՝ ոչ միայն հրապարակավ արտահայտելով անվերապահ համերաշխություն Ադրբեջանին, այլև այդ երկրին ցուցաբերելով իր անմիջական աջակցությունը, այդ թվում՝ ռազմական բնույթի:

«Սակայն եթե նախկինում Թուրքիան ստվերային տիկնիկավարի դեր էր խաղում, որն ուղղորդում էր Ադրբեջանի գործողությունները, ապա այժմ Անկարան անմիջական մասնակցություն ունի Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի իշխանությունների միջազգային հակաիրավական գործողություններին՝ խրախուսելով Բաքվի հանցավոր գործողությունները, ցուցաբերելով ռազմաքաղաքական և տեղեկատվական աջակցություն, տրամադրելով զենք, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր և համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ուղարկելով ռազմական մասնագետներ և հավաքագրելով վարձկաններ Մերձավոր Արևելքից՝ Արցախի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու համար: Թուրքիայի այսօրինակ ագրեսիվ վարքագծի ցայտուն օրինակ է ՀՀ օդային տարածքում թուրքական F-16 կործանիչի կողմից հայկական ինքնաթիռի խոցումը:

Թուրքիայի տարածաշրջանային դերի վտանգի աստիճանն աճում է թուրքական ղեկավարության ծավալապաշտական ​​նկրտումների աճի ֆոնին՝ հիմնված կայսրության ֆանտոմային հիշողությունների վրա, որը, նախքան իր գոյությունը դադարելը, 1915թ. իրականացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը: Հավակնությունների հետ մեկտեղ, Թուրքիայի ներկայիս իշխանությունները մոռացության մատնված կայսրությունից ժառանգություն են ստացել ոչ միայն նրա քաղաքականությունը, այլև դրա իրականացման հանցավոր րրեղանակներն ու միջոցները: Հատկանշական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ծագել է 1918թ.-ին` հենց Հարավային Կովկասում թուրքական զորքերի ռազմական միջամտության արդյունքում: Շարունակելով 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը, 1918թ.-ին թուրքական զորքերը ներխուժել են Արցախ և իրականացրել Շուշիի հայ բնակչության կոտորածը: Սակայն Արցախը անկախության կարճատև պատմություն ունեցած Ադրբեջանին հպատակեցնելու թուրքական զորքերի բոլոր փորձերն ավարտվել են լիակատար ձախողմամբ: Ավելի քան հարյուր տարի անց, Թուրքիան փորձում է հետ շրջել պատմության անիվը:

Թուրքիայի էական դերը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ կատարված հանցագործություններում ունի բավարար փաստագրական ապացույցներ և կասկածից վեր է: Անկարայի պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն Ադրբեջանի իշխանությունների ձեռքերով հանցագործությունների ուղղակի կատարմամբ, այլև ներառում է հանցավոր գործողությունների վերահսկում և ղեկավարում ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ դրանց կատարման ընթացքում: Թուրքիայի գործողությունները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում ավելին են, քան պարզապես օգնությունն ու Ադրբեջանին նոր հանցագործությունների դրդումը: Թուրքիայի ղեկավարների այս դիրքորոշումը հանցավոր վարքի բաղկացուցիչ մասն է և վկայում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության առկայության մասին` համակարգված քայլերի և նրանց զավթողական ծրագրերի իրականացման վրա համատեղ վերահսկողության միջոցով ընդհանուր նպատակի հասնելու համար: Միջազգային հանրությունը պետք է լիովին գիտակցի, որ Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, կրում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խախտման համար ողջ պատասխանատվությունը և պետք է հավասարապես էլ պատասխանատվության ենթարկվի միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության հետևողական խախտման համար:

Այս բոլոր գործողություններից հետո Թուրքիան այլևս չի կարող համարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ինչպես նաև որևէ ձևով մասնակցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ շրջանակներում միջնորդական առաքելության իրականացման հետ կապված գործողություններին: Թուրքիան պետք է բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից, քանի որ նրա ներկայությունը այս միջազգային միջնորդական կառույցում կնշանակի Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելուն ուղղված ապակառուցողական և հանցավոր գործողությունների խրախուսում:

Մենք կրկին շեշտում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանը, Թուրքիայի ուղղորդմամբ, անտեսում է միջազգային հանրության կոչերը` անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, և հետևողականորեն հրաժարվում է լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կդառնա համաշխարհային հանրության հավաքական ներդրումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման, ինչպես նաև բանակցությունների միջոցով մնացած բոլոր հարցերի լուծման համար պայմաններ ստեղծելու գործում:

Բացի այդ, կայուն իրավական հիմքերի և Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման օրինական արդյունքների ճանաչումը կդառնա արդյունավետ գործոն Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը զսպելու համար, որից ոչ Բաքուն, ոչ էլ Անկարան չեն պատրաստվում հրաժարվել:

Կարծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը լիովին տեղավորվում է քաղաքակիրթ աշխարհի և, առաջին հերթին՝ այն երկրների քաղաքական և մարդասիրական պարտավորությունների շրջանակներում, որոնք ճանաչել և դատապարտել են 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Կիսվել