Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ այս պահին մարտերը շարունակվում են նույն ուղղություններով։
«Մարտերը այսօր չեն ունեցել նախորդ երկու օրերի համառությունը և ծանրությունը, բայց հակառակորդը նորից ձեռնարկել է իր հարձակողական գործողությունները։ Մեր ԶՈՒ-երը հետ են մղել հարձակումները՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ։
Միայն այսօրվա ընթացքում հակառակորդի անձնակազմի կորուստը կազմում է 400 զինծառայող, 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ և 1 ԱԹՍ»,-հայտնեց Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ երեկ հակառակորդը շնորհավորում էր իրեն Մատաղիսի գրավման կապակցությամբ, իսկ այսօր հրապարակեցինք տեսանյութը, որը հստակ ապացուցում էր, թե ինչպես էին ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից ուղղակի փախչում հայկական ԶՈՒ-երի հրետանային հուժկու կրակի տակ։
Արծրուն Հովհաննիսյանը նաև խոսեց այսօր սոցիալական տիրույթում տարածվող ադրբեբեջանական ապատեղեկատվության մասին։
«Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք՝ ենթադրելու, որ Ալիևը սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում է։ Փաստացի, երկրի գերագույն-գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ նրան սխալ են զեկուցում, այսինքն՝ ռազմավարական կառավարման համակարգի հետ խնդիր կա, և նրանց զեկուցում են կեղծ ինֆորմացիա, և որը փորձում է օգտագորել և սեփական բանակի պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար փորձում է էժանագին լուրեր արածել, որոնք հեշտ հերքվում են՝ նույնիսկ տեսանյութերով»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Արծրուն Հովհաննիսյանը նաև անդրադարձավ Գյանջա՝ Գանձակ քաղաքի օդանավակայանին հասցված հարվածին։
«Այսօր Գյանջայի՝ պատմական Գանձակ քաղաքի օդանավակայանին հասցված հարվածից հետո մենք պարզ տեսանք, թե Ալիևն ինչ մակարդակի թքած ունի սեփական քաղաքացիների վրա։ Մեկ շաբաթ է՝ պատերազմ է գնում, բայց նա որևէ քայլ չի ձեռնարկել բավականին մեծ քաղաքի քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանի ԶՈՒ-երը, հստակ տիրապետելով, որ մեկ շաբաթից ավելի տևող իրենց հարվածներից հետո, որ ուղղված էին Արցախի խաղաղ բնակչությանը, Արցախի ԶՈՒ-երը կարող են հարված հացնել իրենց ռազմական նշանակետերին, որևէ քայլ չեն կատարել սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,-ընդգծեց Արծրուն Հովհանիսյանը։