Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

587

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ, մեր զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին: Նույն ժամանակ ինտենսիվորեն Ադրբեջանի ԶՈՒ-երը սկսել են հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը: Այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում:
«Ընդհանուր առմամբ, ռազմաճակատում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են, բայց վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ: Մի քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, որ իբր Հայաստանի որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը: Մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է: Տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որևէ բան չի հաստատում, թե դա որտեղից է կիրառվում, և դեռ հարց է, թե ընդհանրապես հայաստանյան հատվածից է, Արցախի, թե՞ ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը»,- նշեց Հովհաննիսյանը:
Նաև ասաց, որ մի հետաքրքիր, ուշագրավ բան նկատենք՝ շատ հաճախ Արցախի որոշ շրջաններ այս կամ այն կերպ, ուղղակի կամ անուղղակի ճանաչվում են որպես Հայաստանի մաս: Արդեն որերորդ անգամ է՝ այս գիծը տարվում է ադրբեջանական լրատվամիջոցներում:

Կիսվել