«ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ՈՏՔԵՐՈՎ, ՄՏԱԾՈՒՄ՝ ԳԼԽՈՎ». ՊԵԼԵ

«ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ՈՏՔԵՐՈՎ, ՄՏԱԾՈՒՄ՝ ԳԼԽՈՎ». ՊԵԼԵ

1947

Մա՜մ, մա՜մ գնում եմ ֆուտբոլ խաղալու: Այս խոսքերը հաճախ կարելի է լսել փոքրիկ Արմենից: Ֆուտբոլը նրա սիրած խաղն է: Մայրը՝ տիկին Լուսինեն, նկատել է, որ վերջերս տղան շփման մեջ ավելի անկաշկանդ է դարձել, այլևս եսասեր չէ, նաև ֆիզիկապես է կոփվել: Եվ որ ամենակարևորն է՝ կտրվել է համակարգչից:

Անտարբեր մի անցեք ձեր բակում ֆուտբոլ խաղացող երեխաների կողքով: Նրանց մեջ կարող են լինել ապագա Մխիթարյաններ, Մովսիսյաններ, Մեսսիներ:

Ինչ կարելի է ասել ֆուտբոլի մասին, բացի ֆուտբոլի նման հին ճշմարտությունից՝ գնդակը կլոր է, դաշտը՝ ուղիղ, և յուրաքանչյուր խաղ կարող է երեք ելք ունենալ: Ֆուտբոլը այն մարզաձևերից է, որը սիրում և որով հետաքրքրվում են շատերը Հայաստանում: Հայաստանում ֆուտբոլը սկբնավորվել է 1918  թվականին: 1920 թվականին Երևանում տեղի է ունեցել առաջին պաշտոնական ֆուտբոլային խաղը, որը խաղադաշտ չլինելու պատճառով անցկացվել է զբոսայգու բացատում: Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ու տարածմանը նպաստում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որի հիմնական նպատակը երկրում ֆուտբոլի զանգվածային տարածումն ու ֆուտբոլիստների վարպետության բարձրացումն է: Հայաստանում ֆուտբոլի զարգացման սկզբնական շրջանում ձևավորվեցին մի շարք թիմեր՝ «Նաիրի», «Դինամո», «Սպարտակ» և ի վերջո բոլորի հիշողության մեջ վառ մնացած լեգենդար «Արարատը», որը 1973 թվականին ԽՍՀՄ առաջնությունում նվաճեց ԽՍՀՄ գավաթը և հռչակվեց չեմպիոն:

Ինչպես Հայաստանում սկսեց զարգանալ ֆուտբոլը, ինչ հեռանկարներ կան կապված նրա ապագայի հետ, այս հարցերի պատասխանները տվեց Ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի պրոֆեսոր Սամսոն Հակոբյանը.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ռազմավարական հսկայական ծրագրի ներդրումը նպաստեց Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը։ Այսօր էլ Հայաստանում շարունակում է զարգանալ ֆուտբոլը, կան լավ պատրաստված  ֆուտբոլային ակումբներ՝ «Ալաշկերտը», «Փյունիկը», «Բանանցը», «Գանձասարը» և այլ թիմեր, որոնցում հանդես եկող ֆուտբոլիստներից շատերը համալրում են Հայաստանի ազգային հավաքականը: Մեր մարզիչները անընդհատ վերապատրաստման փուլում են: Ճիշտ է, արդյունքները դեռևս տեսանելի չեն, բայց հուսամ, որ մոտ ապագայում մենք կքաղենք դրանց պտուղները»:

Այսօր շատ հայ ֆուտբոլիստներ, հանդես են գալիս այլ երկրների ֆուտբոլային ակումբներում, նշենք Հենրիխ Մխիթարյանին, ով հայկական «Փյունիկից» հասավ մինչև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա կարողացավ շատ շատերին ապացուցել, որ Հայաստանում դեռ կա և ապրում է ֆուտբոլը, որ հայ ֆուտբոլիստները ունակ են ֆուտբոլ խաղալու և հաջողությունների հասնելու:

«Հայկական ֆուտբոլը իր պատմության մեջ շատ անկումներ է ունեցել, բայց շարունակում է ապրել: Ֆուտբոլի թիմ կառուցելը մեկ, երկու կամ երեք օրվա գործ չէ, որպեսզի ունենանք պատրաստված թիմ՝ անհրաժեշտ են տարիներ»:

Մարզական լրագրող Իգոր Ֆեսունենկոն իր՝ «Պելեն, Գարինչան, Ֆուտբոլը» գրքում փաստում է, որ ցանկացած ֆուտբոլիստի հետ հարցազրույցի համար լավագույն տեղը մարզումների հավաքատեղին է: Այդ ժամանակ ոչ ոք ոչ մի տեղ չի շտապում, բոլոր հոգսերն ու ցավերը մնում են մարզադաշտի ցանկապատից այն կողմ: Այնտեղ՝ ցանկապատի հետևում, կարող են փոխվել աշխարհի ճակատագրերը, տառապել հերոսները, դավաճանել կանայք, այրվել տներն ու հօդս ցնդել առևտրական գործարքները, այդ բոլորն «այնտեղ», իսկ այստեղ՝ սրբազան ցանկապատի ներսում, միշտ խաղաղություն է տիրում, հաջորդ օրվա խաղի նախօրյակին ոչինչ չի խանգարում ֆուտբոլիստների անդորրը: Քանզի վաղվա խաղը միշտ ամենակարևորն է, իսկ վաղվա հակառակորդը՝ միշտ  ամենալուրջը: Հենց մարզումներից մեկի ժամանակ էլ զրուցեցինք «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներից մեկի հետ.

«Կարծում եմ, դժվար կարողանամ անաչառ խոսել ֆուտբոլի մասին, քանի որ իմ սիրած մարզաձևն է: Ես անմնացորդ  սիրահարված եմ  ֆուտբոլին: Բայց կասեմ, որ լավ մարզավիճակում է գտնվում մեր բարձրագույն խումբը, աշխատում ենք լավ մասնագետների, մարզիչների հետ»:

Ֆուտբոլի մեկ հանդիպումը տևում է 90 րոպե, սակայն շատ ֆուտբոլասերների կարծիքով 90 րոպեն մեկ հանդիպման համար քիչ է: Ամենաանհույս սիրահարները կարող են խաղալ ժամեր շարունակ: Մինչ այսօր ամենաերկար ֆուտբոլային հանդիպումը համարվում է 1881 թվականին իռլանդական երկու թիմերի միջև տեղի ունեցածը, որը տևել է 65 ժամ 1 րոպե: Շատերին թվում է, թե ֆուտբոլը հեշտ խաղ է, ընդամենը վերցնում ես գնդակը և փորձում հարվածել դարպասին, սակայն դա այդպես չէ: Ինչպես ասել է ֆուտբոլի արքա Պելեն. «Ֆուտբոլ խաղալը բարդ է, չէ որ մենք ոտքերով ենք խաղում, իսկ մտածում ենք այնուամենայնիվ գլխով»:

 

Աննա Բզնունի

2-րդ կուրս

Կիսվել