Նոր մասնագիտությունը՝ ծանոթության ձեռքբերում. գեղանկարչից մինչև օպերային երգիչ

Նոր մասնագիտությունը՝ ծանոթության ձեռքբերում. գեղանկարչից մինչև օպերային երգիչ

1569

Գեղանկարչությունից  դեպի օպերային երգեցողություն. այսպիսին էր Հայկի ճանապարհը, ում կտավին 28 տարեկան հասակում եկան գունավորելու ձայնային ելևէջները:  Դեռ մանկապարտեզում Հայկը աչքի է ընկել իր նկարչական տաղանդով: Հետագայում Արևիկ Մկրտչյանը, ով Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան նկարչական դպրոցի ուսուցչուհիներից է, նկատել է տղայի շնորհը և նրան ընդգրկել իր դասարանում: Ավարտելով նկարչական դպրոցը՝ Հայկը ուսումը շարունակել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Ուսանողական տարիներին երգիչը ընկերոջ միջոցով ծանոթացել է օպերային երգչի հետ. «Եվ քանի որ մեր ընկերության շրջանակում երկուսս էինք արվեստագետ, միմյանց ավելի լավ էինք հասկանում»։ Ո՞վ կմտածեր, որ այս ծանոթությունը կարող է ճակատագրական դեր ունենալ Հայկի կյանքում: 26 տարեկանում  նրա ընկերը նկատեց, որ Հայկի մոտ առկա են ձայնային տվյալներ. «Մի խնջույքի ժամանակ սկսեցինք երգել, ասմունքել, և նա ինձ մոտ նկատեց օպերային երգեցողության բացառիկ տվյալներ։ Հաջորդ օրը ստիպեց ինձ իր հետ գնալ Էջմիածնի Մակար Երկմալյանի անվան երաժշտական դպրոց, այնտեղ տվեց երաժշտական վարժություններ և դրանց միջոցով բացահայտեց ձայնիս դիապազոնը, գույնը»: Ընկերը հավաստիացրել է՝ Հայկն ունի այնպիսի տվյալներ, որով հանգիստ կարող է հանդես գալ միջազգային բեմերում:

Մեկ տարի անց Հայկը ծանոթացավ ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ, ով իր՝ որպես երգչի կայացման գործում հատկանշական դեր ունեցավ: «Լսելով ինձ՝ շատ հավանեց ձայնս: Մոտ չորս ու կես տարի մասնավոր դասեր անցա իր մոտ (նաև ուսանողական տարիներին): Նա իմ առաջին ուսուցիչն է. իմ վոկալային երգեցողական հիմքը նա է դրել»,- պատմում է Հայկը։  Այդ ընթացքում գրեթե մեկ տարի սովորելով երգեցողություն՝ նա ընդունվեց Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայի նախապատրաստական բաժինը։ Այդ ժամանակահատվածում սովորելով նաև հարմոնիա և սելֆեդջո՝  մեկ տարի անց ընդունվեց կոնսերվատորիա՝ անվճար հիմունքներով սովորելու։ 2014-2015 ուս. տարվա լավագույն ուսանող է ճանաչվել:

Մասնագիտության փոփոխության դժվարությունների մասին պատմում է, որ հեշտ չէր, քանի որ մուտք գործեց արվեստի մեկ այլ ճյուղ. «Երգեղոցությունը և նկարչությունը որքան էլ կապ ունեն՝ որպես արվեստի տեսակներ, այդքան էլ տարբեր են իրարից»: Տարիքը հասուն էր և պետք էր շատ արագ հասցնել սերտել այն գիտելիքները, որոնք այլ մարդիկ սովորում էին դեռևս 7-8-ամյա երաժշտական դպրոցներում. «Ունեի կուրսեցիներ, ովքեր սովորել էին նաև  ուսումնարանում, ապա նոր ընդունվել կոնսերվատորիա։ Իսկ ես, ունանալով գրեթե զրոական գիտելիքներ, մեկ-մեկուկես տարվա ընթացքում փորձեցի անել անհնարինը։ Մինչև այսօր էլ իմ երաժշտական գիտելիքները՝ թեորիայի առումով, փորձում եմ լրացնել, քանի որ ամեն դեպքում այն ուղեղի և ականջի մարզում և գիտելիքների կուտակում է պահանջում»:

Ըստ արվեստագետի՝ գեղանկարչությունը աչքի ու ձեռքի արվեստ է, երաժշտությունը՝ ականջի և խոսքի: Առաջինը շատ յուրահատուկ է, վերջ չունի. ինչքան էլ աշխատես, միևնույն է, աշխատելու տեղ կա, անհնար է կանգնել: Ակամայից հիշեց այս խոսքերը. «Ճիշտ գեղանկարիչը պետք է կարողանա ճիշտ տեղում կանգնել»: Իսկ երաժշտության մեջ կարծես մետրոյում լինես. գնացքը գնում է, ու պետք է հասցնես ճիշտ ժամանակին մտնել գնացք և ճիշտ ժամանակին էլ դուրս գալ:

Իր շրջագայությունների մասին օպերային երգիչը պատմում է՝ եղել է տարբեր երկրներում՝ Մոլդովիա, Ղազախստան, Լատվիա, Իսպանիա, Ռուսաստան, մասնակցել է տարբեր մրցույթների. «Ղազախստանում՝ «Բիբիգուլ Տուլեգենովա» վոկալիստների միջազգային մրցույթին, որտեղ արժանացել եմ 2-րդ մրցանակի, Կիշինյովում` «Մարիա Բիեշու» օպերային երգիչների միջազգազգային մրցույթին արժանացել եմ 6-րդ մրցանակի, Գոհար Գասպարյանի անվան հանրապետական մրցույթին, որտեղ արժանացա 2-րդ մրցանակի, սակայն մրցույթում ոչ ոք 1-ին հորիզոնականը չզբաղեցրեց»: Հայկը ոգեշնչվում է տարբեր օպերային երգիչներից՝ Մարիա Կալաս, Էնրիկո Կարուզո, Լուչանո Պավարոտտի և այլք. «Շատ օպերային երգիչներ կան: Չեմ ուզում առանձնացել որևէ մեկին, քանի որ բոլորն էլ յուրօրինակ են և անգերազանցելի»:

Յուրաքանչյուր ոք կարող է հասնել հաջողության, երբ ճիշտ ժամանակին իր կողքին են հայտնվում ճիշտ մարդիկ, և ամեն ճակատագրական ուղի հաղթահարելի է, եթե դրանում հոգին ու եռանդ ես ներդնում:

Հասմիկ Անդրեասյան

3-րդ կուրս

Կիսվել