Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրթիռահրետակոծություն է սկսել։ Հրթիռահրետակոծվել և առ այսօր էլ շարունակում են թշնամու կրակի տակ մնալ Արցախի բոլոր շրջանները և խաղաղ բնակավայրերը, այդ թվում նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։
Մարտական գործողությունների ժամանակ հոկտեմբերի 27-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ միջազգային Կարմիր խաչի գրասենյակի հարևանությամբ «Սմերչի» հրթիռ է պայթել։
Պատերազմի առաջին օրերից Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աջակցության պատրաստակամություն է հայտնել։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին․ «Ընդհանուր առմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, քանի որ գտնվում է տարածաշրջանում, ներկայացուցչություններ ունի նաև շփման գծի երկու կողմում՝ Ստեփանակերտում, իսկ Ադրբեջանում Բարդա քաղաքում, ինչպես նաև Երևանում ու Բաքվում, մարդասիրական միջնորդության իր պատրաստակամությունն է հայտնել ներգրավված կողմերին՝ աջակցելու մի շարք հարցերում՝ կապված մարդասիրական խնդիրների և կողմերի պարտավորությունների կատարման հարցում»։
Զառա Ամատունին նշեց, որ աջակցությունն իրականացվում և իրակաանցվելու է մի քանի ուղղություններով։ Գլխավոր ուղղություններից մեկը կարիքների արագ գնահատումն է տուժած բնակչության շրջանում․ «Հայաստանում այս պահին համագործակցում ենք մեր գործընկեր հայկական Կարմիր խաչի հետ։ Իրենք աշխատելու են մեր աջակցությամբ նաև ֆիանասական առումով օգնելու մարդկանց, ովքեր տեղափոխվել են Հայաստան։ Իսկ Լեռնային Ղարաբաղում, արձագանքելով տեղի կառույցների կարիքներին, փոխանցել ենք անհետաձգելի բժշկական օգնության պարագաներ՝ վերմակներ, անհրաժեշտ իրեր»։
Առաջիկայում նախատեսվում է նաև նյութական, տեխնիկական աջակցություն հատկացնել դատաբժշկական փորձաքննություն իրականցնելու ուղղությամբ․ «Ներկա պահին մեզ դժվար է ինքնուրույն կարիքների գնահատում իրականացնել Արցախում, որովհետև իրավիճակը դեռևս թեժ է, ինչը նշանակում է, որ մեր կապն Արցախի տարբեր համայնքների հետ հեռախոսով է, տեղի կառույցների, իշխանությունների հետ անմիջական է, և մենք դիտարկում ենք այս պահին, որ մոտակա ամիսների ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ շփման գծի երկու կողմերում կարիք կունենան տեղական աջակցության՝ սկսած սննդից, կենցաղային օգտագործման պարագաներից, կարիք կլինի նաև ֆինանսական աջակցության։ Մենք պատրաստ ենք մեր մասով ներգրավվել և առաջիկայում այս ծրագրերն իրականացնել»։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ողջունելով մարդասիրական հրադադարի մասին որոշումը, հանդիպել է կողմերի հետ։ Որոշ ժամանակ անց կոմիտեն նշել է, որ մարդասիրական գործողությունները հնարավոր կլինի իրականացնել միայն այն դեպքում, եթե հրադադարը պահպանվի ամբողջությամբ․ «Մենք երկկողմանի կերպով փոխանցել ենք իշխանություններին, որ դիակների, ռազմագերիների փոխանակման գործընթացը կիրականացվի բացառապես հրադադարի ամբողջական կիրառման դեպքում։ Գլխավոր նախապայմանը հրադադարն է և անվտանգությունը, որպեսզի աշխատանքները տեղի ունենան։ Ինչ վերաբերում է շրջանակին՝ ինչպես պետք է արվի գործընթացը, արդեն սկսել ենք քննարկել կողմերի հետ, սակայն բուն աշխատանքերին անցնելուն դեռ չենք հասել»․ նշում է Զ․ Ամատունին։
ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը հոկտեմբերի 14-ին հանդես է եկել ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ, որում հստակ անդրադարձել է առողջապահական համակարգին, որն իր անձնակազմով և շտապօգնության ծառայությամբ հանդերձ, գերլարված է աշխատում այս օրերին՝ որոշ տեղերում նույնիսկ ենթարկվելով ուղիղ հարձակումների։ Մարտին Շյուպն իր հայտարարությունն ավարտել է մի կնոջ պատմությամբ․ «Թույլ տվեք խոսքս ամփոփել մի կնոջ պատմությամբ, ով մեզ պատմեց՝ ինչպես էր մանկության տարիներին, մարտերից փախչելով, պատսպարվում նկուղներում և գիշերներն անցկացնում անտառներում։ Գրեթե երեսուն տարի անց նա կրկին ստիպված է նույնն անել, այս անգամ՝ իր փոքրիկ աղջկա հետ, ով դեռ երկու տարեկան չկա, և իր տարեց ծնողների, ովքեր ժամանակին պաշտպանել են իրեն։
Այդպիսի մարդիկ ու պատմությունները շատ են, և հենց հանուն նրանց պետք է հնարավոր ամեն բան անենք՝ աջակցելու նրանց և նպաստելու նշանակալից մարդասիրական գործունեությանը»։
Էլենիտա Սարգսյան
4-րդ կուրս