Ճանաչենք մեր հերոսներին. Մխիթար Գալեյան

Ճանաչենք մեր հերոսներին. Մխիթար Գալեյան

7012

Սեպտեմբերի 27-ին սկսած ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվել է 20-ամյա Մխիթար Գալեյանը, ով ընկերոջ՝ Հայկի հետ կենդանի վահան է դարձել և փրկել մյուս ընկերոջ՝ Արթուրի կյանքը:

Մխիթարը ծնվել է 2000թ.-ի օգոստոսի 17-ին քաղաք Երևանում: Ծառայության ավարտին մնացել էր երեք ամիս:

Այսօրվա զրուցակիցներս Մխիթարի հետ մի ամբողջ մանկություն ու պատանեկություն անցած Գոռ Գուլքանյանն ու Թերեզա Գնունին են:

Երկուսն էլ միաբերան ասում են, որ Մխիթարը համարձակ էր, սրտաբաց, հասուն մտածելակերպով, ուժեղ, շատ նվիրված էր ու ընկերասեր, ընկերներին ինչով կարողանում օգնում էր, եթե մի հարց վերաբերվում էր իր ընկերոջը, ուրեմն իրեն էլ էր վերաբերվում, ամեն ինչի պատրաստ էր հանուն նրանց, ինչը ապացուցեց ռազմաճակատում:

 Թերեզան փաստում է, որ Մխիթարը երբեք չէր նեղանում իրենից. «Ես շուտ էի նեղանում, Մխոն միշտ ասում էր՝ Թեր, ինչի՞ ես քեզնից չեմ կարողանում նեղանալ, բայց դու նեղանում ես»: Թերեզան ժպիտով է հիշում իրենց րոպեներ տևած կռիվները, իր խոսքով՝ նրանք երբեք երկար ժամանակով չեն կռվել:

Գոռը ծիծաղով հիշում է, թե ինչպես էին Մխիթարի հետ Վարդավառի տոնին Թերեզային խաբելով տնից հանում, որ ջրեին, ասում են՝ շատ բան ունեն պատմելու, բայց դրա համար մի կյանքը հերիք չէ:

Գոռը նշում է, որ մականունն էլ ճիշտ էր ընտրված՝ դուխավիկ Մխո, թույլերին միշտ պաշտպանում էր, սիրված էր բոլորի կողմից, ոչնչից չէր վախենում, չէր խուսափում ծառայելուց:

Երբ հետաքրքվեցի, թե ինչ տրամադրվածությամբ է Մխիթարը  գնացել բանակ, Գոռը պատմեց, որ Մխիթարի բանակ զորակոչվելու ժամանակ ինքը արդեն զորացրվում էր, հեռվից է տեսել ընկերոջը, ասում է՝ ինչպես միշտ ժպիտը դեմքին էր, ճիշտ է, չի կարողացել գրկել նրան, բայց ժպիտից հասկացել է, որ ուրախ է: Բանակ գնալուց մեկ օր առաջ երեկոյան Թերեզայի հետ հանդիպել են, շատ չեն զրուցել, բայց ասում է, որ Մխիթարի վճռականությունը նկատելի էր, ասել է՝ պիտի գնամ:

Թերեզան վերջին անգամ իր ծննդյան օրն է խոսել հերոսի հետ, նամակը պահում է, որպես Մխիթարից ստացած ամենավերջին ջերմություն:

Ծառայությունից ոչինչ չի պատմել, բայց ընկերները վստահ են, որ ոչ մի խնդիր չի ունեցել, ասում են՝ շատ նպատակներ ուներ, իր խոսքի տերն էր, եթե մի բան մտքին դնում էր, ամեն գնով հասնում էր դրան:

Թերեզան ժպիտով հիշում է հերթական սեպտեմբերի մեկը, երբ Մխիթարը պնդել է, որ հանդիպեն.

«Էդ օրը, չգիտեմ ինչի, հա պնդում էր, որ հանդիպենք, ես էլ ասում էի՝ մնա մի ուրիշ օր, խոսակցության վերջում ասեց, դե կտեսնես, որ տեսնվելու ենք: Քայլում էի մի աղջկա հետ, մեկ էլ ընկերներին նկատեցի, իրեն չէի նկատել, մեկ էլ իրեն բնորոշ անսահման բարի ժպիտով ասեց՝ տեսա՞ր, որ ասում էի տեսնվելու ենք»:

Ընկերները խորը ցավով, բայց և անասելի ջերմությամբ են խոսում հերոսի մասին, նրանց համար Մխիթարի արարքը զարմանալի չէր, նրանք գիտեն տղայի անսահման ընկերասիրության մասին: Շատ լավ գիտակցում են, որ իրենց ճանաչած Մխիթարը երբեք ընկերոջը անօգնական չէր թողնի: Բայց մեկ է, ասում են՝ տարիներ էլ անցնի, չեն հաշտվելու կորուստի հետ: Անընդհատ սպասում են, որ կհերքվի լուրը ու իրենց ընկերը խոստացածի պես կգա: Թերեզայի խոսքով ՝մահը անգամ չի կարող հաղթել նրան, նրա պես ուժեղ մարդիկ միշտ իրենք են հաղթում:

«Մենք միշտ հիշելու ենք նրան ու կարոտով սպասելու, ախր ասել է, որ գալու է, ասել է՝ սպասի, կգամ սաղ լավ կլինի, ինքը միշտ ինչ ասել, արել է, սա առաջին ու վերջին խոստումն էր, որ չկատարեց»:

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել