ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ

ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ

1753

Ըստ ԱՆ վիճակագրական վերջին տվյալների՝ Հայաստանում տարեկան 1100 կին հիվանդանում է կրծքագեղձի քաղցկեղով:

Երկու տարի առաջ Հայաստանն սկսեց անդամակցել «EUROPA DONNA» աշխարհահռչակ եվրոպական հասարակական կազմակերպությանը, որի հիմնական նպատակն է նպաստել կրծքագեղձի քաղցկեղի մասին հավաստի տեղեկատվության տարածմանն ու փոխանակմանը,  քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացմանը, հետազոտման զարգացմանն ու բուժմանը:

«EUROPA DONNA» հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կազմակերպում է միջոցառումներ, որոնցով նպաստում է ոչ միայն քաղցկեղի մասին իրազեկմանը, այլև ֆինանսական միջոցներ հավաքելուն, որոնք տրամադրվում են անապահով ընտանիքների կանանց:

Մարտի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա  «Դու մենակ չես» խորագրով բարեգործական համերգը, որի ողջ հասույթը կտրամադրվի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող անապահով կանանց: «Համերգը կազմակերպվում է 2-րդ անգամ: Նախորդն անցյալ տարի է եղել, և ստացված ողջ հասույթը տրամադրվել է 14 կանանց, 13-ին՝ դեղորայքի տեսքով, և 1-ին համավճար՝ վիրահատության համար».-ասում է «EUROPA DONNA ARMENIA» ՀԿ ղեկավար Նվարդ Քոչարյանը: Թե այս տարի քանի՞սը կկարողանան օգտվել տրամադրվող օգնությունից, Նվարդ Քոչարյանը դժվարանում է ասել, բայց կան երկու կանայք, որոնց անպայման հասույթից բաժին կտրամադրվի:

Բարեգործական համերգին մասնակցելու են երգիչներ Արամ Սարգսյանը (MP3), Նարե Գևորգյանը, Հայկ Հունանյանը, Տիգրան Քախվեջյանը, Նարեկ Բավեյանը, Սոնա Ռուբենյանը, Արսեն Սաֆարյանը, «Փոքրիկ Նանեներ» և «Արսենալ» պարային համույթները: Կվարեն Լուսինե Բադալյանն ու Արմեն Հայրապետյանը: Համերգի ընթացքում կցուցադրվեն նաև քաղցկեղի մասին իրազեկող և հասարակական կազմակերպության 2 տարվա աշխատանքը ներկայացնող հոլովակներ: Տոմսերի արժեքը 1500-4000 դրամ է:

 

Մարիամ Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել