Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը. Արայիկ Հարությունյան

Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը. Արայիկ Հարությունյան

700

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Շփումը կարճ էր, ընդամենը մեկ օր, բայց շատ տպավորիչ: Նրա համարձակ պահվածքը, լուսավոր ու պայծառ մտքերն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը: Անգամ հասցրինք խոսել հաղթանակից հետո անելիքների մասին: Բայց ծրագրերն անկատար մնացին… 
Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի որպես իսկական հայ ասպետի, որի կատարած հերոսական քայլը կանխատեսելի էր մարտի մեկնելու պահից: Անմահացավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների և հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի… Վշտակցում եմ նրա ընտանիքին և բոլոր հարազատներին: Մարտադաշտում նրա կատարած սխրագործությանը Հայրենիքն արժանի գնահատական է տալիս. Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը: Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին:Հազա՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին: 

Հ.Գ.Կարդացի Մենուայի մոր՝ Կարին Տոնոյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տիկի՛ն Տոնոյան, որպես Արցախի Հանրապետության նախագահ՝ ուզում եմ մեր Հայրենիքի պաշտպանների անունից խոստանալ, որ անպայման կպահենք մեր որդեկորույս բոլոր մայրերի անունից հնչեցված Ձեր պատգամը և թշնամուն չենք զիջի մեր Արցախը»,- գրել է ԱՀ նախագահը։

Կիսվել