«Որդուս ասացի՝ զինվել մարտական»․ Արցախի ազատամարտիկ

«Որդուս ասացի՝ զինվել մարտական»․ Արցախի ազատամարտիկ

1713

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, որին հետևեց ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի հայտարարումը մեր երկրում։ Բազմաթիվ երիտասարդ կամավորներ Հայաստանից և Արցախից շտապեցին զինվորագրվել։ Արցախ ժամանեցին նաև ռուսաստանաբնակ բազմաթիվ հայորդիներ։

Կապ հաստատեցի արցախյան պատերազմի մասնակից, այժմ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակցի՝ Մամիկոն Ալեքսանյանի հետ, ում որդին այժմ առաջնագծում է։

-Ի՞նչ խոսքերով սահման ճանապարհեցիք ձեր որդուն։

-Որդուս ասացի՝ զինվել մարտական։ Պատերազմում հաղթանակի համար առաջին տեղում մարտական ոգին է։ Պատերազմի հենց առաջին օրից ես իմ որդիներին ասել եմ՝ գնացե՛ք առաջնագիծ։ Ավագ որդիս լսեց ինձ։ Այժմ առաջնագծում է։ Ես շատ հպարտ եմ։ Չնայած բացակայությանս՝ ես իմ ֆինանսական ներդնումն ունեմ, բայց իմ որդին ֆիզիկապես է պայքարում ոսոխի դեմ։

-Ի՞նչ վախեր պետք է հաղթահարի զինվորի հայրը։

-Ի՞նչ վախեր։ Ոչ մի վախ։ Վախեր չունենք։ Պատերազմում վախեր չկան։ Միայն հաղթանակ։

-Ռուսաստանահայության արձագանքն ինչպիսի՞ն է։

-Ռուսաստանահայության  արձագանքը շատ դրական է, բոլորը մասնակցում են հումանիտար օգնությամբ։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ մեր երկիրը չունի նավթի, գազի և այլնի պաշարներ։ Դրա համար  պիտի բոլորը՝ ամեն հայ ունենա իր ներդնումը, իր լուման։ Կան նաև մարդիկ, որոնք մեկնում են Հայաստան՝ ֆիզիկական մասնակցություն ունենալու պայքարում։

-Մասնակցել եք արցախյան պատերազմին։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է տարբերվում մերօրյա զինվորն անցած պատերազմի զինվորից։

-Մերօրյա զինվորն իր ունակություններով է շատ տարբերվում։ Իմ որդիների օրինակով կարող եմ ասել, որ յուրօրինակ պայքարելու կամք ունեն, ինչն էլ գալիք հաղթանակի հիմքն է։ Ուզում եմ ասել նաև, որ այս պատերազմի մասին իմ պատկերացումներն ու իմ տեսած պատերազմն էլ են տարբերվում։ Շատ մեծ տարբերություն կա։ 1994թ. մեր ամենամեծ զենքը հրետանին էր և թեթև ավիացիան։ Իսկ սա տեխնոլոգիական պատերազմ է։ Սա շատ բարդ պատերազմ է։ Մենք պատերազմում ենք 90 միլիոն բնակչություն ունեցող երկրների դեմ։ 80 միլիոնը՝ Թուրքիան, որը, ինչպես գիտենք, իր զինուժով ՆԱՏՕ-ում երկրորդ տեղում է։ Սրանք դաժան մարտեր են։ Բայց և հաղթելու ենք:

-Որպես ազատամարտիկ՝ ի՞նչ խորհուրդ կտաք այս պահին ճակատում և թիկունքում կռվողներին։

-Խորհուրդ կտամ ակտիվ մասնակցություն ունենալ՝ ամեն մեկն իր մասնագիտությամբ։ Յուրաքանչյուրս պիտի ներդնենք մեր բոլոր միջոցները, որպեսզի կարողանանք մեր պայքարն իր հաղթական ավարտին հասցնել։

Լուսինե Ալեքսանյան

2-րդ կուրս

Կիսվել