Ճանաչենք մեր հերոսներին. Հայկ Սահակյան (Ռիժիկ)

Ճանաչենք մեր հերոսներին. Հայկ Սահակյան (Ռիժիկ)

6043

Հայկ Սահակյանը ծնվել է 2000 թ.-ի դեկտեմբերի 21-ին քաղաք Երևանում. Բոլորիս կողմից սիրված «Ոսկեգույն հերոսը զոհվել է Հադրութում։ Ընկերոջ՝ Մխիթարի հետ հերոսաբար փրկել Է զինակցի՝ Ալբերտի կյանքը։

Դեպքը եղել է հոկտեմբերի  1-ին, մինչև այդ Հայկենց վաշտը հերոսական մարտեր է մղել, Հայկի մայրը ասում է՝ հրամանատարը շատ մեծ ոգևորությամբ էր խոսում նրանց մասին։

Հայկի մասին հիշողություններով կիսվեց ընկերը (անունը չցանկացավ նշել), ով հերոսի մասին անասելի հիացմունքով է խոսում։

Ասում է՝ Հայկին տանը արև են ասել, իսկ նրանք դրսում՝ Ռիժիկ, անգամ չի հիշում, ո՞վ է առաջին անգամ այդպես կոչել։

Ջիգյարով ու ընկերասեր տղան ամեն ինչ կաներ շրջապատի համար, եթե նույնիսկ իրեն դրանից վնաս լիներ։ Այդ ամենը ապացուցեց ռազմաճակատում։

Ընկերոջ խոսքով՝ Ռիժիկն ամեն ինչում առաջինն էր. «Անգամ լուրն իմանալուց հետո մենք մեր մեջ ասեցինք՝ էս անգամ էլ մեզնից առաջ ընկավ»։

Հիշում է, որ բանակ գնալուց առաջ, երբ արդեն տեղավորվել են ավտոբուսում, ասել է. «Ես ձեր պահապան հրեշտակն եմ»․ ընկերները երբեք դա չեն մոռանա։

Հայկին բնութագրում է որպես քայլող ջերմություն ու ուրախություն. «Բանակ գնալուց առաջ ձեռքը կոտրել էր, եկավ բակ, հետքրքրվեցինք, թե ոնց է պատահել դեպքը, ասեց՝ իմ համար քայում էի, հեռախոսով խաղ էի խաղում, մեկ էլ նոր մարդուկ գնեցի խաղիս մեջ, ոտքս դրեցի լյուկի վրա ու էլ բան չեմ հիշում»։

Ընկերը ասում է, որ շատ հեշտ է ընտելացել բանակին, ասում է՝ երբեք հարմարվելու խնդիր չի ունեցել։  Շրջապատում անգամ ամենաանհետաքրքիր մարդու հետ մի թեմա գտել է ու զրուցել, խոսելիս միշտ ասել է, որ չի թողնում թույլերին նեղացնեն, ոչնչից չի բողոքել։

Միշտ ասել է, երբ գա բանակից, նշանվելու է, ընկերուհին Լուիզան նշում է, որ անգամ նշանի մատանիներն են ընտրված եղել, ու ինքը չի էլ կասկածել, որ հնարավոր է՝ Հայկը չգա…

Ընկեր փաստում է՝ անասելի շատ են սիրել միմյանց..․

Այն հարցին, թե Հայկից նման հերոսություն սպասելի էր, ընկերը առանց կասկածանքի վստահեցրեց, որ եթե հերոսը 10 կյանք ունենար՝ 10-ն էլ այդ պահին նույն ձևով կապրեր։

Հայկի եղբայրը տղա երեխա է ունենալու, ասում են՝ Ռիժիկը վերածնվելու է, միայն թե արժանի լինի հերոս հորեղբորը…

Ցավը ներոսում մի կերպ զսպելով ընկերն ասում է, որ իրենց բան չի մնում, քան հպարտանալ, որ նման ընկեր ունեն…

«Մենք հաղթել ենք ու հաղթելու ենք իր նման հերոս տղերքի շնորհիվ»։

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել