Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօրվա ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ
ողջ օրվա ընթացքում հակառակորդը Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով։
«Ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները։
Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ փոքր բնակավայրեր և ճանապարհային, հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են»,-ասաց Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը նաև նշեց, որ հարավում՝ տարբեր կետերում, տարբեր օջախային հատվածներում, հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք։
«Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստներ։
Հիմնական մարտական գործողությունները ընթանում են համազարկերի, հրետանային միջոցների կիրառմամբ, նվազագույն հետևակի կիրառությամբ, այսօր որոշ հատվածներում ակտիվորեն կիրառվել են օդային հարձակման միջոցները, մասնավորապես դասական, մարտավարական օդուժ»,-ավելացրեց Արծրուն Հովհաննիսյանը։