«ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՈՒՆԵՄ ԻՄ ՀԵՐՈՍՆԵՐԸ. ՄԵԿՆ ԻՄ ԱԶԳԱԿԻՑ ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆՆ Է». ՔԱՌՕՐՅԱ...

«ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՈՒՆԵՄ ԻՄ ՀԵՐՈՍՆԵՐԸ. ՄԵԿՆ ԻՄ ԱԶԳԱԿԻՑ ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆՆ Է». ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՐՏԱԿ ՄԻՐՈՅԱՆ

1939

21-ամյա Արտակ Միրոյանը ծնվել է Կոտայքի մարզի Կամարիս գյուղում: Հաճախել Է նույն գյուղի միջնակարգ դպրոցը: Հայկական բանակ է զորակոչվել 2015 թվականի ձմռանը: Ծառայության առաջին 6 ամիսը անցկացրել է Հոկտեմբերյան քաղաքի Հովհաննես Բաղրամյանի անվան զորամասում, իսկ այնուհետև տեղափոխվել է Ղարաբաղ և շարունակել ծառայությունը Մարտակերտում: Ապրիլյան քառօրյայի ժամանակ ազգությամբ եզդի շարքային Միրոյանը իր զինակիցների հետ բարձրացել էր առջնագիծ, որտեղ էլ մարտի ընթացքում վիրավորվել է: Պարգեւատրվել է «Մարտական Խաչ» շքանշանով:

Արտակ, միգուցե քեզ համար ցանկալի չէ վերհիշել ապրիլյան դեպքերը, բայց խնդրում եմ մի փոքր զրուցենք, թե ինչ տեղի ունեցավ ապրիլի 2-ի գիշերը և հետագա օրերին:

-Ապրիլի 2-ի գիշերը ես դիրքերում չեմ եղել: Առավոտյան տագնապով ենք դիրքեր բարձրացել: Դրանից առաջ ինչ-որ խոսակցություններ էին պտտվում, որ հակառակորդը զինտեխնիկա ու ավելի շատ զինվորներ է կուտակում սահմանին, բայց չէինք պատկերացնում, որ այդպիսի գործողություններ կլինեն: Ծառայությանս ընթացքում շատ կրակոցներ եմ տեսել, բայց ինչ տեսա ապրիլին, իսկական պատերազմ էր:

Ասում են, որ Հայաստանի սահմանը պահող զինվորը վախ չի զգում, իսկ իրականում մի՞թե այդպես է:

-Միշտ էլ վախ կա: Բոլորն էլ վախենում են: Եթե գիտես, որ թշնամին կանգնած է քո դիմաց ու ամեն րոպե կարող է հարձակվել, անհնար է առանց վախի ապրելը:

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Հայաստանից և Արցախից շատ կամավորներ գնացին սահման՝ օգնելու զինվորներին: Որքանո՞վ են օգնում կամավորները ժամկետային զինծառայողներին:

-Առաջին օրերին մեզ մոտ կամավորներ չեն եկել: Սկզբնական օրերին օգնության է եկել զորացրված տղաներից հավաքագրված խումբը (ՄՈԲ): Իսկ հետո եկան նաև կամավորները: Նրանք շատ են օգնում զինվորներին թե՛ իրենց փորձով, թե՛ ներկայությամբ:

Գիտեմ, որ վիրավորվել եք: Կպատմե՞ք, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել:

-Սահմանին կռվելիս մոռանում ես ամիս-ամսաթիվ: Եթե հիմա փորձեմ հիշել, չեմ կարողանա ճիշտ ասել այն օրը, երբ վիրավորվեցի: Միայն հիշում եմ, որ գիշեր էր և կրակոցները չէին դադարում: Այդ ժամանակ էր, որ ստացա բեկորային վնասվածք և տեղափոխվեցի հիվանդանոց: Միայն մի բան կարող եմ ասել. կռվելիս երբեք չես մտածում սեփական կյանքիդ կամ փախչելու մասին: Մտածում ես պայքարել ու պաշտպանել ընկերոջդ կյանքը:

Եզդիները հայերի հետ երկար տարիներ ապրել են կողք կողքի: Սահմանին կանգնած մտածում էիր, որ քո՞ հողն ես պաշտպանում, թե օտարինը:

-Ես ծնվել եմ այս հողի վրա և Հայաստանը իմ հայրենիքն է ծնվածս օրվանից: Հետևաբար ես պաշտպանում էի ի՛մ հողը:

Բանակ գնալուց առաջ կարծում եմ ունեիք կյանքի մասին ձեր պատկերացումները և ապագայի տեսլականը: Պատերազմից և զորացրվելուց հետո ինչոր բան փոխվե՞լ է ձեր հայացքներում:

-Չեմ կարծում որ ինչ-որ բան փոխվել է: Պարզապես սկսել եմ կյանքը ավելի շատ գնահատել և հիմա ապրում եմ ոչ միայն իմ, այլ նաև հերոսի մահով ընկած ընկերներիս փոխարեն: Եվ կա մի բան, որ սովորել եմ պատերազմի ժամանակ. երբեք մինչև վերջ չվստահել որևէ մեկին:

Ապրիլյան քառօրյաին մասնակցած տղաները, այդ թվում նաև դուք, մեզ համար հերոսներ եք: Իսկ ո՞վ է ձեր հերոսը: ( Արտակը մի պահ ժպտաց ու հայացքը խոնարհելով` տխուր պատասխանեց:)

-Անկեղծ եմ ասում՝ մինչև բանակ զորակոչվելը չեմ մտածել նման բաների մասին, բայց պատերազմից հետո ես ունեմ իմ հերոսները: Նրանք երկուսն են. իմ ազգակից Քյարամ Սլոյանը, ով չհեռացավ իր հրամանատարից ու մինչև վերջին շունչը կռվելով հերոսացրեց ոչ միայն իր, այլ նաև մեր ազգի անունը, և Ազատ Սիմոնյանը, ով իմ համագյուղացին էր, իմ հասակակիցը: Ազատը իմ զուգահեռ դասարանից էր, բարի, ընկերասեր ու շատ ուրախ տղա էր, միշտ պատրաստ էր օգնել բոլորին: Հիմա նրանք են իմ հերոսները…

 

Լիանա Եղիազարյան

2-րդ կուրս

Կիսվել