Արցախի անկախության ճանաչման հարցն էականորեն կախված է պատերազմի արդյունքից. Նարեկ Գալստյան

Արցախի անկախության ճանաչման հարցն էականորեն կախված է պատերազմի արդյունքից. Նարեկ Գալստյան

634
Լուսանկարը՝ Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Արցախյան նոր պատերազմի բռնկումից՝ սեպտեմբերի 27-ից վերսկսվել են Արցախի անկախության միջազգային ճանաչման վերաբերյալ քննարկումները։ Թեմայի շուրջ «Journalist.am»-ը զրուցել է Երևանի պետական համալսարանի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Նարեկ Գալստյանի հետ։

Հայաստանի և Արցախի իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են անում ճանաչել Արցախի անկախության և ինքնորոշման իրավունքը։ Ինչքանո՞վ է դա իրատեսական։

Այս պահին խոսել ապագայում հնարավոր փոփոխության մասին դժվար է, որովհետև պատերազմը դեռ ընթանում է, և այս հարցն էականորեն կախված է պատերազմի արդյունքից։ Պետք է արձանագրենք, որ ներկայիս պատերազմը նաև ուղղակիորեն ազդելու է այս հարցի վրա. միջազգային հանրության համար ընդունելի կլինի՞ Արցախը որպես անկախ պետություն ճանաչելը, թե՞ ոչ։ Ուստի, առաջնահերթ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ռազմադաշտում կարողանանք հաղթանակ տանել։ Միգուցե այն ձևակերպվի որպես զինադադար, բայց Ադրբեջանի համար ոչ նպաստավոր և մեզ համար նպաստավոր պայմաններով։ Միանշանակ բանակցությունների սեղանի շուրջ նստելիս ռազմական, ռազմավարական տեսանկյունից պետք է ավելի ամուր դիրքերից հանդես գանք։ Այդ ժամանակ արդեն շատ ավելի հեշտ կլինի այս հարցը առաջ տանելը։ Սակայն, սա մաքուր իրավական պրոցես չէ, որովհետև եթե այն լիներ զուտ իրավական հիմքերով հարց, որը պետք է իրավական տեսանկյունից ճշգրտել, թե արդյոք համապատասխանում է իրավական սկզբունքին, ապա այստեղ խնդիր չէր լինի և վաղուց արդեն ճանաչված կլիներ։ Խնդիրը, բնականաբար, այն է, որ այս՝ բնույթով իրավական հարցը իրականում քաղաքական է։ Քաղաքական է այն առումով, որ այն պետությունները, որոնցից ակնկալում ենք, որ պետք է ճանաչեն Արցախի անկախությունը, տարբեր տեսակի վերաբերմունք ունեն այս հարցի նկատմամբ։ Մի մասը մտահոգ է այն առումով, որ միգուցե դա հենց իր համար վտանգավոր լինի՝ հաշվի առնելով, որ այդ պետությունների ներսում կան նմանատիպ օջախներ, որոնք ձգտում են անկախության։ Մի մասը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և Արցախի ճանաչումը միգուցե էականորեն վնասի Ադրբեջանի և հենց այդ պետությունների հարաբերություններին։ Հետևաբար, առաջին երկու խմբի նշածս պետությունները դժվար թե գնան այդ քայլին։ Եվս մի խումբ պետություններ կան, որոնք ձգտում են տարածաշրջանում պահել որոշակի լարվածություն, ինչը նրանց հնարավորություն է տալիս, օգտագործելով այդ լարվածությունը, մնալ ռեգիոնալ պրոցեսների մեջ։ Այսինքն՝ Արցախի ճանաչումն է, որ պետք է վերջ դնի պատերազմին, վերջ դնի կոնֆլիկտին. ըստ էության կոնֆլիկտի հարցը լուծում է։ Կան նաև պետություններ, որոնց համար ճանաչումը խնդիր չէ։ Կարծում եմ՝ այս պահին, օրինակ, Կիպրոսը, Ուրուգվայը, Սիրիան, Լիբանանը միգուցե պատրաստ կլինեն ճանաչել։

Արցախի միջազգային ճանաչման համար կարևոր է պրոակտիվ արտաքին քաղաքականությունը։ Որո՞նք պետք է լինեն Արցախի արտաքին քաղաքականության թիրախային ուղղությունները։


Իրականում Արցախի ինքնուրույն արտաքին քաղաքականություն չկա և չի կարող լինել. դա պետք է լինի մեկ միասնական հայկական արտաքին քաղաքականություն։ Հնարավոր է՝ միջազգային թատերաբեմում մենք նաև փորձենք օգտագործել երկու պետությունների առկայությունը։ Օրինակ՝ Հայաստանն ասի, որ կքննարկի այս հարցերը, բայց մյուսները պետք է քննարկել Արցախի Հանրապետության հետ։ Եղել են այդպիսի դրվագներ, միգուցե նաև հնարավոր լինի այս պահին դա օգտագործել, բայց ընդհանուր տրամաբանությունը պետք է լինի միասնական, որովհետև, ի վերջո, Հայաստանը միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ է, այսինքն՝ իրավունքի սուբյեկտ է, իսկ Արցախը՝ ոչ։ Հետևաբար, Հայաստանի խողովակները ևս պետք է օգտագործվեն Արցախի կողմից։ Պետք է նաև մտածել, որ հաճախ միգուցե այնպիսի հնարավորություններ, պայմաններ ստեղծվեն, որ մենք խաղանք երկու պետությունների փաստացի գոյության հարցով։ Այսինքն՝ թեկուզ Արցախը ճանաչված չէ, բայց պաշտոնական Երևանը որոշ հարցերում կարող է ինչ- որ պատասխանատվություն ստանձնել, բայց մյուս հարցերը պարտադիր պետք է քննարկվեն Արցախի իշխանությունների հետ։

Պարոն Գալստյան, ըստ Ձեզ, արդյոք Հայաստանը պետք է առաջինը քայլը կատարի՝ ճանաչելով Արցախի անկախությունը։ Մարտավարական տեսանկյունից որքանո՞վ է դա արդարացված։ Ի՞նչ է տալու մեզ Հայաստանի ճանաչումը։

Եթե մենք պատրաստվում ենք շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ, ապա այստեղ հարց է առաջանում. եթե մենք ճանաչեցինք, կոնֆլիկտը համարու՞մ ենք լուծված. Այստեղ, ըստ էության, խնդիրը ստատուսի շուրջ կոնֆլիկտն է։ Եթե ՀՀ-ը ճանաչում է Արցախի անկախությունը, ապա այլևս նա չի տեսնում որևէ հարց` քննարկելու Ադրբեջանի հետ. միանշանակ կարծիքը տալիս է, որ անկախ է և վերջ։ Բայց եթե Հայաստանը պատրաստվում է գնալ բանակցությունները շարունակելուն, ապա այստեղ հարց է առաջանում. եթե դու ճանաչում ես Արցախի անկախությունը, էլ ինչի՞ շուրջ պետք է բանակցես Ադրբեջանի հետ։ Սա արդեն մեր իշխանություններին ուղղված հարց է՝ արդյոք նրանք պատրաստվում են Արցախի կարգավիճակի շուրջ բանակցել Ադրբեջանի հետ։ Եթե գտնում են, որ հիմքեր կան, ապա տեսեք էստեղ ինչ է առաջանում։ Եթե միայնակ է մնալու Հայաստանը ճանաչման պրոցեսում, ապա անիմաստ է դա. ըստ էության, մեզ համար միանշանակ է, որ Արցախն Ադրբեջանից անկախ է։ Այլ հարց է, եթե տեսնենք, որ կա հնարավորություն միջազգային հանրության կողմից ճանաչելու։ Բայց եթե բանակցությունը վարում ենք կոնկրետ ստատուսի շուրջ, այստեղ ուշադիր պետք է լինենք՝ այդ քայլով ինչ ենք ասում։ Ստատուսը եթե ճանաչեցինք Արցախի, այլևս Ադրբեջանի հետ բանակցելու հարց չունենք։ Սա է խնդիրը։ Դրա համար եմ ասում, որ շատ կարևոր է այս պահին ռազմադաշտում արդյունք գրանցելը։ Եթե մենք հաղթում ենք Ադրբեջանին, ըստ էության, հաղթանակը ուրիշ հարցեր էլ է առանձնացնելու. նշանակում է, որ Ադրբեջանի հանրությունը կիմանա այսքան հսկայական ծախսերի և ահռելի թվով զոհերի մասին, բայց ոչ մի արդյունք, կամ չնչին արդյունք։ Դա միգուցե Ադրբեջանի հանրությունը չընդունի, միգուցե դա հանգեցնի նաև Ադրբեջանի ներսում ներքաղաքական անկայունությունների, կամ պառակտում լինի երկրում և այլն։ Եվ դա հրաշալի պայմաններ կստեղծի, որպեսզի շատ արագ Արցախի ճանաչման գործընթացն առաջ տանենք։ Դրա համար ասում եմ, որ այս պահին առաջնայինը ռազմադաշտն է։ Եթե հաղթանակ ենք տանում այնտեղ, մյուս հարցերը ավելի դյուրինանում են։

Աշխարհում ազգերի ինքնորոշման իրավունքի հաջող իրացման ո՞ր օրինակների հետ կարելի է համեմատել Արցախը, ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան։

Մեր փորձագետներից Սոսի Թաթիկյանը նշում է Կոսովոյի և Արևելյան Թիմորի դեպքերը որպես գոյապահպանմամբ պայմանավորված ճանաչման՝ մեզ համար ուսումնասիրելի դեպքեր։ Պարզապես այնտեղ մի քիչ տարբեր է եղել, նրանք փաստացի անջատված չեն եղել, և օգտագործվել է հենց անջատումը։ Մեր դեպքի տարբերությունն այն է, որ մենք արդեն փաստացի անջատ ենք, բայց, միևնույն է, տրամաբանությունը նույնն է. գոյապահպանմամբ պայմանավորված խնդիր է սա, ոչ թե պարզապես ազգերի ինքնորոշման իրականացում։ Կամ պետք է այդ մարդկանց բնաջնջես այդտեղից և տարածքը հանձնես Ադրբեջանին, կամ պետք է ընդունես, որ այդ մարդիկ այլ տարբերակ չունեն, չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում, որովհետև Ադրբեջանի վարած քաղաքականությունը հայասպան քաղաքականություն է։ Մենք տեսնում ենք՝ ինչ են անում։ Այսինքն՝ այստեղ հարցն այն չէ, որ կրակում են, սպառնում են պատերազմով, հարցը այն է, որ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ նրանք իր քաղաքացիներն են։ Բա դու քո քաղաքացիներին ոչնչացնում ես, խախտում ես միջազգային իրավունքը, դու խախտում ես միջազգային իրավունքով կարգավորվող հումանիտար իրավունքը։ Ինչպե՞ս կարելի է պատերազմական հանցագործ պետության հետ մեկ կազմում ապրել։

Ադրբեջանը շարունակում է մերժել արցախյան հիմնախնդրի քաղաքական մեթոդներով կարգավորումը՝ անտեսելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է միջազգային տարբեր կառույցների դիրքորոշումն այս հարցում։

Միջազգային տարբեր կառույցներն իրականում բաղկացած են պետություններից, միջազգային տարբեր կառույցների վերաբերմունքը էականորեն կախված է լինելու իրենց խոշոր անդամ պետությունների դիրքորոշումից։ Օրինակ՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղարը բավական հայանպաստ հայտարարություն արեց։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ֆրանսիան է նրա առաջատար պետությունը, զարմանալի չէ։ Բայց, օրինակ, բոլորովին զարմանալի չէ, որ նույն Եվրոպական Միությունը ոչ մի առանձնապես բան չարեց, որովհետև Եվրոպական Միության ներսում նույն Գերմանիայի դիրքորոշումը այդպես հստակ չձևակերպվեց, կամ Իսպանիայի, Իտալիայի դիրքորոշումները՝ որպես միջին պետությունների, առանձնապես ոչ մի բան չարեցին։ ԵՄ անդամ պետություններից, ըստ էության, Հունաստանը, Կիպրոսը և Ֆրանսիան հստակ արձագանքներ տվեցին, մյուսներն ինչ-որ ընդհանրական ձևակերպումներ արեցին միայն։ Միջազգային կառույցների վրա պետք չէ կենտրոնանալ, պետք է կենտրոնանալ կոնկրետ պետությունների վրա։ Մեզ քանակ է պետք, և քանակի մեջ էլ շատ ցանկալի է, որ որակ լինի։

Ի՞նչ գործնական նշանակություն կարող է ունենալ անկախության ճանաչումը Հայաստանի համար։

Մի քիչ դժվար է պատկերացնել, թե հետոն ինչ է լինելու։ Կարելի է պատկերացնել՝ զարգացման ինչ սցենարներ կլինեն։ Ինչպիսի հարաբերություններ կլինեն հարևան պետությունների հետ։ Շատ բան է փոխվելու մեր աշխարհաքաղաքական միջավայրում։ Իսկապես մեզ համար հաղթանակ-պարտությունը կենաց մահու հարց է։ Շատ վտանգավոր եզր է սա, որ մենք պետք է ամեն կերպ հաղթահարենք։ Իսկ ընդհանուր հեռանկարային տեսանկյունից կարծում եմ՝ բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ Արցախի անկախ կարգավիճակը դիտարկվում է որպես միջանկյան ընթացիկ քայլ դեպի վերամիավորում։ Ամեն ինչը մի կողմ դրած, ռազմավարական, նույն տնտեսական տեսանկյունից Արցախի՝ որպես առանձին միջազգային իրավական սուբյեկտի գոյությունը հիմնավոր չէ, լրիվ առանձին գոյություն ունենալը իմաստ չունի. միևնույն է՝ նա շարունակելու է Հայաստանի հետ սերտ ինտեգրված մնալ։ Բայց որպես միջանկյալ քայլ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրության կողմից ճանաչվի նրա անկախությունը Ադրբեջանից։ Թե հետո մենք ինչ կանենք, դա արդեն մեր գործն է։

Ե՞րբ է հնարավոր խոսել Արցախի և Ադրբեջանի սահմանների ճշգրտման մասին։

Երբ որ առաջնահերթ հստակեցվի կարգավիճակի հարցը։ Կարծում եմ՝ այս պահին հենց կարգավիճակի հարցով էլ պետք է սկսել։ Տարածքային ձեռքբերումներ եթե ունենանք կամ կարողանանք վերականգնել այն սահմանագծերը, որոնք կային մինչև սեպտեմբերի 27-ը, դա էականորեն կարող է փոխել սահմանների հետ կապված հարցերը։ Եթե ոչ, ապա սա արդեն լրիվ ուրիշ թեմա է լինելու։ Դրա համար երբ կարգավիճակը ճանաչվի, այն ժամանկ էլ կարելի է խոսել՝ որտեղով է անցնում Արցախի և Ադրբեջանի սահմանը։ Միգուցե Ադրբեջանի պարտությունից հետո Ադրբեջան պետության տարածքային ամբողջականությունը խախտվի ընդհանրապես, հանրությունը չհամակերպվի այդ կորուստների հետ, բացահայտվի նաև որոշակի խտրական վերաբերմունք երկրի փոքրամասնությունների նկատմամբ։ Վերջերս հրապարակվեց նաև, թե որ երկրից ինչքան է կազմում զոհերի թիվը, և պարզվում է, որ բնիկ ժողովուրդների մեջ շատ ավելի մեծ են զոհերը, քան ադրբեջանաբնակների մեջ։

Այս օրերին աշխարհի տարբեր քաղաքներ, խորհրդարաններ, նահանգներ ճանաչեցին Արցախի անկախությունը և կոչ արեցին իրենց ազգային իշխանություններին նույնպես ճանաչել։ Արդյո՞ք դիվանագիտական ոլորտում մեր աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել նրան, որ աշխարհի պետություններից մեկը ճանաչի Արցախի անկախությունը։

Այս պահին դա ոչ մի ուժ չունի, քանի որ ընդամենը քաղաքներ, ինչ-որ համայնքներ են։ Մեզ համար կարևորը համապետական մակարդակով այս պրոցեսն առաջ տանելն է։ Լավագույն ձևակերպումը ճանաչման տվել է Ժնևը։ Շատ լավ ձևակերպում էր, հիմքում նշվում է ֆիզիկական անվտանգության, գոյապահպանմամբ պայմանավորված անկախությունը, և կոչ էին անում իրենց իշխանություններին նույն հիմքով ճանաչել։ Շվեցարիան շատ հարմար է, միգուցե հենց Շվեցարիայի վրա կարողանանք աշխատել Արցախի ճանաչման ուղղությամբ։ Շվեցարիան առանձնապես կախվածություն Ադրբեջանից չունի և մեծամասամբ որպես ազնիվ միջնորդ միջազգային հարաբերություններում հարմար տարբերակ է այս հարցում ևս նրա հետ աշխատանք տանելու համար։ Համայնքային մակարդակով, քաղաքների մակարդակով այդ ճանաչումները զուտ հանրային ճնշման համար նշանակություն ունեն, բայց դա դեռ քիչ է, մեզ պետք է, որպեսզի ճանաչեն պետություններ, կենտրոնական իշխանություններ։

Հեղինակ՝ Անի Թամրազյան

3-րդ կուրս

Կիսվել