«Թուրքը մեզ երբեք չի կարող հաղթել»

«Թուրքը մեզ երբեք չի կարող հաղթել»

1144

Ռոմելլա և Լենա Բադալյանները Հադրութից եկել են Դիլիջան: Երկուսն էլ տարիքով կանայք են, որոնք ունեն առողջական լուրջ խդիրներ: Ռոմելլան երկու անգամ վիրահատված է, իսկ անկողնային հիվանդ հորը չկարողացան իրենց հետ վերցնել, ստիպված ամուսինն է այնտեղ զբաղվում հոր խնամքով: Երկու տղաները սահմանում են, ծանր մարտեր են տանում հայրենիքի համար:

Ռոմելլա Բադալյանը պատմում է, որ ապրիլյան պատերազմից հետո սթրեսը նրան չի լքել.

-Ապրիլյան պատերազմին քրոջս ինլսուլտ է խփել, ամսի 27-ին, երբ պատերազմը կրկին վերսկսվեց, քրոջս երկրորդ ինսուլտը խփեց, և նա չկարողացավ դիմադրել, մահացավ: Մենք չորս քույր ենք: Սեպտեմբեի 29-ին մյուս քրոջս որդու անունը գտանք զոհվածների ցանկի մեջ` Մելքումյան Վիգեն Արտուշայի:

Վիգենի զոհվելուց օրեր առաջ՝ սեպտեմբերի 3-ին, ծնվել էր նրա երկրորդ երեխան։ Մեծը դպրոց է գնում, հանգիստ բնավորություն ունի ու չնայած փոքր տարիքին՝ կատարվող ամեն ինչը հասկանում է։ Վիգենը՝ որպես լավ զինվորական, տարբեր պարգևատրումներ ուներ: Հարազատներն ասում են, որ նա մեծ մարդասեր էր, աշխույժ ու հարեհաս ընկեր: Հերոսի կինն ու մայրը շատ դժվար են տանում այդ անփարատելի վիշտը: Այսպիսի ընտանիքները, ցավոք, Արցախում շատ են, որոնց հոգսերը բազմաթիվ են, իսկ կորուստները` անդառնալի:

Բադալյանների կողքին Դիլիջանում ապաստան է գտել նույն քաղաքից եկած ժպտերես Սարգսյան Վեներան, ում բարձր ու դրական տրամադրությունը ժպիտ է տալիս ողջ Դիլիջանին: Այստեղ եկել է իր վեց երեխաների հետ, մյուս երեխան էլ` ամենամեծը, առաջնագծում է,

-Դիլիջանում  ամեն ինչ լավ է, մեզ լավ են նայում, այս քաղաքի ժողովուրդը շատ հոգատար է, բայց անհամբեր սպասում ենք` երբ ենք գյուղ գնալու: Մեր գյուղը շատ ենք կարոտել: Դժվար կլինի մեր բնականոն կյանքին վերադառնալը, բայց ամեն գնով պիտի հարմարվենք իրավիճակին:

Կինը պատմում է, որ իր չորս տարեկան զավակը երազում անընդհատ սարսափներ է տեսնում, չգիտի, թե ինչ է անօդաչու թռչող սարքը, բայց ասում է, որ երազում մի սարք մեզ վրա ռումբ է գցում: Ի տարբերություն ամենափոքրի` մնացած երեխաներն արդեն ամեն ինչ հասկանում են, բայց, հետևելով մոր օրինակին, հույսը չեն կորցնում: Աղջիկները նույնիսկ մտածում են Դիլիջանում ընդմիշտ բնակություն հաստատելու մասին:

-Այնտեղ, որտեղ ապրում եմ, բոլորը լաց են լինում, միայն ես եմ ծիծաղում, հարցնում են` ինչու՞ եմ ծիծաղում, ասում եմ` ինչի՞ լաց լինեմ, մեկ է` հաղթելու ենք: Տղաս ինձ խոսք է տվել, ոչ մի վատ բան չի լինելու: Ես էլ տղայիս ամենից շատն եմ վստահում: Ճիշտ է, հիմա վիրավոր է, բայց կարևորը ողջ է և ինձ պատվիրել է չհուսահատվել: Հույսը կորցնել երբեք չի կարելի, լացով էլ ոչինչ չի փոխվի:

Վեներան ասում է, որ կուզեր՝ մարդիկ այդ հարցում իր նման լինեին: Բոլորին խորհուրդ է տալիս լավը մտածել, որ մեր առջև լավը գա:

-Զորքի քանակը նշանակություն չունի: Մենք հաղթանակին հասել ենք, հասնում ենք ու հասնելու ենք, ուրիշ կերպ լինել չի կարող: Թուրքը մեզ երբեք չի կարող հաղթել, – ժպիտը դեմքին ասում է հադրութցի կինը:

Անի Վատինյան

4-րդ կուրս

Կիսվել