Ճանաչենք մեր հերոսներին. Արման Զքոյան

Ճանաչենք մեր հերոսներին. Արման Զքոյան

3103

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյունքում արիաբար զոհվել է Արման Զքոյանը։ Արմանը ծնվել է 1992թ.-ի մարտի 3-ին քաղաք Արթիկում։

Հերոսը սովորել է Մոնթե Մելքոնյանի ռազմական վարժարանում, ապա ուսումը շարունակել է ՌԴ-ում։ 5  տարվա ուսումնառությունից հետո վերադարձել է Հայաստան և աշխատանքի անցել Կապան քաղաքում։

Եղել է վաշտի հրամանատարի տեղակալ, կոչումով՝ լեյտենանտ։ Արմանի հերոսական քայլերի, մարդ տեսակի  մասին զրուցել ենք կնոջ՝ Շողիկի և քրոջ՝ Իրինայի հետ։

Շողիկի խոսքով` նրանք միմյանց ճանաչել են շուրջ 4 տարի։ Ասում է՝ գուցե այդ տարիները քիչ թվան, բայց դրանք եղել են շատ երջանիկ ու լիարժեք։

Կինը փաստում է, որ Արմանը աշխարհի ամենահոգատար ու ամենահարգալից ամուսինն է եղել։

Հերոսը անչափ հայրենասեր էր, կինը պատմում է, որ դրոշը շատ էր սիրում, անգամ ամրացրել էր իրենց ննջասենյակի պատին ու ասել, թե ուզում է միշտ արթնանալուն պես տեսնել այն։

Նման ոգով մեծանում է նաև Արմանի որդին՝ Դավիթը։ Փոքրիկը շատ կապված է եղել հերոս հայրիկի հետ։ «Դավիթս շատ կապված էր հայրիկի հետ, երբ գալիս էր ժամը 7-ը, կանգնում էր դռան դիմաց ու սկսում լացել մինչև Արմանը գալիս էր, հիմա էլ հենց նկարը տեսնում է, պապա ասելով մոտենում ու համբուրում է»։

Արմանը միշտ շեշտել է, որ միայն որդուց հեռու չի կարող ապրել, մնացած ամեն ինչին պարտաստ էր հարմարվել:

Շողիկը հիշեց մի ծիծաղելի դեպք Արմանի հետ կապված. «Մեր տղայի ականջները մի քիչ մեծ են, ինքն էլ էդպիսի մի զինվոր ուներ, մի օր բացեց պատուհանը, ցույց տվեց մեր որդուն և ժպիտով ասեց՝ քեզ էնքան ձեռք առա՝  տղուս ականջներն էլ մեծ եղան» :

Իրինան հավելեց, որ Արմանի հումորը չափ չուներ, ամեն իրավիճակից նա շատ արագ ելք էր գտնում:

Քույրիկի համար Արմանի ամեն խոսքը խրատ է եղել, իրեն միշտ ասել է՝ երբեք չխեղճանաս:

Ասում է՝ Արմանը և մյուս քույրիկը դպրոցում շատ լավ են սովորել ու միշտ բարձր գնահատականներ են ստացել, դրա համար էլ տատիկը գումար է տվել նրանց, իսկ իրենց ոչ:

Արմանը թոռնիկներից ամենասիրելին է եղել։ Իրինայի խոսքով՝ Արմանը հզոր, հայրենասեր ու բարի անհատականություն էր. «Մենք Դավիթին էլ ենք նույն ոգով մեծացնելու, նա կհիշի ու կճանաչի իր հերոս հայրիկին ու կնմանվի նրան»:

Ծառայությունից երբեք չի բողոքել: Սեպտեմբերի 27-ին Շողիկին ասել է՝ հանկարծ չլացես, տղուս դու պետք է տիրություն անես: Կինը փաստում է, որ Արմանը առանց խուճապի, ժպիտը դեմքին դուրս է եկել տանից, առանց որևէ անհանգստության:

Վերջին անգամ հերոսի հետ Շողիկն է խոսել հոկտեմբերի 4-ին. «Երկար խոսել ենք, զինակից ընկերն էր զոհվել, պատմում էր, հուզվել էր»:

Իսկ ընթացքում, երբ խոսել են, միշտ էնպես է արել, որ չանհանգստանան: Անգամ կինը կատակով հարցրել է՝ արդյո՞ք նա կռվի դաշտում է:

Դեպքը եղել է hոկտեմբերի 5-ին: Արմանը հերոսական մարտում մինչև վերջ անձնվիրաբար կռվել է ու միացել Ջաբրայիլի արծիվներին:

Դավիթը հայր ունի ու չի կորցել հորը, ես եղբայր ունեմ, Շողիկն էլ ՝ամուսին, նա մեր մեջ է, մենք բոլորս հերոս ենք կորցրել»…

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել