Պատմության դասեր չսովորողներն այսօր պատմություն են կերտում

Պատմության դասեր չսովորողներն այսօր պատմություն են կերտում

542

Վերջին մեկ ամսվա ընթացքում պատերազմ է, պատերազմ ոչ միայն առաջնագծում:

Այս օրերին ամեն մեկն իր կռիվն է մղում թե՛ սահմանին, թե՛ թիկունքում:

Մեկի պատերազմը տեղեկատվական դաշտում է, մյուսինը` օգնություն հասցնելու, մեկը ամեն օր կամավորության է շտապում, մյուսը` եկեղեցի: Ամեն մեկի պատերազմը տարբեր է, բայց նույնն է նպատակը: Փողոցները այս օրերին մարդաշատ են, բայց աղմուկն է քչացել, մարդիկ լուռ են, դիմակն էլ չի օգնում աչքերի թախիծը ծածկել: Ինչքան էլ աչքերը տխուր են, բայց խոսքերն ավելի քան ոգևորող են և տրամադրվածությունը` հաղթական:

Հարցին, թե որն է իրենց մղած պատերազմը այս օրերին, մեր անցորդները տվեցին ամենատարբեր պատասխաններ:

Արևելագետ Լիլիթը վստահ է, որ չի սխալվել մասնագիտության ընտրության հարցում:

-Այս օրերին թարգմանություններ եմ անում, փորձում եմ աշխարհին հասանելի դարձնել այն, ինչ կատարվում է մեր երկրում:

Տասնյոթամյա Գուրգենն էլ ցանկացել է կամավորագրվել, բայց տարիքը թույլ չի տվել:

-Շատ էի ուզում գնալ, մեր տղաների, եղբայրներիս կողքին լինել, բայց մեկ տարի ուշ եմ ծնվել (ժպտում է):

Քսանամյա Նարեն էլ կամավորական աշխատանքներ է անում, իր խոսքով չի կարողանում տեղում հանգիստ նստել:

-Անընդհատ հետաքրքրվում եմ` որտեղ են կամավորներ պետք, որտեղ են նոր հավաքատեղիներ բացվել, ու միանգամից գնում եմ իմ փոքր օգնությունը ցուցաբերելու, ինքնս էլ ամեն անգամ ինձ հետ մի բան տանում եմ` հագուստ, դեղորայք, սնունդ, այն, ինչի կարքիը կա:

Մասնագիտությամբ  ուսուցիչ  71-ամյա տիկին Ռուզաննան էլ թոշակն է ամբողջությամբ փոխանցել հիմնադրամին:

-2 տարի ավել աշխատեի դպրոցում ստաժս ավելի շատ կլիներ, ավելի շատ գումար կկարողանայի փոխանցել , մեր հերոսներին էլ ավելի երկար դաս կտայի( կատակում է):

Իր խոսքով՝ նոր սերնդին «անուն դնողներից» մեկն էլ ինքն է եղել, բայց հիմա ավելի քան վստահ է`  նորը գերազանցել է հնին:

Եվ, իրոք, պատմության դասեր չսովորողներն այսօր պատմություն են կերտում. նոր դասագրքերը ավելի ծավալուն և հաղթական իրադարձություններով հագեցած են լինելու, վստահ եմ:

Գոհարիկ Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել