«Զինադադար-հրադադար». արցախցի զինվորականի ընտանիքում զույգ որդիներ են ծնվել

«Զինադադար-հրադադար». արցախցի զինվորականի ընտանիքում զույգ որդիներ են ծնվել

1598

«Զինադադար և հրադադար». կատակով հենց այսպես են անվանում արցախցի զինվորական, մայոր Առուշան Ավանեսյանի ընտանիքում լույս աշխարհ եկած զույգ որդիներին: Բարեկամներն են այդպես ասում: Իրականում նրանց Լևոն և Նարեկ են անվանել: Երեխաների մայրիկի հետ խոսել դեռ չի ստացվել: Իսկ զինվորական հոր ոգևորությունն այքան մեծ է, որ բոլորին զանգահարում և ասում է՝ զինվորիկնե՜րս ծնվել են։ «Անբացատրելի է, ինչ բառերով էլ որ ասեմ, այն չի, ինչ զգում եմ, բայց որ մեջս շատ բան է փոխվել, դա հաստատ»,- հուզմունքը չթաքցնելով՝ Journalist.am-ի հետ զրույցում ասաց հայրը:
Առուշան Ավանեսյանը այս ընթացքում հայրենիքին ծառայելու իր պարտականություններն էր կատարում, բայց մարտերում բեկորային վնասվածքի պատճառով այժմ վերականգման փուլում է:
«Բժիշկների հետ կռիվ էր տալիս, թե պրծեք, հանեք սրանք, ես գնում եմ։ Երբ հարցրինք՝ հիմա էլ ես պատրաստ գնալու, պատասխանեց՝ օր առաջ: Երբ հարցնում ենք՝ բա տղերքդ, ասում է՝ հենց իրանց համար պիտի գնամ»,- պատմեց նրա զարմուհին` Իննա Բաբայանը։ Փոքրիկները ընտանիքի առաջին զավակներն են։
«Դժվարություններ ենք միշտ հաղթահարել և համոզված ենք՝ իրանց հետ մեր բաղձալի հաղթանակն է գալու» ,- եզրափակում է երեխաների զինվորական հայրը՝ Առուշան Ավանեսյանը:

Նյութում օգտագործված լուսանկարը խորհրդանշական է:

Հեղինակ՝ Ջուլիետա Խաչատրյան

Կիսվել