ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

16553

Երաժշտությունը մեզ ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում։ Այն հանգստացնում է, ուրախ տրամադրություն պարգևում, իր հետ բերում հիշողություններ, մոտիվացնում աշխատանքը։

«Ով որ երաժշտությամբ զբաղվում է, նա ավելի բարի է, նրա մեջ դեպի գեղեցկությունը վերաբերմունքը լրիվ այլ է»,- ասում է Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և ավելացնում,- «երբ լսում ես լավ երգ, վատ արարքներ չես գործում։ Ինչպես գրված է Աստվածաշնչում․ մի սպանիր, մի խաբիր, լավ մեղեդին թույլ չի տալիս վատի մասին մտածել, հոգին հարստանում է»։

«Երաժշտությունը կարող է ազդել նույնիսկ ամենացածր ինտելեկտ ունեցող մարդու վրա։ Մի փորձի ժամանակ կալանավորվածին ստիպել են, որ լսի դասական երաժշտություն, տարիներ հետո, երբ դուրս է եկել բանտից, սովորել է 7 լեզու և գրություն թողել 20-րդ դարի փիլիսփայական ուղղությունների` մասնավորապես Նիցշեյի մասին»։

Հոգեբան Արմինե Վահանյանի խոսքով՝ այն ինչ մենք սովոր ենք լսել, գալիս է դաստիարակությունից և սոցիալական միջավայրից։

«Ընտանեկան դաստիարակության մեջ շատ ենք կարևորում գեղագիտական դաստիարակությունը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կրթվել են դասական երաժշտությամբ, ունեն ուղեղի բարձր զարգացվածություն։ Կրթել երեխային երաժշտությամբ չի նշանակում ստիպողաբար անել, քանի որ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Մարդը պարտադրված չպիտի լսի, այն պետք է լինի նրա բնական ցանկությունը։ Այդ պատճառով պետք է այնպես անել, որ երեխան սիրով լսի, օրինակ, կարելի է փոքր տարիքից տանել պատարագ լսելու»։

Արամ Սաթյանը ոգևորվածությամբ նշում է, որ իրենց գերդաստանում 7 կոմպոզիտոր կա և հետաքրքիրն այն է, որ նրանցից ոչ մեկը մյուսին նման չէ, ամեն մեկը ստեղծագործում է իր ոճով։

Դեռևս մեր նախնիները հասկացել են, որ չծնված երեխային պետք է կրթել, ընդգծում է հոգեբանն ու ավելացնում, դասական երաժշտությունը օգտակար է ոչ միայն փոքր երեխաների, այլև դեռ չծնվածների համար: Մոցարտի մեղեդին շատ լավ է ազդում հղիների հոգեկան վիճակի կարգավորման վրա։ Նյութափոխանակությունը սկսում է արագանալ, մարսողությունն է լավանում, բոլոր ֆունկցիոնալ գործողությունները կարելի է կարգավորել։

Չկարծեք թե բոլոր երաժշտական ժանրերը նույնքան օգտակար են. օրինակ ծանր ռոքը ոչ միայն աղավաղում է ջրի մոլեկուլային կառուցվածքը, այլև բացասաբար է անդրադառնում մարդկանց վրա։

Հոգեբան Արմինե Վահանյանի խոսքով` փոքր տարածքում ռոք լսելը հավասար է ինքնասպանության, մեր ձայնային միջին ընկալումը 50-60 դեցիբել է, իսկ ռոքինը 100-ից ավելի է։ Երբ մարդն անդադար ռոք է լսում, նրա ներսում չի դադարում արտադրվել ադրենալին, մարդու ուղեղից ջնջվում է որոշակի ինֆորմիացա: Ունենում ենք հոգեբանական հետաճ․ մարդը վերածվում է կենդանական տեսակի։

Հայ ժողովուրդն այսօր ունի ավելի մեծ խնդիր` ազգային մշակույթն աղավաղելը։

Խնջույքների ժամանակ, տանը, սրճարաններում ու խանութներում այնքան է տարածվել արաբական և թուրքական մելիզմներով անհասկանալի երաժշտությունը, որ հայ ազգային երգին անծանոթ մերօրյա երիտասարդները նախընտրում են արտասահմանյան երգեր՝ ամաչելով ու մերժելով հայկականը, քանի որ այն այսօր ընկալվում է որպես ռաբիզ, մուղամ։ Իսկ ոմանք հպարտանում են մեր 6/8 կատարողներով և պնդում, որ այն էլ եղել է դեռ հնուց, և դրանով է մեր ազգը հայտնի։

«Ոտքի,՛ հայ ժողովուրդ: Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»,- ֆեյսբուքյան իր էջում գիտակից հանրությանը կոչ էր անում ՀՀ վաստակավոր արտիստուհի Հասմիկ Պապյանը։

Հոգեբան Ալբերտ Նալչաջյանը նշում է, որ այսպիսի և զանազան այլ օտար ներխուժումները կարող են բերել նրան, որ ազգը փոխվի, նրա ինքնապաշտպանական ուժերը թուլանան: «Վճռական պահերին մենք, հնարավոր է, այն եռանդը չկարողանանք ցուցաբերել, որը պետք է հաղթանակի հասնելու համար»:

Մարդու կյանքում շատ կարևոր դեր ունի հոգևոր երգը։

Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Թովման անկեղծանում է, որ հոգևորականը բացի նրանից, որ Աստծո ծառայող է, ինչ որ չափով նաև երգիչ է, քարոզիչ է, հոգևոր բժիշկ է: Երգեցողությունը հոգևոր հայրերի ծառայության բաղկացուցիչ մասն է կազմում։

«Երաժշտության մասին կա մի հետաքրքիր պատմություն Աստվածաշնչի առաջին թագավորաց գրքից։ Թե ինչպես հովիվ Դավիթը, որ հետագայում դարձավ թագավոր, մեղմում  էր չար Սավուղի հոգին, հանում էր նրանից չարությունը։ Դավիթի երգը նրա հոգում  բարերար ազդեցություն էր ունենում։ Երաժշտությունը մեզ տալիս է խաղաղություն, իսկ խաղաղությունն ամենակարևոր բանն է, քանի որ Աստված խաղաղություն է և սեր։ Չկա խաղաղություն և սեր` չկա Աստված»։

 

Անի Ավագյան

2-րդ կուրս

 

Կիսվել