Կապանում կամավորական աշխատանքները շարունակվում են

Կապանում կամավորական աշխատանքները շարունակվում են

512

Կապանի դրամատիկական թատրոնի նստատեղերի վրայով փռված են քողարկացանցեր։ Դրանք գործում են ամեն օր այստեղ եկող կամավորները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում ժամ առաջ իրենց արտադրանքը տղաներին ուղարկելու համար։ Արդեն մեկ շաբաթ է կամավորները գործում են մարտիկների համար այդ խիստ անհրաժեշտ հանդերձանքը:

Ռիման վստահ է, որ տանը անիմաստ նստելով և լուրեր լսելով՝ հաստատ օգուտ չի տա: Ասում է, որ առաջնագծում ծանոթ-բարեկամ շատ ունի, և նրանք պարտադիր պետք է իմանան, որ թիկունքն ամուր է:

Օրական չորս ցանց  լիովին լաթապատում են և ուղարկում ճակատ: Վստահ են, որ տղաները դրանք լիարժեք կօգտագործեն և հաղթանակից հետո հետ կբերեն:

Օրական մոտ 50 հոգի զբաղվում են այդ աշխատանքով միայն թատրոնում, սակայն Կապանի մի շարք դպրոցներում, մանկապարտեզներում, այլ թաղամասերում ևս կատարվում են աշխատանքները:

Սուսաննան պատերազմի սկզբից ընդգրկվել է կամավորական շարժման մեջ, գործը սիրով է անում, ասում է, որ երբեմն ստացվում է կտրվել իրականությունից, մոռանալ, որ պատերազմի համար է այս ամենը: Տիկին Անուշն էլ ամեն կերպ փորձում է իր լուման ներդնել՝ կամավորություն անելով: Ամեն օր արթնանում է և ինքն իրեն հարցնում, թե ինչ է արել այսօր մեր տղաներին օգնելու համար:
Տվյալ տեղամասում առաջնագիծ ուղարկելու  համար ընդունում են նաև սնունդ, հագուստ և առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաև օգնում են Արցախից եկածներին:

Կամավորները օր ու գիշեր լարված աշխատում են՝ համոզված լինելով, որ իրենց գործով մոտեցնում են հաղթանակը:

Սոնա Սողոմոնյան

4-րդ կուրս

Կիսվել