Նայեցի զինվորի դեմքին ու հասկացա, որ չօգնելու իրավունք չունեմ. 20-ամյա Սերինեի հուշերն...

Նայեցի զինվորի դեմքին ու հասկացա, որ չօգնելու իրավունք չունեմ. 20-ամյա Սերինեի հուշերն առաջնագծից

2160

Պատերազմից օրեր առաջ էր, երբ 20-ամյա ուսանող-լրագրող Սերինե Աղաբեկյանը նյութ գրեց գնդապետ Աիդա Սերոբյանի մասին, որի հետ ծանոթացել էր շատ պատահական՝ իր ընկերուհու միջոցով:
«Երբ տիկին Աիդան սկսեց պատմել իր մասին, շատ էի ոգևորվել: Նա միայն բուժքույր կամ բժիշկ չի եղել, հավասարապես կռվել է: Սա էր շատ ոգևորող: Ինձ դուր էր եկել նաև այն, որ տիկին Աիդան իր տեսակով մարդ էր մնացել, որովհետև անգամ ադրբեջանցի զինվորների էր օգնել»,- ասում է Սերինեն: Պատմելու ընթացքում Սերինեի աչքերը ոգեւորությունից փայլում են: Ասում է՝ այդ հանդիպումից հետո պինդ գրկել է Աիդա Սերոբյանին ու հպարտացել, որ ճանաչում է նման մարդու: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: Սերինեն տեսնում է Աիդա Սերոբյանի տարածած հայտարարությունը, որում նշված էր, թե պետք են առաջին օգնություն ցույց տվող մարդիկ՝ Արցախ մեկնելու համար: Կապ է հաստատում գնդապետի հետ ու ասում՝ ես կգամ:
«Այդ ժամանակ ինքն ինձ ասաց՝ լա՞վ ես մտածել, ջանիկ: Ես էլ ասացի՝ չէ, մի հատ մտածեմ, հետո կասեմ»,- հիշում է Սերինեն: Ի վերջո, դրական պատասխան է տալիս:

«Որ ես ասել էի՝ մտածեմ, նոր կասեմ, իրեն թվացել էր, թե ծնողներիս հետ պիտի խոսեմ: Բայց շատ լավ հասկանում էի, որ ծնողներս չէին թողնելու գնամ, որովհետև գաղտնիք չի՝ այնտեղ զոհվելու վտանգը մեծ է»,- ասում է նա: Միայն քրոջն ու եղբորն է ասել, որ կամավորագրվել է ու գնալու է շուտով, բայց չեն հավատացել, հումորի են վերածել՝ ասելով՝ դու այնքան գործ չես անում, որ եթե քեզ տանելու լինեն, թող միանգամից թշնամու մոտ տանեն, էնքան նյարդայնացնես՝ իրենք իրենց սպանեն: Մի քանի օր անց հնչում է սպասված զանգը. Սերինեին կանչում են՝ Արցախ մեկնելու:
«Այդ պահին կասկած մտավ իմ մեջ: Ինքս ինձ հարցնում էի՝ ի՞նչ եմ անելու կամ ո՞նց եմ անելու, բայց արագ հավաքվեցի, ինքս ինձ ասացի՝ կանգնի՛ր, ու հարցրի՝ դու՞ ես որոշել, քո՞ որոշումն է եղել, ուրեմն տեր կանգնիր քո որոշմանը»,- Սերինեն մտաբերում է պահի լրջությունը: Հաջորդ առավոտ նա վերցնում է իրերը, առանց հարազատներին հաջողություն մաղթելու գնում է հավաքատեղի:

«Այնտեղ, երբ արդեն տեսել էի տղաներին, ովքեր կամավորագրվել էին, ես պատկերացնում էի՝ նրանք վիրավորվեն, ես պիտի լինեմ, որ օգնեմ, մոտս պատասխանատվության զգացում էր առաջացել»,- ասում է նա: Երբ ստացել է հագուստը, այնքան ծանր է եղել, որ հրամանատարն է այն վերցրել ու դրել մեքենայի մեջ:
«Ու ինքնս ինձ մտածում էի՝ լավ, բա ոնց պիտի էդ հագնեմ, եթե բռնել չեմ կարողանում»,- հիշում է Սերինեն: Մինչ մեկնելը արդեն մտերմացել էր Մարիի, Սուրենի և մի քանի հոգու հետ, ովքեր հետագայում միշտ նրա կողքին են եղել, ասում է՝ մարտական ընկերությունը տարբերվում է։

Մեքենան շարժվում է, ուղղությունը՝ Արցախ՝ Ստեփանակերտ: Հաջորդ օրն էլ Ստեփանակերտից շարժվում են դեպի Արցախի գյուղերից մեկը, որտեղ պետք է մնար ու օգնություն ցույց տար խումբը: Նրանց հետ են եղել նաև երգիչ Արսեն Սաֆարյանը եղբոր՝ Արթուր Սաֆարյանի հետ: Սերինեն պատմում է, որ բոլորի համար ամենահաճելի պահերից էր, երբ Արսեն Սաֆարյանը երգում էր: Հիշում է՝ մի անգամ կարտոֆիլ մաքրելու համար սուր դանակ է փնտրել, ու երգիչ Արսեն Սաֆարյանի եղբայրը ասել է՝ գնա Արսեն Սաֆարյանի դանակն ուզի: Ասում է՝ շատ սուր, մեծ ու ընտիր դանակ էր, հաճախ էր խնդրում այդ դանակը ու մի օր էլ պարզել է, որ դա վիկինգների դանակ է:

«Սկզբի օրերին մենք տեղանքն էինք մաքրում, դեղերն էինք դասավորում, քանի որ աթոռների վրա էինք քնում, իրար էինք միացնում աթոռները: Ունեինք թեթև վիրավորներ, նրանց էինք օգնում: Մեկ-մեկ գնում էինք խոհարարին օգնելու, որ հասցնի ամբողջ զորքի համար հաց սարքել»,- պատմեց Սերինեն: Այսպես շարունակվել է մինչև այն պահը, երբ եկել է առաջին հերթափոխը, որի ժամանակ ունեցել են 6 ծանր վիրավոր:
«Ես պիտի առաջին օգնություն ցույց տայի մի զինվորի, որի ոտքերը խաշվել էին: Դա իմ առաջին փորձն էր, ինքս շատ զզվող մարդ եմ եղել, պիտի բատինկաների մեջ մի քանի օր մնացած ոտքերը բացեի ու մշակեի, բացի այդ՝ կյանքումս չէի տեսել նման խաշված ոտքեր: Բայց նայեցի զինվորի դեմքին ու հասկացա, որ իրավունք չունեմ չանելու, ես եկել եմ, որ օգնեմ»,- նշեց Սերինեն:

Այդ օրերին Սերինեի համար մեծ բացահայտում է եղել հրամանատար Միշա Թադևոսյանը, ով մարտի դաշտ է գնացել իր երկու տղաների հետ:
«Ինքը գնում էր տղերքին հավասար պոստեր էր պահում ու արկերի, ռումբերի ձայների տակ բոլորին թխվածքաբլիթ էր բաժանում, որ սոված չմնան: Ամեն օր բարձրանում էր առաջնագիծ՝ իր հետ տանելով սնունդ, ջուր, դեղորայք, ինքն ինձ համար կերպար էր»,- հիացմունքով պատմում է Սերինեն ու հավելում, որ քանի դեռ ունենք նման հրամանատարներ, որոնց համար զինվորի կյանքը թանկ է ամեն ինչից, մենք չենք պարտվի երբեք:

Յուրաքանչյուր հերթափոխն ընդունելը մի մեծ քննություն է եղել աղջկա համար: Նախ նայել՝ ամբողջակա՞ն է կազմը, թե՞ ոչ, հետո բոլորին պինդ գրկել ու շտապ անցնել գործի՝ առաջին օգնություն ցույց տալ: Մի օր էլ հրամանատար Թադևոսյանին խնդրել է՝ ինքն էլ դիրքեր բարձրանա: Հրամանատարն էլ, իմանալով, որ լրագրող է Սերինեն, խոստացել է տանել իր հետ, որ լուսանկարներ անի: Եվ կատարել է խոստումը։
«Ես գիտեի, որ տղերքը դիրքերում ամեն ինչ էլ ունեն, բայց գրպաններս լցրել էի կոնֆետներով, որ բաժանեմ իրենց, էդպես իմ խիղճն ավելի հանգիստ կլիներ»,- դիրքեր բարձրանալը հիշում է Սերինեն: Ասում է՝ երբեք չի մտածել ո’չ վիրավորվելու, ո’չ էլ զոհվելու մասին: Գիտակցել է, որ անհնար չէ վիրավորվելը կամ զոհվելը, բայց համոզմունք է ունեցել, որ իր հետ չի պատահի:

«Արդեն դիրքերում էինք, գիշեր էր, պարոն Թադևոսյանն ասաց՝ պետք է քնենք, ասաց՝ ինքը չի քնի, որ ես կարողանամ հանգիստ քնել: Պառկել էի, երբ սուլոցի պես շատ ուժեղ ձայն եկավ, օդում թեթև կրակի հետ ծուխ երևաց ու շատ ուժեղ գմփոց: Դա ասռաջին պայթյունն էր, որ այդքան մոտիկից տեսա ու լսեցի: Էլ քնել չկարողացա: Կյանքիս ամենաերկար ու զզվելի գիշերն էր: Մենք երեք օրով հրադադար հաստատելու առաջին օրն էինք բարձրացել դիրքեր, քանի որ հրադադար էր, ես գիտեի՝ չպիտի կրակեն, բայց իրենք ռմբակոծում էին»,- հիշում է նա: Մտքում հաշվել է վայրկյանները՝ մեկ, երկու, երեք, չորս…. վաթսուն, հետո՝ հաջորդ վաթսունը, հաջորդը, ու այդպես անցնում էին րոպեները, որոնց հետ լույսն էր գալու: Առավոտյան Սերինեն գնում է զինվորներին նկարելու, երբ ընթացքում լսվում է գիշերվանից արդեն ծանոթ դարձած սուլոցի ձայնը, որին հաջորդելու էր անտանելի պայթյունը: Ու ամեն պայթյունից հետո մտածելու էր, թե ում կյանքը տարավ այս մեկը:
«Բայց տղերքը հիմնականում ձեռք էին առնում, ասում էին՝ արա, սրանք էլի ծուռ կրակեցին: Այնտեղ ոչ մեկը հուսալքված կամ վախեցած չէր: Էն որ ասում են՝ էդ արկերի ձայների տակ ինչ են անում, ես տեսա, որ մի արկի ձայնը 60 հոգու մոտ ծիծաղ է առաջացնում: Միգուցե դա պաշտպանական ռեակցիա է, բայց այդպես էր»,- պատմում է Սերինեն: Մեկ ժամ անցնելուց հետո նույն հոգեվիճակն ինքն է ունեցել. սկսել է ծիծաղել թշնամու շեղ արձակած արկերի վրա, գուցե նաև նրա համար, որ այս մեկն էլ իրենց չհասավ:

Դիրքերից իջնելիս էլ ձորով են գնացել: Պատմում է՝ ամբողջ ձորը ռմբակոծված է եղել: Եթե օրեր առաջ այդտեղ կանաչով էր ծածկված, ապա ամբողջն արդեն սև էր: Եվ տպավորություն է ստեղծվել, որ միտումնավոր ռմբակոծել են արոտավայրերը, մշակելի հողատարածքները: Այդ ճանապարհին կոտրված զինտեխնիկայի ինչ-որ հատված է ընկել ոտքերի տակ: Ինքն էլ վերցրել է ու անգամ տուն բերել: Տեսել է նաև հրթիռներր, որոնք ընկել են ու չեն պայթել:
«Հետո նստեցինք մեքենան, որ գնանք գյուղ, ու ինձ թվում էր, որ ամեն ինչ նորմալ է ինձ հետ: Բայց երբ տեղ հասանք, զգացի, որ ուզում եմ լացել, բայց չեմ կարողանում: Երազում էի, որ լացեմ, մի քիչ թեթևանամ, բայց չէր ստացվում: Երեխեքից մեկն ինձ նուռ տվեց, որ ուտեմ, ես վերցրի նուռը, երկար նայեցի ու մտածում էի՝ արդյոք ես իրականության մեջ եմ, արդյոք էս ձայները, էս ամեն ինչը ես եմ տեսնում ու լսում: Ես ընդամենը 10 օր էի այնտեղ, բա ո՞նց են ապրում, ի՞նչ են անում էնտեղի բնակիչները»,- ասում է Սերինեն:

Պատմում է, որ գյուղում տղամարդիկ են մնացած եղել, ովքեր հերթափոխով գնացել են դիրքեր ու եկել: Եղել են նաև ծերեր, ովքեր ոչ մի կերպ չեն համաձայնել գյուղից դուրս գալ: Ասում է՝ լավ հարևանություն են արել գյուղացիների հետ: 20 օր անց եկել է խումբը, որ պիտի փոխարիներ նրանց. վերադառնալու ժամանակն էր: Ճանապարհի կեսից, երբ հասել են Եղեգնաձոր, Սերինեի հայրը դիմավորել է աղջկան ու տուն տարել: Այս ամբողջ ընթացքում ընտանիքը ոչ մի կերպ չի ընդունել ու չի համակերպվել Սերինեի որոշման հետ: Անգամ ասել են՝ մամադ լավ չի, շտապ օգնություն են կանչել: Բայց գիտակցել է՝ ամեն ինչ արել են, որ վերադառնա: Ասում է՝ հարազատների հետ ամեն անգամ խոսելիս մեղավորության զգացում է ունեցել, խուճապի զգացցողություն ունեցել:

«Ես բոլոր տնեցիների համարները գցեցի սև ցուցակ, որովհետև գիտեի, որ եթե իրենք զանգեն ու ինձ հետ խոսեն, ես անհանգիստ եմ լինելու, իմ խիղճը հանգիստ չի լինելու»,- նշեց նա: Հիմա Սերինեն ավելի անհանգիստ է, երբ վերադարձել է՝ անորոշություն է, երբ չգիտես՝ ինչ վիճակ է այնտեղ, ինչ է կատարվում, երբ քեզ մնում է միայն սպասել լուրի: Ծիծաղելով պատմում է, որ հիմա, երբ տնից 2 րոպեով դուրս է գալիս, ամբողջ ընտանիքը զանգում է, որ իմանա՝ ուր է Սերինեն: Նա խոսք է տվել ընտանիքին, որ այլևս չի գնալու: Հարցին՝ կպահի՞ խոստումը, Սերինեն խորամանկորեն ժպտաց ու ասաց՝ չգիտեմ:

Լուսանկարները վերցված են Սերինե Աղաբեկյանի անձնական արխիվից:

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել