Ճգնաժամային իրավիճակները մարդկանց մեջ նոր որակներ և հատկություններ են ձևավորում

Ճգնաժամային իրավիճակները մարդկանց մեջ նոր որակներ և հատկություններ են ձևավորում

1414

Պատերազմական իրավիճակով պայմանավորված `շատերի առօրյան փոխվել է, էմոցիոնալ դաշտը դարձել էլ ավելի զգայուն: Ռազմական դրության ընթացքում տագնապի զգացողությունն ինչքան էլ որ սովորական լինի, միևնույն է` կարող է ներազդել մարդու հոգեբանական  և ինչու ոչ ` առողջական վիճակի վրա: Այս օրերին տիրող հոգեբանական լարվածության և դրա հաղթահարման մասին զրուցել ենք «Հարմոնիա» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Աշխեն Մկոյանի հետ:

-Պատերազմական օրերին ինչպե՞ս կարող ենք կառավարել հույզերը:

-Առաջին հերթին պետք է գիտակցել հույզերը, հնարավոր չէ կառավարել այն, ինչը չես ճանաչում։ Երբ կարողանանք սեփական էմոցիաները ճանաչել և ընդունել, արդեն կկարողանանք դրանց վրա ազդել, այսինք՝ կառավարել։ Կարևոր է հաշվի առել նաև այն, որ էմոցիոնալ անհարմարավետությունը, տագնապելը ստեղծված իրավիճակում լրիվ նորմալ է։ Ընդունեք դա և փորձեք գտնել այն կառավարելու տարբերակներ։ Իսկ դրանք կառավարելու տարբերակներ շատ կան։

-Ի՞նչ մեթոդներ կարող են կիրառվել հուզական ծանր իրավիճակներում՝ լարվածությունը մեղմելու համար:

-Ամենաարագը սեփական շնչառությունը կարգավորելն է։ Ոչինչ ձեր վիճակը այդքան արագ չի փոխում, ինչպես շնչառությունը։ Կարևոր է վերդառնալ սովորական շնչառությանը: Դանդաղ խորը շնչել և դանդաղ արտաշնչել: Ուշադրություն դարձնել, թե ինչպես է օդը մտնում թոքեր, ինչպես է մարմինը թուլանում, և շնչառությունը դառնում հանգիստ: Եթե կարողանաք գիտակցորեն աշխատել շնչառության հետ, որոշ ժամանակ անց այն կդառնա ինքնակարգավորման շատ օգտակար սովորություն, որը կարող եք օգտագործել ցանկացած իրավիճակոմ: Կենտրոնացեք նրա վրա, ինչ կարող եք անել դուք։ Դուք չեք կարող դադարեցնել պատերազմը, բայց կարող եք ձեր աշխատանքը լավ կատարել, կամավորությամբ օգնել տարբեր խմբերի, էմոցիոնալ աջակցություն տալ շրջապատողներին։ Երբեմն շեղվեք իրականությունից։ Օրվա ընթացքում գոնե մի քանի րոպե վերացարկվեք իրականությունից և կետրոնացեք ձեզ համար հաճելի մտքերի, գործի վրա։ Հավատացեք՝ դա եսասիրություն չէ այս իրավիճակում, այլ անհրաժեշտություն։ Հնարավորինս ֆիզիկապես ակտիվ եղեք։ Շատ շարժվեք, ֆիզիկական վարժություններ արեք։

-Որդեկորույս մայրերի կամ առհասարակ, հարազատ կորցրած մարդկանց հետ ինչպե՞ս պետք է խոսել, որպեսզի նրանց էլ ավելի չցավեցնել:

-Ամենակարևոր բանը, որ կարող ենք անել, ուղղակի լինել նրանց կողքին, երբեմն լուռ լսել նրանց, եթե կցանկանան՝ խոսել։ Հնարավորինս զգույշ լինել մեր հուզական դրսևորումներում, հետևել մեր վարքին, նույնիսկ մեր խոսքին, ժեստերին։ 

-Այս օրերին ինֆորմացիոն հոսքը բավականին շատ է, ինչպե՞ս և ի՞նչ չափով պետք է ստանալ այդ ինֆորմացիան, որպեսզի զերծ մնալ տրավմատիկ ճնշումներից:

-Բնական է՝ դժվար է ընդհանրապես չհետևել այդ ինֆրոմացիոն հոսքին, ինֆորմացիայի պակասը ևս առաջացնում է անորոշություն, որը տագնապի առաջին պայմանն է։ Բայց այն կարող է նաև իսկապես էմոցիոնալ մեծ ճնշում առաջացնել, հատկապես որ համացանցի միջոցով շատ արագ ու հեշտությամբ են հույզերը տարածվում։ Աշխատենք հնարավորինս կառավարել, թե որտեղից ենք ստանում ինֆոն, ստուգենք աղբյուրները, հետևենք միայն պաշտոնական աղբյուրներին։ Եվ ամենակարևորը, պահպանել քննադատական վերաբերմունքը ստացած յուրաքանչյուր տեղեկատվության վերաբերյալ։ Օրվա ընթացքում գոնե վերցնել դադարներ, երբ չենք կարդում ոչ մի ինֆո, կենտրոնանաք մեր առօրյա գործերի վրա։ Մեր առօրյա ռեժիմին հետելով հստակ ժամանակ հատկացնենք տեղեկատվությունը կարդալուն և գոնե քնելուց առաջ աշխատենք մի փոքր այլ թեմաների վրա կենտրոնանալ։ Մշտական լարվածությունը կարող է հյուծել մեզ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, ուստի՝ ինքներս մեզ հետևելը ևս շատ կարևոր քայլ է, որ յուրաքանչյուրս կարող ենք անել։

-Ի՞նչը կփոխվի մարդկանց մեջ պատերազմից հետո:

-Բնականաբար  վերականգնողական մեծ փուլ է սպասվում մեզ բոլոր առումներով՝ սկսած տնտեսականից մինչև հոգեբանական, և դա դեռ մեզանից շատ ջանքեր է պահանջելու։ Եթե այն դիտարկենք որպես ճգնաժամային իրավիճակ, ինչպես և բոլոր ճգնաժամային իրավիճակները մարդկանց մեջ նոր որակներ և հատկություններ են ձևավորում։ Իսկ քանի որ պատերազմը բազմաշերտ երևույթ է, ամեն մեկի համար այն տարբեր նշանակություն և ազդեցքություն կարող է ունենալ։ Հասարակական գիտակցության վրա ևս, կարծում եմ, կտեսնենք այդ նոր որակը։

Օֆելյա Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել