ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը․
Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ այսօր առավոտից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները, վարձկանները, հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով, օջախային հարձակումներով՝ տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաև օդային հարձակողական միջոցներ, մարտավարական օդուժ։
«Ըստ էության, ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ չնայած տեղի ունեցած մարտական գործողություններին։ Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են»,- հավելեց Հովհաննիսյանը։
Նա նշեց նաև, որ դեռ բազում անակնկալներ կան սիրիացի վարձկանների մասին․
«Ինչքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և կիրառությունը մարտական գործողությունների համար։ Մենք շատ լավ գիտենք և տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների՝ որտեղ, որ տեղամասում, ինչպես են նրանց առաջադրանքներ տալիս, ինչ խնդիր են փորձում նրանցով լուծել։ Պետք է ասել, որ նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնական հույսը մնացել են այս վարձկանները»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
«Մենք շատ լավ հասկանում ենք Թուրքիայի ներգրավվածության, Թուրքիայի մասնակցության մասին՝ թուրքական բանակի բարձրաստիճան ղեկավարության և քաղաքական ղեկավարության այցելությունները Բաքու և հակառակը ինչ նշանակություն ունեն։ Մի քանի անգամ ասել եմ, որ փաստացի Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հանձնված է թուրքական բանակին, Թուրքիայի Գլխավոր շտաբին, և այս պահին ինչ-որ առումով Ադրբեջանի Զինված ուժեր այլևս գոյություն չունեն»։
ՊՆ ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ դեռ 2020թ․ ամառվա գործողություններից հետո, երբ Ադրբեջանի բանակը խայտառակ արդյունքներ դրսևորեց, Թուրքիան անցավ գործի՝ իր ձեռքը մաքսիմում վերցնելով Ադրբեջանի ԶՈՒ-ի կառավարումը։ «Այս պատերազմի ընթացքում շատ ու շատ ադրբեջանցիների կողմից, ինչպես նաև միջազգային փորձագետների կողմից հիացմունքով նշվող Ադրբեջանի ռազմական բացառիկ ցուցանիշները, օդային հարձակման միջոցները, հետախուզական միջոցները, ԱԹՍ-ները և տեխնիկական, նորարարական բաղադրիչը ոչ մի կապ չունեին Ադրբեջանի հետ․ դա ավելի շատ թուրքական է, իսրայելական է և հիմնականում թուրքական ԶՈՒ-ի կառավարման ներքո է, որը հիմնականում ամառվա խայտառակությունից սկսեց ակտիվանալ Թուրքիայի շնորհիվ»։
Հովհաննիսյանը նշեց, որ թշնամու տեխնիկական առավելությունը ևս երկար չի տևելու, այս ուղղությամբ ևս Ադրբեջանի՝ արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանը անակնկալներ են սպասվում առաջիկայում։
«Մենք պատրաստ ենք ու գիտենք, որ փորձելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականացնել»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։