ԱՆՎԵՐՆԱԳԻՐ ԳՈՐԾԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԻ ԱՆԿԵՂԾ ՄՏՔԵՐԸ

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ ԳՈՐԾԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԻ ԱՆԿԵՂԾ ՄՏՔԵՐԸ

1658

Արվեստում իր առաջին քայլերը դեռ մանկության շրջանում սկսած Արա Օհանյանն այսօր խեցեգործ, նկարիչ ու քանդակագործ է։ Նա վստահ է՝ արվեստի մեջ ամենակարևորը անկեղծությունն է, քանի որ միայն այդ ժամանակ է, որ ստեղծածը պիտանի է լինում մարդկանց։ Ինչպես նա է ասում, արվեստն իր համար մի աշխարհ է, որտեղ չես կարող խաբել. «Միայն այստեղ դու կարող ես ուզածիդ չափ անկեղծ լինել ինքդ քեզ հետ»:

 

– Ո՞րն է Ձեզ համար առավել հոգեհարազատ` նկարչությունը, խեցեգործությունը, թե՞ քանդակագործի աշխատանքը։

– Թեև 4 տարեկանից նկարչությամբ եմ զբաղվել, այնուամենայնիվ այսօր ինձ համար հոգեհարազատ եմ համարում խեցեգործությունը։ Այն իր մեջ արվեստի գրեթե բոլոր ուղղություններն ունի՝ նկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, դիզայն։ Բացի այդ, կավի հետ աշխատելիս ներքին հանգստություն եմ ունենում ու երբեք ինձ մենակ չեմ զգում․ ոնց որ ընկերներ լինենք։ Կավը կամակոր է, շատ էներգիա վերցնող, բայց նույնքան էլ վերադարձնող։ Սա ինձ շատ է դուր գալիս։

-Ձեզ համար ո՞րն է ավելի կարևոր՝ ստեղծագործելու ընթա՞ցքը, թե՞ արդյունքը։

-Ընթացքը։ Հենց սրա մեջ է ստեղծագործական աշխատանքի ողջ հետաքրքրությունը։ Այդ ժամանակ ես կավին կյանք ու հոգի եմ տալիս։ Որ այդ պրոցեսն ավարտվում է, ասես ամեն ինչն է ավարտվել, ասելիքդ սպառվել է, մտքերդ հօդս են ցնդել, ու ներսումդ դատարկությունից բացի ուրիշ ոչինչ չկա։ Կան արվեստագետներ, որոնց համար ամենակարևորը սիրուն արդյունքն է։ Սակայն մեր օրերում շատ են ընկնում «սիրուն» բառի հետևից։ Իմ կարծիքով այդ «սիրուն»-ն ազնիվ չէ, ու հարկավոր չէ ընկնել դրա հետևից․ արվեստն անազնիվ բաներ չի սիրում։

– Այս դեպքում Դուք ի՞նչն եք կարևորում։

– Հոգեվիճակը։ Յուրաքանչյուր բան ստեղծելուց առաջ արվեստագետն իր հոգուն պետք է լսի, հասկանա, թե ինչ է ասում։ Չէ՞ որ արվեստը հոգու ճիչն է, մարդու երևակայության ու պատկերացումների արդյունքը։

-Ունե՞ք այնպիսի մի աշխատանք, որն ամենից շատն եք սիրում։

-Ո՛չ։ Ես իմ բոլոր աշխատանքներն էլ սիրում եմ, բոլորն էլ իմն են, ու ես եմ նրանց շունչ տվել։ Դա նույնն է, որ քո երեխաների միջև տարբերություն դնես ու ասես՝ այս մեկին ավելի շատ եմ սիրում։

-Ձեր աշխատանքներն ուսումնասիրելիս նկատում ենք, որ բոլորն անանուն են, ինչու՞ չեք վերնագրում։

-Չեմ ցանկանում իմ աշխատանքներին անուններ տալ։ Երբ վերնագրում ես, մարդու դիտողական միտքը կաղապարի մեջ ես դնում։ Նայելով քո աշխատանքներին՝ մարդիկ դրա մեջ սկսում են վերնագրի իմաստը փնտրել ու կենտրոնանում են դրա վրա։ Ըստ իս՝ անվերնագիր թողնելը ճիշտ մոտեցում է։

-Մեր օրերում դժվար չէ՞ արդյոք խեցեգործությամբ գումար վաստակելը։

-Հեշտ բան չկա (ժպտում է) ։ Չես հարստանա այս գործով, բայց հաստատ սոված էլ չես մնա։

-Եվ վերջում․ ի՞նչ խորհուրդ կտաք ապագա արվեստագետներին։

-Ամենակարևորը՝ անկեղծ լինեն իրենք իրենց հետ, լսեն իրենց հոգու և սրտի ձայնն ու հասկանան՝ ինչ են ասում։ Ցանկացած բան ստեղծելիս շունչ հոգի դնեն դրա մեջ, որ արդյունքն անպետք չլինի։ Ուզում եմ, որ եկող սերունդը չթողնի, որ արվեստը, մասնավորապես խեցեգործություը կորչի, առանց այն էլ վերջերս նկատել եմ, որ արվեստի այս ուղղությունը գնալով մարում է։ Պետք է ամեն կերպ պահպանել հայկականը, որ մեր պապերից ենք ժառանգել։

 

Հարցազրույցը` Տաթև Գևորգյանի

2-րդ կուրս

Կիսվել