Բոլոր սրբերի գիշերը՝ Հելոուին

Բոլոր սրբերի գիշերը՝ Հելոուին

484

Հոկտեմբերի 31-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Հելոուինը։ Տոնի  ծագումը կապված է սկանդինավյան վիկինգների հետ։ Նրանց կարծիքով՝ հոկտեմբերի 31-ի գիշերը մեռածները կարող էին քայլել երկրի վրա և շփվել ողջերի հետ, վնասել նրանց։ Ուրվականներից խուսափելու, նրանց վախեցնելու համար վիկինգները հագնում էին սարսափելի հագուստներ։ Նրանք կարծում էին, որ այդպես ուրվականներն իրենց յուրայիններ կհամարեն ու չեն վնասի։

Արդեն 5-րդ դարում Հռոմի Պապ Գրիգորի երրորդը որոշեց նոյեմբերի մեկը դարձնել սրբերին պարտվելու օր՝ այն անվանելով «Բոլոր սրբերի օր»։ Դրան նախորդող գիշերը կոչվում էր «Բոլոր սրբերի գիշեր» (All Hallows eve), ապա՝ Հելոուին։ Ի տարբերություն տարածված կարծիքի, թե Հելոուինը «սատանայի տոնն է», այն իրականում չարիքը վանելու և չար ուժերին խաբելու տոն է։

Հելոուինն ավելի մեծ շուքով նշում են ԱՄՆ-ում և Կանադայում, բայց այն տարածվում է նաև այլ երկրներում։ Այս տոնից անմասն չի մնացել նաև Հայաստանը։ Արդեն մի քանի տարի մեր երկրում նշվող Տոնի մասին կարծիքները միանշանակ չեն։ Եթե Հելոուինը նշողների համար սա պարզապես զվարճանալու առիթ է, ապա մյուսների կարծիքով՝ այն ազգային դիմագծից զրկող և քրիստոնեական արժեքներին հակասող երևույթ է։

Հոգևորից զատ առկա է նաև տոնի ընկալման հոգեբանական կողմը։ Ըստ հեգեբան Սաթեն Գրիգորյանի՝ տոնն ունենում է բացասական հոգեբանական ազդեցություն։ «Հելոուինը տոն է, որը վտանգում է երեխաների հոգեկերտվածքի զարգացումը, ստեղծում մտացածին իրականության պատրանք, որի այդպիսին չլինելը միայն հասուն անձինք են ունակ հասկանալու, բայց ոչ երեխաները։ Հելոուինի ժամանակ իրենց կերպարների ներքո մարդիկ անում են բաներ, որ «դիմակահանդեսից» դուրս երբեք չեն անի, – ասում է հոգեբանը և հավելում,- կընդունենք Հելոուինը թե ոչ, յուրաքանչյուրս մեզ համար ենք որոշում, սակայն մի բան հստակ է․ մենք պատասխանատվություն ենք կրում մեր սերունդների համար»։

Մեր մյուս զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, արդեն մի քանի տարի է՝ մասնակցում է տոնին։ «Տոնը հնարավորություն է տալիս լիարժեք ուրախանալու։ Ընկերներով մեզ համար կերպարներ ենք ընտրում, կատակում, երբեմն փորձում ենք հասկանալ, թե կերպարի տակ ով է իրականում։ Ես ոչ մի բացասական բան չեմ տեսնում տոնը նշելու, օրը հետաքրքիր ու տարբերվող ձևով անցկացնելու մեջ։ Շատերն ասում են, որ այս տոնը հայկական չէ, ուրեմն օտար է մեզ, բայց ինչպես Հելոուինը, Վալենտինը ևս հայկական չէ։ Ուրեմն ինչո՞ւ Վալենտինը նշողներին չեն մեղադրում, իսկ մեզ մեղադրում են։ Եթե խնդիրը կերպարներն են, ես էլ կարող եմ ասել, որ ոչ ոք մի քանի ժամ ուրվականի հագուստ հագնելուց հետո ուրվական չի դառնում։ Մեզ՝ տոնը նշողներիս համար սա ուղղակի զվարճանալու առիթ է», – ասաց մեր զրուցակիցը։

Օֆելյա Արսենյան

2-րդ կուրս

Կիսվել