Հաղթանակի մասնիկը՝ N 184 ավագ դպրոց

Հաղթանակի մասնիկը՝ N 184 ավագ դպրոց

1692

Երևանի Սերո Խանզադյանի անվան N 184 ավագ դպրոցն ակտիվորեն կամավորական աշխատանքներ է կատարում։ Նախաձեռնողը եղել է դպրոցի տնօրեն Մարիամ Կիրակոսյանը՝ համաձայնեցնելով ուսուցիչների հետ։ Պատերազմի հենց հաջորդ օրվանից երեխաներն ու ուսուցիչները մի բռունցք են դարձել և համախմբված հավաքել են զինվորներին անհրաժեշտ իրեր։ Մի ամբողջ մեծ արկղ էլ քաջալերող նամակներ են գրել և ուղարկել Աստղիկ բժշկական կենտրոն՝ վիրավոր քաջերին։ Մեզ հետ զրույցում երեխաներն ասացին, որ մեծ սիրով են աշխատում, քանի որ քաջ գիտակցում են, թե ինչի համար են անում այս ամենը։ 11-րդ դասարանցի մի աղջիկ էլ նշեց, որ հաճույք ու մեծ բավականություն են ստանում, քանի որ այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքը։

Կամավորական աշխատանքներին մասնակցում են հիմնականում 10-րդ դասարանցիները, քանի որ բարձր դասարանցիները չեն կարողանում հաճախ գալ դպրոց՝ պայմանավորված միասնական քննություններով, բայց այնուամենայնիվ փորձում են համատեղել դասերն ու կամավորական աշխատանքը և թեկուզ մի փոքր բանով ձեռք մեկնել մյուսներին։

Այն հարցին, թե մինչ այժմ որքան են հասցրել օգնել սահմանի տղաներին, աշակերտուհիներից մեկը պատասխանեց. «Ինչով կարողացել, օգնել են բոլոր դասարանների աշակերտները․ և՛ սնունդ, և՛ հիգիենայի պարագաներ և թե դեղորայք։ Ամենը գեղեցիկ դասավորել ենք արկղերում, ցանկացողները նույնիսկ նամակներ են գրել, և ուղարկել ենք սահմանի տղաներին»։

Մեկ այլ աշակերտ էլ հավելեց, որ դասարաններից հավաքված գումարով կտոր և ցանց են գնել և այժմ քողարկման ցանցեր են գործում։ Արդեն 4 քողարկման ցանց են ուղարկել սահման։

Երեխաներն ու ուսուչիցներն այնքան ոգևորված են մասնակցում աշխատանքներին, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝  նույնիսկ մի քանիսին հետ են ուղարկում։ Բոլորն էլ սիրով են աշխատում՝ մեծից մինչև փոքր։ Ուսուցչական կազմը նույնպես ակտիվորեն մասնակցում է։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Առաքելյանն ասաց, որ հրաժարվել են իրենց պարգևավճարներից և հավելավճարներից՝ գումարը փոխանցելով հիմնադրամին։ Նա նաև նշեց, որ իրենց դպրոց են ընդունվել Արցախից եկած մի քանի աշակերտներ, որոնք ապահովվել են գրենական պիտույքներով։ Վերջում էլ ավելացրեց, որ մինչև այժմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին են փոխանցել 3 միլիոն դրամ։

Ալվարդ Բաղդասարյան

2-րդ կուրս

Կիսվել