Պատերազմը վատ բան է, բայց պատճառ չէ, որ մենք դադարենք ապրել ու...

Պատերազմը վատ բան է, բայց պատճառ չէ, որ մենք դադարենք ապրել ու հաղթանակներ տանել․ Նաիրի Հոխիկյան

1050

Պատերազմը սկսվելուց հետո շատ կամավորներ մեկնեցին Արցախ՝ ոչ միայն կռվելու, այլև թիկունքում նույնքան կարևոր օգնություն ցուցաբերելու համար։ Լրագրող Նաիրի Հոխիկյանը Արցախ էր մեկնել ոչ որպես լրագրող՝ պատճառաբնելով, որ այս պայմաններում մասնագիտությունն արդեն երկրորդ պլան է մղվում։
«Հոկտեմբերի առաջին օրերին պարզ դարձավ, որ Արցախում կա նաև ոչ մարտական ծառայության կարիք։ Այսինքն՝ կազմակերպել ստացվող ռազմական և հումանիտար բեռի տեղաբաշխումը, նաև Արցախի տարբեր բնակավայրերում օգնել տեղական իշխանություններին։ Հենց այդ նպատակով ստեղծվեց մեր կամավորական խումբը»,- ասում է Նաիրի Հոխիկյանը։

Նրա խոսքով՝ Արցախը, առավել ևս մարտադաշտը շատ ավելի կայուն ու կազմակերպված է, քան թիկունքը։
«Մինչև Արցախ մեկնելը ինձ տարբեր տեղերից վստահեցնում էին, թե տեսնելու եմ քարուքանդ եղած Ստեփանակերտ ու Շուշի, բայց դա չտեսա։ Այո, Արցախի գրեթե բոլոր բնակավայրերը վնասներ կրել են, շատ վնասներ, բայց դրանք չեն վերածվել ավերակների կույտի։ Արցախի քաղաքներն ու գյուղերը շնչում են, ապրում, թեկուզ ժամանակավորապես ապաստարաններում, բայց ապրում են, կյանք կա այնտեղ։ Կարևոր է, որ թիկունքում հասկանան՝ կյանքը Արցախում շարունակվում է, դժվարությամբ, լարված, բայց կյանք կա, պայքարող կյանք է այնտեղ»,-ընդգծում է Հոխիկյանը։

Նա նաև նշում է, որ Արցախում ապրողների կենսուրախությունն ամեն օր զարմացնում է իրեն։
«Ես ամեն օր  զարմանում եմ Արցախով։ Մարդկանց կենսուրախությունն էր ինձ հաճելիորեն զարմացնում։ Զարմացնում էր այն, որ ռումբերի պայթյունների արանքում որոշում էին դուրս գալ՝ մաքուր օդին սուրճ խմելու։ Այդպիսի բան միայն հայերը ու հատկապես արցախահայերը կարող են անել։ Կյանքի նկատմամբ սերը նրանց մոտ անսահման է»,– ասում է նա։

Նաիրի Հոխիկյանը հայերին կոչ է անում զինվորագրվել առանց վախենալու․
«Մարդկանց մոտ տպավորություն է, թե Արցախ կռվելու մեկնողը մեռնում է։ Այդպես չէ։ Ես մեկ անգամ գնացի, առաջադրանքս կատարեցի և վերադարձա։ Շուտով մեկնելու եմ արդեն մարտական ծառայության։ Որքան վախենում ես զոհվելուց, այնքան շուտ կգա այն։ Լսել եք՝ «գնդակը վախենում է քաջից» արտահայտությունը։ Իրավամբ, դա շատ արդիական է։ Պետք է քաջ լինել, կամավորագրվել ու մեկնել Արցախ՝ մեր մյուս հայրենակիցներին օգնության»:

Հոխիկյանը չի մանրամասնում՝ ինչ խնդիրներ են լուծել այնտեղ, քանի որ դրանց մի մասը եղել է գաղտնի։ Դեպքերից առանձնացնում է հացի արտադրամասի վերականգնումը.
 «Առավել կարևոր էր Ստեփանակերտի հացի արտադրամասի վերականգնումը, որը դարձել էր թշնամու հարձակման թիրախ, և մեր խմբի վրա դրվեց այնտեղ եղած տեխնիկան տեղափոխել անվտանգ վայր՝ Արցախում հացի արտադրությունը վերականգնելու համար։ Դա շատ վտանգավոր էր՝ հաշվի առնելով, որ թշնամին շարունակում էր թիրախավորել այդ կառույցը, բայց կար նաև Արցախի բնակիչներին և բանակին հացով ապահովելու անհրաժեշտություն, ուստի պետք էր դա անել, և մենք արեցինք։ Կեսգիշերն անց սկսեցինք աշխատանքը, ընթացքում նկատվեցինք թշնամու ԱԹՍ-ի կողմից, ենթարկվեցինք հրթիռային հարձակման, բախտի բերմամբ, մեզ հաջողվեց ողջ մնալ և ավարտին հասցնել առաջադրանքը»։

Չնայած բոլոր խնդիրներին, Նաիրի Հոխիկյանը  Արցախից նաև դասեր է վարում  ուսանողների համար՝ նրանց ստիպելով ավելի ինքնավստահ և համառ լինել։
«Գիտեք, երբեմն լինում են պահեր, որ քեզ թվում է՝ անզորությունից ծնկներդ պիտի ծալվեն ու ընկնես։ Բայց այդ պահին անմիջապես գլուխ է բարձրացնում պայքարելու, մինչև վերջ գնալու, համառության միտքը։ Այ, հենց այդ միտքն է, որ իմ ուսանողներին փորձեցի փոխանցել Արցախից՝ մղելով ավելի ինքնավստահ լինելուն։ Պատերազմը վատ բան է, բայց պատճառ չէ, որ մենք դադարենք ապրել ու հաղթանակներ տանել։ Իսկ հաղթելու համար պետք է լինել համառ և աշխատասեր»,-ասում է նա։

ԱՀ կրթության և գիտության նախարար Լուսինե Ղարախանյան․

Որպես վերջաբան Նաիրի Հոխիկյանն ասաց․
«Մենք խնդիր ունենք ամեն ինչով պահելու Արցախի հողը՝ լինի զենքով, թե այլկերպ։ Ուրախ եմ, որ Արցախ առաջին կամավորական այցին հնարավոր եղավ մի փոքր օգտակար լինել»:

                                                                                           Արփի Ալավերդյան
  3-րդ կուրս

Կիսվել